Առաքելությունը` նաև մայր հայրենիքում


 

ՀՀ Սփյուռքի նախարարության գործունեության գլխավոր սկզբունքներից են Հայաստան-Սփյուռք գործակցության շարունակական զարգացումը, հայկական համայքների միջև կապերի սերտացումն ու ամրապնդումը: Այս նպատակներին միտված ծրագրերը բազմաթիվ են, արդյունքներն` ակնառու: Ի թիվս այլ ձեռնարկների` այս տարի նախարարությունն իրականացնում է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը: Նպատակների, առանձնահատկությունների, ակնկալիքների և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել ՀԱՐՈՅԱՆԻ հետ:

- ՀՀ Սփյուռքի նախարարությունն անցյալ տարի առաջարկությամբ հանդես եկավ, և Կառավարության որոշմամբ այս տարվանից կազմակերպվելու է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը: Գլխավոր նպատակը Սփյուռքում գործող պարախմբերին, երգչախմբերին, անհատ կատարողներին հայրենիքում ելույթ ունենալու հնարավորություն ընձեռելն է: Որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց առաքելությունը նաև մայր հայրենիքում, հանդես գալ հայ հասարակության առջև` ըստ արժանվույն ներկայացնելով իրենց արվեստը և դրա հետ մեկտեղ նաև վարպետության դասերի, փորձի փոխանակման միջոցով որոշակի որակական աճ ձեռք բերել: ՀՀ Սփյուռքի նախարարությունը հրաշալի հնարավորություն է ընձեռում Սփյուռքում գործող խմբերին: Արդեն ապրիլի 18-23-ը տեղի է ունեցել հայ գրողների համահայկական համաժողովը : Շուտով կսկսվեն պարարվեստի օրերը, ապա` երգչախմբային արվեստի, անհատ կատարողների օրերը, դուդուկի համահայկական փառատոնը, և լրագրողների համահայկական 6-րդ համաժողովով էլ կամփոփենք «Իմ Հայաստան» փառատոնը:

- Փառատոնը, փաստորեն, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը միտված ևս մի ձեռնարկ է: Ինչո՞վ է այն տարբերվելու նախկինում իրականացված համահայկական մշակութային ծրագրերից:

- Այո, գլխավոր նպատակը դա է, որի իրականացման համար մշակութային ուղղությունն է վերցվել որպես հիմք: Սփյուռքում բազմաթիվ խմբեր ունենք, և նրանց հնարավորություն է ընձեռվում ելույթ ունենալ հայրենիքում: Միջոցառումներն իհարկե կազմակերպչական լուրջ աշխատանքներ են պահանջում: Բոլորս գիտենք` Սփյուռքի նախարարության և հատկապես նախարարի անխոնջ աշխատանքի արդյունքում անընդհատ բազմաթիվ նոր ծրագրեր են ծնվում: Նախարարությունը որդեգրել է ոչ թե խոսքերով շենք կառուցելու, այլ իրական քայլերով որոշակի արժեքներ ստեղծելու քաղաքականությունը: Տեղեկացնեմ, որ մասնակցության հայտերը բավական շատ են: Նման հոսք նույնիսկ չէինք պատկերացնում: Եվ շատ ուրախալի է: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ առաջին անգամ փառատոնի շրջանակներում հնարավորություն է ընձեռվում 4-օրյա կեցության խնդիր ապահովել: Աշխարհագրությունը բավական լայն է: Մասնակցության հայտ են ներկայացրել 20 երկրներ` սկսած Հյուսիսային կիսագնդի մեր գլխավոր համայնքներից` ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Եվրոպական երկրներից` Ֆրանսիա, Գերմանիա, Ռումինիա, Բուլղարիա, Մերձավոր Արևելքից` Թուրքիա, Սիրիա, Իրան, Լիբանան, ԱՊՀ երկրներից` Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան: Անգամ Մերձբալթյան երկրներից ևս հայտեր ունենք: Մասնակցելու են 34 պարային խմբեր (միայն պարախմբերով շուրջ 1000-ից ավել մասնակիցներ ունենք), 12 երգչախմբեր, 40-ից ավելի անհատ կատարողներ: Ընդհանուր առմամբ շուրջ 1500 հոգի կհյուրընկալվի Հայաստանում:

- Ի՞նչ խմբեր են մասնակցելու փառատոնին:

- Մասնակցում են սիրողական խմբեր և անհատ կատարողներ Սփյուռքից ու Արցախից: Մասնակիցները հիմնականում ոչ պրոֆեսիոնալ խմբեր են, թեև երգչախմբերից մի քանիսը բավական բարձր կատարողական մակարդակ ունեն և հաջող ելույթներ են ունեցել: Իսկ անհատ կատարողների մեջ կան հանրահայտ մարդիկ, ովքեր աշխարհի տարբեր երկրներում ներկայացրել են հայ երաժշտությունը:

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Սփյուռքի մեր գաղթօջախների միջև մշակութային կապերը:

- Միանշանակ Սփյուռքի նախարարության գործունեությամբ ավելի ու ավելի է ամրապնդվում այդ կապը, դրան են նպաստում նաև նախարարի հաճախակի այցերը տարբեր երկրների գաղթօջախներ: Սերտ համագործակցության արդյունքում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր:

- Որպես ամփոփում` խոսենք նաև ակնկալիքների մասին…

- Փառատոնի ընթացքում բազմաթիվ միջոցառումներ կլինեն, որոնց կարծում եմ` վաղուց է սպասել հայ հանրությունը: Մասնակից որոշ հայաստանյան երգչախմբերի հետ համատեղ` շուրջ 1000 հոգի, կկատարվեն ՀՀ օրհներգը և «Էրեբունի-Երևան» երգը` Մայր Հայաստան հուշահամալիրում: Օգոստոսի 12-ին` Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին, բոլոր երգչախմբերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կմասնակցեն Պատարագի արարողությանը: Դուդուկի համահայկական փառատոնի շրջանակներում նախատեսում ենք դուդուկի խորհրդանշական արձան կանգնեցնել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմացի այգում: Եվ նման այլ անակնկալներ:

Մենք նախատեսել ենք բարձր նշաձող` պատիվ, խոսք, մշակութային արժանապատվություն: Շատ դժվար է համապատասխանել այս նշաձողին, բայց ես որպես փառատոնի ղեկավար, ներդրել եմ իմ բոլոր ուժերը` մեր այս բարձրարժեք գործի իրականացմանը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ