ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ԻՆՉՊԵ՞Ս


 

Կառավարության` խորհրդարան ներկայացված ծրագրում կարդում ենք. «Միջին ընտանիքը կունենա ֆինանսական ռեսուրսների հասանելիություն` բնակարան և ավտոմեքենա ձեռք բերելու համար: Հայաստանում չի լինելու աղքատ կենսաթոշակառու: 2012 թվականին միջին աշխատանքային կենսաթոշակի չափը կհամապատասխանի կենսապահովման նվազագույն բյուջեի չափին: Աղքատության էական հաղթահարում` արդյունքում ապահովելով 11,2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատություն և 1,6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ»:

Պարզապես հրաշալի է գրված: Ուրեմն, այս տարի Հայաստանի միջին ընտանիքները կկարողանան բնակարան և ավտոմեքենա ձեռք բերել: Եթե բնակարանի միջինացված գինը կազմում է 65-75 հազար, իսկ ավտոմեքենայինը` 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, նշանակում է միջին ընտանիքի տարեկան եկամուտը կկազմի մոտ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Հետաքրքիր է, կառավարությունն իր այս դրույթին հավատո՞ւմ է, թե՞ որոշել է կատակել` ուրախացնելով մարդկանց: Կամ գուցե շարադրանքում վրիպա՞կ կա: Հայաստանյան մակարդակով միջին ընտանիքի տարեկան եկամուտը չի անցնում 3.3 միլիոն դրամից: Իսկ թե այդ երեք միլիոն դրամով ինչ աճպարարությամբ կարելի կլինի ավտոմեքենա և բնակարան գնել` կհուշի ՀՀ վարչապետը, կամ էլ հերթական տնտեսագիտական դասախոսությունը կկարդա: