«Աստղերը» խելքները լրի՞վ են գցել


«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը հայտնում է, որ համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում պատկերված ռեփեր Սուպեր Սաքոյի մի ձեռքում հրաձիգ է, իսկ մյուս ձեռքով նա քաշում է մերկ աղջկա մազերից: Տեղյակ լինելով հայկական «աստղերի» արժեհամակարգին, նման սադիստական մոտիվներով լուսանկարները որևէ զայրույթ չէին առաջացնի, եթե միայն դրանց ֆոնին պատկերված չլիներ Լոռվա մարզում գտնվող Հաղպատի հանրահայտ վանական համալիրը (X դար): Իրենք իրենց մտավորական համարող հայկական «պոպսայի» ներկայացուցիչները, երկրի առջև ծառացած խնդիրները բարձրաձայնելու փոխարեն, զբաղված են առանց այդ էլ պետության և Մայր Աթոռի կողմից մոռացության մատնված հնադարյա վանքերի պատերի տակ սատանիզմի մոտիվներով լի ֆոտոսեսիաներ կազմակերպելով և դրանց արդյունքում ստացված սադիստական լուսանկարները համացանցում տարածելով: «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը դիտարկում է այս խայտառակությունը որպես հայ ժողովրդի պատմության, կրոնի և մշակույթի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, ինչպես նաև երիտասարդության շրջանում ազգային արժեքների դեմ ուղղված չգիտակցված քարոզչություն: Նշենք նաև, որ Հաղպատավանքում է մի քանի տարի ապրել Սայաթ-Նովան…