Չծաղկած ծիրանենիներ


 

Արձանագրված դեպքը ոճրագործություն կոչելն ասես մեղմ է թվում: Ականատեսների պատմածով` իրականում տեղի էր ունեցել սպանդ, կոտորած, եղեռնագործություն: Այլ անուն չէիր տա կատարվածին:

Մարտ ամսին Ոսկեհատ գյուղի մի բնակչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը իրեն պատկանող ծիրանի այգուց 60 ծառ են գողացել:

Ոստիկաններին վերջերս հաջողվեց բացահայտել հանցագործությունն ու հայտնաբերել արարքը հեղինակողին: Նույն գյուղի բնակիչ է, 60-ամյա հասուն տղամարդ, համագյուղացիների բնութագրմամբ` նախկինում երբևէ չարատավորված:

Մեկ-երկու ամիս հետո այդ ծառերը պետք է ծաղկեին, արբեցուցիչ բույրով լցնեին շրջակայքը, ապա արևի շողերն իրենց մեջ ամփոփած` պտղավորվեին: Եվ այդ 60 շնչավոր ծիրանենիների վերազարթոնքը պիտի շարունակվեր երկար ու երկար տարիներ` ամեն գարնան հետ: Սակայն հանցագործ ձեռքն ընդամենը մի քանի րոպեում հողին է հավասարեցրել բնության վերհառնումի այդ հրաշքը և հագուրդ տվել կենցաղային իր ճղճիմ պահանջմունքներին` ոստիկանությունում արդարանալով, թե կտրած ծառերը օգտագործել է որպես վառելափայտ: Եվ ոչ մի զղջման խոսք, ինքնախարազանումի ոչ մի նշույլ:

Գոնե գիտակցո՞ւմ է, թե մեզ համար ինչպիսի խորհրդանիշ է ծիրանենին, կհասկանա՞ երբևէ ինքնաձաղկումը այն ճապոնացու, ով մարդկանց խնդրում էր քարկոծել իրեն, քանի որ անխոհեմ էր գտնվել ու ծաղկած բալենու ընդամենը մի ճյուղ էր կոտրել («Ինձ քարկոծեցեք. քիչ առաջ ես նոր ծաղկած բալենու ճյուղը կոտրեցի»):

Հետաքրքիր է, եթե այս մարդը խելքը գլուխը չհավաքի, չզղջա կատարածի համար և տարիներ հետո փորձի կրկին շրջանցել օրենքը, նրան ճանաչողները դարձյա՞լ պիտի պաշտպանեն ու երաշխավորեն, թե նախկինում արատավորված չի եղել: