Մեքենա հո չի˜


 

Իսկապես եզակի նմուշ, որի բազմաթիվ առավելություններից նախ կարելի է առանձնացնել հնությունը և առաջին տիրոջ ինքնությունը: Խոսքը ԳԱԶ-13Բ «Չայկա» ավտոմոբիլի մասին է, որն 1961-ից պատկանել է ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովին:

Թե երբ և ինչպես է այդ մեքենային տիրացել ներկայիս կանադացին` հայտնի չէ: Այսօր էլ նա նախընտրում է անհայտ մնալ, բայց որոշել է աճուրդով վաճառել հազվագյուտ իր փոխադրամիջոցը` մեկնարկային գինը սահմանելով 700 հազար դոլար:

Տորոնտոյի այս բնակիչը մեքենան ներկայացրել է ΖBΖy ինտերնետային աճուրդում և հավաստիացրել, որ այն գերազանց վիճակում է` չնայած հատել է 163.000 կմ տարածություն: Եվ մեքենայի արտաքին տեսքը հաստատում է տիրոջ կարծիքը: Ավելին, կասկածամիտներն անգամ չեն կարողացել ապացուցել, թե դա նմանօրինակն է: Մի խոսքով` «Չայկան» հենց բնօրինակն է` սարքավորված 5,5 լիտրանոց բենզինի շարժիչով ու 196 ձիաուժով (տեղեկացրել է Life News-ը):

«ԳԱԶ-13»-ներն արտադրվել են 1959-1981 թվականներին` Գորկու ավտոգործարանում: Այս նմուշը թողարկվել է 3 տեսակի թափքերով` սեդան (ԳԱԶ-13), ունիվերսալ (ԳԱԶ-13C) և կաբրիոլետ (ԳԱԶ-13B): Վերջինից արտադրվել է ընդամենը 20 օրինակ, որոնցից մեկը փաստորեն ավելի քան կես դար հետո հանվել է աճուրդի:

Ահաբեկիչների կծու հումորը

Տասը ուղտ պարգև են խոստացել սոմալիական «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման անդամները` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի գտնվելու վայրն իրենց հայտնողներին: Նաև հետապնդում են հայտարարել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` նրա կյանքը գնահատելով 10 աքլոր և 10 հավ (տեղեկացրել է EdΗonton JournΖl-ը):

Որքա˜ն ժլատ են ծայրահեղականները` նույնիսկ ծաղրանմանակման հարցում: Այս հայտարարությունը նրանք հնչեցրել են ի պատասխան ամերիկացիների այն խոստման, որ 7 միլիոն դոլար է հատկացվելու սոմալիական իսլամիստների առաջնորդ Աբու Զուբեյրային բռնողներին: Օբամայի վարչախումբը նաև վստահեցրել է, որ պատրաստ են ևս 3-5 միլիոն դոլար վճարել` հետախուզվող այդ հանցագործի մտերիմների գտնվելու վայրն իրենց հայտնողներին:

Սոմալիում, Քենիայում և Ուգանդայում ահաբեկչություններ իրականացրած հանցավոր այս խմբավորման անդամ Ֆուադ Մուհամեդ Խալաֆը շատ ավելի գռեհիկ է արտահայտվել. «ցանկացած մեկը, ով ահաբեկիչներին կպատմի, թե որտեղ են թաքնվում հիմար Օբաման և պառավ Քլինթոնը, կստանա 10 ուղտ և 20 գլուխ թռչուն»: Կենդանական այս «պարգևավճարը» պատահաբար չի ընտրված.

- Ղուրանում ասված է, որ Մեքքայում Մուհամեդ մարգարեի ձերբակալման կամ սպանության համար հայտարարվել էր պարգև` 100 ուղտ: Այնպես որ մենք առաջին անգամ չէ, որ ականատես ենք դառնում, թե անհավատարիմներն ինչպես են պարգևներ խոստանում մուսուլմանական առաջնորդների սպանության համար:

Դե, եթե ահաբեկիչ-ծայահեղականներն էլ կարող են հումոր անել, ամերիկացիներն ինչո՞ւ պիտի իրենց զրկեին զվարճանալու հաճույքից: EdΗonton JournΖl-ի լրագրող Ալեն Էյբելն, օրինակ, այդ լուրը լսելուն պես շտապել է Վիրջինիայի խոշորագույն կենդանաբանական այգիներից մեկը` ճշտելու, թե 10 ուղտի համար ազատ վանդակ կճարվի՞: Ինչպես ինքն է ասել` մեկ էլ տեսար` որևէ մեկը կհամաձայնի սոմալացիներին պատմել, թե որտեղ է գտնվում Սպիտակ տունը և կստանա պարգևը: Էյբելը հետո թռչնաշուկա է մեկնել ու ճշտել, թե 20 թռչնարժեքը որքանով է համարժեք պետքարտուղարի գլխագնին: Լրագրողական «հետաքննությունն» արձանագրել է, որ 10 ուղտն արժե 180 հազար դոլար: Եվ լրագրողը բարձրաձայնել է զարմանքն առ այն, թե իր պետության ղեկավարն ինչո՞ւ այդքան թանկ է գնահատել «Աշ-Շաբաբի» ներկայացուցչին` 7 միլիո˜ն: