Բրաբիոն` խաղաղության ծաղիկ


«Բրաբիոն ֆլորա սերվիսի» կազմակերպած իններորդ միջազգային փառատոնը խորհրդանշական խորագիր էր կրում` «Բրաբիոն` խաղաղության ծաղիկ»: Փառատոնին մասնակցում էին մի շարք երկրներ, որոնք նախկինում հակամարտել էին և ունեին, մեղմ ասած, ոչ այնքան ջերմ հարաբերություններ. Ռուսաստան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան, Իրան: Երկրները ներկայացնում էին ֆլորիստները և երգիչները: Ժյուրիի կազմը նույնպես ընտրված էր վերոհիշյալ երկրներից: Միջոցառմանը մասնակցում էին բազաթիվ հյուրեր` եվրոպական տարբեր պետություններից` զինվորականներ, պատգամավորներ, հասարակական գործիչներ, հոգևորականներ և այլն: Անդրանիկ հանդիպումը գնդապետ Կ. Մարգարյանի հրամանատարությամբ գործող զորամասում էր, որտեղ հյուրերին առաջինը դիմավորեց ծաղկազարդ տանկը: Հայ, թուրք, ադրբեջանցի, ռուս, վրացի, իրանցի ֆլորիստների և հայ զինվորների ձեռքերով զարդարված զինտեխնիկան, ինչպես նշեցին հանդիպման մասնակիցները, աշխարհն առանց պատերազմի տեսնելու երազանքի մարմնավորումն էր: Այնուհետև հյուրերը ճաշեցին զինվորների հետ, շրջեցին զորամասում, ծանոթացան հայ զինվորի կենսապայման ներին ու առօրյային: Նրանց կարծիքով` զորամասում կային բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի հայ զինվորն ապրի բարեկեցիկ, հոգա բոլոր կենցաղային կարիքները, հմտանա իր զինվորական մասնագիտության մեջ և նվիրումով կատարի հայրենիքը պաշտպանելու սրբազան պարտքը: Այնուհետև հանդիպման մասնակիցները դիտեցին զինվորների ցուցադրական ելույթը: Հայկական բանակի զինծառայողները վրացի, թուրք, ադրբեջանցի, ռուս, իրանցի, ինչպես նաև արտերկրներից հրավիրված հյուրերին ներկայացրին իրենց հմտություններն ու գիտելիքները: Հանդիպումն անցավ ջերմ ու առինքնող մթնոլորտում: Կեսօրին «Բրաբիոն` խաղաղության ծաղիկ» փառատոնի մասնակիցներին ընդունեց Վեհափառ Հայրապետը: Նա ողջունեց տարածաշրջանի երկրների համերաշխությանն ու խաղաղությանը ուղղված ջանքերը: Հյուրերը եղան նաև Վեհարանի թանգարանում: Փառատոնը սկսվեց երեկոյան: Հայ, ադրբեջանցի, ռուս, վրացի, թուրք, իրանցի ֆլորիստները ծաղկազարդեցին տարբեր կենցաղային իրեր` օրորոց, վրան, մանղալ, սեղան, տաղավար, ինչպես նաև թնդանոթ և միացյալ ուժերով կառուցեցին իրենց «բակը»` որպես տարածաշրջանի խորհրդանիշ: Ասելիքը մեկն էր` թող տարածաշրջանը լինի այնտեղ ապրող բոլոր ազգերի խաղաղ ու անվտանգ հայրենիքը: Թող իշխեն սերը, բարությունը: Ծաղկազարդ թնդանոթը մնաց բակում և խորհրդանշեց անցած հակամարտությունները անցյալում թողնելու և այլևս չկրկնելու գաղափարը: Հանդիսատեսը խանդավառությամբ և ծափողջյուններով ընդունեց տարբեր երկրներից ժամանած արտիստների ելույթը, դիտեց Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի մշակույթը ներկայացնող տեսանյութեր: Ելույթ ունեցան նաև Հայրենական պատերազմին մասնակցած տարբեր ազգերի վետերաններ: Հիշեցին, թե ինչպես էին Խորհրդային Միության տարբեր ազգերի ներկայացուցիչները միասին պայքարում ֆաշիզմի դեմ, ինչպես էին եղբայրաբար կողք-կողքի մարտնչում հանուն հայրենիքի: Նրանք շեշտադրեցին այն միտքը, որ մենք հարևաններ ենք Աստծո կամոք ու ճակատագրով և պարտավոր ենք խաղաղ գոյակցել, պարտավոր ենք լուծել բոլոր խնդիրները և ապագա սերնդին կտակել խաղաղ ու ապահով հայրենիք: «Բրաբիոն ֆլորա սերվիսը» իր ամենամյա ազգային մրցանակը, որը նախատեսված է հայկական արվեստում մեծ ավանդ ունեցող ազգային գործչի համար, հանձնեց գրող Պերճ Զեյթունցյանին: Հաջորդ օրը փառատոնի մասնակիցներն ու հյուրերը եղան Արագածում, Գառնիում, Սևանում, Երևանի տեսարժան վայրերում: Նրանք Հայաստանից հեռացան ջերմ զգացողություններով ու վառ տպավորություններով: Իսկ որ ամենակարևորն է` յուրաքանչյուրի սրտում մնաց տարածաշրջանը խաղաղ տեսնելու և դրկից ազգերի հետ բարեկամաբար գոյակցելու մեծ ցանկությունն ու հավատը, որ գեղեցկությունը, բարությունը կօգնեն հասնել փոխըմբռնման և կանխել բոլոր հակամարտություններն ու տարաձայնությունները:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ