Հաճելի անակնկալ


 

Մաշտոցի պողոտայում գտնվող «Ծածկած շուկայում» շինարարական աշխատանքները, որ երևանցիների զայրույթն էին հարուցել, այս պահին դադարեցված են: Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ կառավարության ծրագրի «Երևանին վերադարձնել իր ճարտարապետական շունչը» կետում նշված է` օրենքով բացառել Երևանի կենտրոնում մայրաքաղաքային պատմության նկարագրին անհարիր կառուցապատումները: Կառավարությունը, խորհրդակցելով տարբեր հասարակական կազմակերպությունների, այդ թվում ճարտարապետների միության հետ, քաղաքաշինության փոխնախարար Լարիսա Ալավերդյանի ղեկավարությամբ ստեղծել է աշխատանքային խումբ, որը մշակելու է այդ օրենքի նախագիծը: Նպատակը` օրենքով պահպանել այն կանոնները, որոնք հնարավորություն են տալու լուծել այդ խնդիրները:

Գաղտնիք չէ, որ Կառավարական նոր շենքի կառուցման, «Ծածկած շուկայի», ամառային կինոթատրոնի ու նմանատիպ կառույցների ճարտարապետական լուծումների շուրջ հասարակության մեջ անհամաձայնության ալիք էր բարձրացել: Կառավարությունը երաշխավորում է, որ դրանց վերաբերյալ որոշումների ընդունումը լինելու է թափանցիկ, և հանրությունը հնարավորություն կունենա մասնակցել այդ որոշումների կայացմանը:

- Եթե հանրության մեջ կա բանավեճ և տարբեր տեսակետներ` միևնույն օբյեկտի նկատմամբ, որոշումների կայացումը պետք է լինի մաքսիմալ թափանցիկ և դրանց կայացման կանոնները բոլորի համար ի սկզբանե պետք է լինեն հայտնի,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Կոնկրետ «Ծածկած շուկայի» ապագայի վերաբերյալ հարցը վերոնշյալ հանձնաժողովը քննարկելու է մինչև այդ օրենքի ընդունումը: Քննարկումները լինելու են հրապարակային: Հուսանք`այսպիսով կլուծվի մայրաքաղաքի պատմության նկարագրին հարիր տեսքի պահպանման հարցը, որը հատկապես վերջին ժամանակներս հաճախ է շրջանառվում:

Ա.Դ.