Ֆրանսիայի թագուհու հերակալը` արտաքնոցում
Եկատերինա Մեդիչիի` շուրջ 8 սանտիմետր երկարությամբ հերակալը հայտնաբերվել է Ֆոնտեբլո պալատի` բավական հին հասարակական մի արտաքնոցում: Հիշեցնենք, վերջինս կինն էր Հենրիխ 2-րդի, ով կառավարել է 16-րդ դարի կեսերին: Թագուհին բավական մեծ դերակատարություն է ունեցել Ֆրանսիայի քաղաքական կյանքում` նաև որդիների կառավարման տարիներին: Նա հայտնի է եղել թանկարժեք ոսկյա իրերի նկատմամբ իր մեծ հետաքրքրությամբ, սակայն նրան պատկանող զարդերի ողջ հավաքածուն անհետացել է. որոշ վարկածների համաձայն` գողացվել է: Իսկ ահա եզակի այդ հերակալը գտնվել է արտաքնոցի վերականգնման աշխատանքների ժամանակ: Մասնագետները կռահել են, որ արտեֆակտը թագուհուն է պատկանել` դրոշմված «C» տառի միջոցով, որը CΖtherine անվան սկզբնատառն է: Շատերը համոզված են, որ հերակալը հավանաբար գողացել է պալատական որևէ տիկին և պատահաբար «մոռացել» արտաքնոցում:
Պոռնիկների լրտեսական ցանց` թրքուհու ձեռնարկմամբ
Ոչ մի ավանդապահություն ու դաժանություն չեն կարող բացառել պոռնիկների, լրտեսների գոյությունը: Սրանց ձեռամբ վերջերս նոր հոգս է կախվել թուրքական հետաքննիչների գլխին: Ներկայումս այնտեղ հետաքննվող գործը կարող է դառնալ ամենաաղմ կահարույցներից մեկը` միջազգային լրտեսության պատմության մեջ:
Բացահայտված լրտեսական ցանցն օգտագործել է պոռնիկներին` որպեսզի նենգասպառնալիքի միջոցով գաղտնի տեղեկություններ կորզի տասնյակ թուրք սպաներից: Այս գործի գլխավոր գործող անձինք եղել են գնդապետ Իբրահիմ Սերզերը և 25-ամյա ուսանողուհի Նարին Ղորխմաժը, ում արևմտյան լրատվամիջոցներն արդեն համեմատում են հռչակավոր Մատա Հարի հետ (NEWS ru IsrΖel):
Քննիչների վարկածով` մի քանի տարի նրանք «անմեղ» երեկույթներ են կազմակերպել սպաների համար, որոնց մասնակցել են նաև արտասահմանից «ներկրված» պոռնկուհիներ: Դե, եթե լրտեսություն` ուրեմն նաև հավաքագրված վստահյալներ ու անպայմանորեն` տեսագրություններ: Ասում են` նենգասպառնալիքի կարիքն էլ հազվադեպ է զգացվել, որովհետև երեկույթների մասնակիցների մեծ մասը նրանց մտերիմներն են եղել և համաձայնել են համագործակցել` որոշակի վարձահատուցման դիմաց:
Վերջին ամիսներին սակայն, կասկածներ է հարուցել Նարինի կազմակերպած «Թիկնազորային գործակալ «Պանդորա» ցանցը և բացահայտվել ու ձերբակալվել է 51 մասնակից, որոնցից 22-ը` պոռնկուհիներ: Իրավապահները հիմքեր ունեն ենթադրելու, որ այդ գործունեությանը մասնակից է շուրջ 300 սպա:
Գործակալությունից առգրավված համակարգիչներում հայտնաբերվել են գաղտնի նյութեր և 5 հազար սպաների ու քաղաքացիական անձանց հարցաթերթիկներ: Այդ մարդկանց ևս պետք է օգտագործեին` գաղտնի տեղեկատվություն կորզելու նպատակով:
Արևմտյան լրատվամիջոցներն արդեն իսկ հեռահար կանխատեսումներ են հրապարակում` պնդելով, որ Անկարայի ռազմական գաղտնիքները հետաքրքրում են տարածաշրջանի շատ պետությունների: Նրանց կարծիքով` նման տեղեկատվության պատվիրատուները կարող են լինել Հունաստանը, Իսրայելն ու Ռուսաստանը: Թերև´ս: Բայց չմոռանանք, որ նաև այլ պետություններ «անտարբեր» չեն գերտերության տիտղոսին ձգտող Թուրքիայի հանդեպ: Ու որքան էլ առերևույթ հաշտ ու հաճո են նրան, նույնքան էլ դրա սանձն անվերջ ձգած պահելու անհանգստությունն ունեն: