ՊԱՇՏՈՆ` ԸՍՏ ՎԱՍՏԱԿԻ


 

ՕԵԿ քվոտայով քաղաքաշինության նախարար նշանակված Սամվել Թադևոսյանն այս օրերին հայտնվել է շատերի ուշադրության կենտրոնում: Պատճառն այն է, որ, ըստ շրջանառվող լուրերի, նա պաշտոն է ստացել` «մուծվելով» Արթուր Բաղդասարյանին: Նորաթուխ նախարարը, սակայն, բոլորից հերքում է պահանջում նման կարծիք ունենալու համար` հայտարարելով, թե`

- ՕԵԿ-ի առաջնորդը մանդատներն ու պորտֆելները բաշխել է ըստ վաստակի և կատարած աշխատանքի: Ինձ համար հպարտություն է խոսել Արթուր Բաղդասարյանի մասին, մարդ, ով «առանց քոռ կոպեկի» ինձ պորտֆել տվեց:

Մեզ անչափ հետաքրքրեց, թե այդ ի՞նչ վաստակ ունի նախարարը կամ էլ ի՞նչ աշխատանքներ է կատարել: Պարզվեց, որ նախընտրական շրջանում նա որոշակի գումարներ է տրամադրել կուսակցության քարոզարշավի համար և ձայներ բերել ՕԵԿ-ին: Ահա նրա վաստակը: Ուրեմն, կարելի է ձայներ բերել ու նախարար նշանակվել: Եվ բնավ էլ կարևոր չէ, թե ոլորտի հետ ինչ առնչություն ունի «առանց քոռ կոպեկի» նախարար նշանակվածը: Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտն ավարտած և զոոինժեների մասնագիտություն ունեցող մարդը հետագայում սովորել է տնտեսագիտական ֆակուլտետում, աշխատել ոչ թե քաղաքաշինության, այլ գյուղատնտեսության, ապա հարկային ոլորտներում: Եղել է բազմաթիվ հարկային տեսչությունների պետ, հարկային ծառայության գնդապետ է:

Նշանակում է` Արթուր Բաղդասարյանը «ճիշտ նշանակետին» է խփել:

Գիտական թեզն էլ նվիրված է պետական բյուջեի օգտագործման բարելավման ուղիներին:

Փնտրեցինք նրա կենսագրության մեջ գոնե մի կետ, որն առնչվեր քաղաքաշինությանը, սակայն չգտանք: Ուզո´ւմ ենք հավատալ, որ Սամվել Թադևոսյանը նախարարի պաշտոն է ստացել «առանց քոռ կոպեկի», սակայն հարց է առաջանում` ինչո՞ւ հենց նա, եթե գիտենք, որ կուսակցության շարքերում կան քաղաքաշինությանն առնչվող մարդիկ, կան վարչական աշխատանքի մեծ փորձ ունեցող բարձրակարգ մասնագետներ... Հարցի, պատասխանն, իհարկե, ունենք` ճանաչելով Արթուր Բաղդասարյանին և գիտենալով նրա կադրային քաղաքականության հիմնասկզբունքները: Ուստի կամենալով, շա˜տ կամենալով հավատալ Սամվել Թադևոսյանին, այնուհանդերձ ավելի շատ հենվում ենք մեր ունեցած պատկերացումների վրա:

Տա Աստված, որ բոլոր խոսակցություններն ի չիք դառնան, որ հատկապես «Օրինաց երկիրը» պաշտոններ առաջադրելիս հաշվի առնի ոչ թե մարդկանց գրպանի պարունակությունը, այլ` նրանց գիտելիքներն ու մասնագիտական պատրաստվածությունը: Բայց դա երևի շատ հիփոթետիկ ցանկություն է, որի իրականացման համար տևական ժամանակ է պետք:

Ի դեպ, ուսումնասիրեցինք նաև ՕԵԿ-ի կողմից փոխնախարարներ առաջադրվածների կենսագրությունները և հասկացանք, որ Վահանիչը հավատարիմ է իր սկզբունքներին, նա չի սիրում չունևոր մարդկանց, չի սիրում մասնագետներին: Ասվածի վառ ապացույցներից մեկն էլ այն էր, որ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր նա նշանակեց ոչ թե գիտության մեջ ակնառու հաջողությունների հասած մեկին, այլ հենց նրան, ով ընդունելության քննությունների ժամանակ հանդիսանալով քաղաքային հանձնաժողովներից մեկի նախագահը` ապահովել էր «կայուն բերքահավաք»:

Լ.Մ.