ԳԹԿ-Ն ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՓԱՌԱՆՁԵՄ ՄԵՅԹԻԽԱՆՅԱՆԻՆ


 

Անցած տարի ընդունելության քննությունների ժամանակ բռնկված սկանդալը, որը կապակցվում էր հայոց լեզվի և գրականության թեստերին` մի կերպ կոծկվեց, ԳԹԿ-ի ղեկավարները խոստացան այնպես անել, որ հետագայում մատուցվեն առավել գրագետ թեստեր, իսկ դրանց հեղինակները փոխվեն: Սակայն այս խոստումները մնացին սառույցի վրա, որովհետև հենց ԳԹԿ-ն որդեգրել է մի այնպիսի սկզբունք, որ ամբողջ քննական գործընթացը պահելով իր վերահսկողության դաշտում` կարողանում է «պղտոր ջրում ձուկ որսալ»:

Թեստերի գլխավոր հեղինակը Փառանձեմ Մեյթիխանյանն է, ով հիմա նաև դարձել է դպրոցական դասագրքի հեղինակ: Պարզ է, որ նրան հովանավորողները հենց ԳԹԿ-ից են, այլապես կիսատ-պռատ գիտելիքներով այս տիկինը, ում կազմած բառարանը ժամանակ առաջ արժանացավ համալսարանական լեզվաբանների սուր քննադատությանը` հիմա էլ դասագրքի հեղինակ չէր դառնա: Գիտենք, որ հատկապես դասագրքերի ոլորտում գործում է վաղուց ձևավորված մի «մաֆիա», որն ինքն է շահում բոլոր մրցույթները, ինքն է ղեկավարում դաշտը` առավել բանիմաց մասնագետներին թույլ չտալով համալրելու դասագիրք ստեղծողների շարքերը: Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն ասում է.

- Հայոց լեզվի 7-րդ դասարանի ողբալի դասագիրքը պարգևատրություն էր այն խոտան թեստերի դիմաց: Եվ ես որոշեցի քննական գործընթացից գլուխս մի քիչ հանգիստ պահել: Որոշ բարեկամ լրագրողների ասել եմ` թող դիմեն նաև ուրիշների, մարդկանց, ովքեր տարիներ առաջ քննադատում էին իմ առաջարկած առաջին հարցարանները: Դրանց կառուցվածքը գրեթե նույնն է մնացել, բայց հարցաթերթիկները տարեցտարի ավելի ու ավելի վատն են դառնում: Որոշ համալսարանական գործընկերներ, ովքեր հիմա խոր ընդհատակում են, լռում են, այն ժամանակ առյուծ էին կտրել, քափ ու քրտինքի մեջ աջ ու ձախ` մամուլով, հեռուստատեսությամբ քննադատում էին հարցարանները, մերժում դրանք և ասում, որ այդ գործը պետք է անեն լրջմիտ մասնագետներ: Տարիներ շարունակ տեսնում ենք, թե «լրջմիտների» արածն ինչ է: Արդեն հոգնել եմ այդ մասին խոսելուց:

Արժե, իսկապես, մտորել լեզվաբանի մտահոգության շուրջ, արժե, որ ԳԹԿ-ն կրթության նախարարին ներկայացնի հնչող դժգոհություններն ու բողոքները: Սակայն չի ներկայացնում, որովհետև այսպես կզրկվի իր եկամուտներից և ազդեցություններից:

Այս տարի չափազանց շատ էին դժգոհությունները նաև անգլերենի թեստերից, որոնք նույնպես զայրացրել ու անհանգստացրել են դիմորդներին: Զրուցելով շատերի հետ, մենք այն տպավորությունը ստացանք, որ թեստերը կազմվում են միտումնավոր սխալներով, այդ սխալների մասին իրազեկվում են միայն յուրայինները, ովքեր էլ, չգիտես ինչ տրամաբանությամբ` 20 միավոր են ստանում: Այս տարի մոտ 25 դիմորդ անգլերենից ստացել է 20 միավոր: Սա շարժել է այն մասնագետների զարմանքը, ովքեր ծանոթ են թաստերին:

- Այդ թեստերով անհնար է 20 միավոր ստանալ, որովհետև կան առաջադրանքներ, որոնք սխալ են կազմված: Ուրեմն այդ ինչպե՞ս է դիմորդին հաջողվել հավաքել 20 միավոր,- մեզ հետ զրույցում ասացին որոշ մասնագետներ:

Լ.Մ.