Հյուրասրահ


Սամսոն Քառյանը պատմական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, բազմաթիվ աշխատությունների և գիտական հոդվածների հեղինակ: Նա ողջ կյանքում ապրել է իր զարմիկի` Հրանտ Մաթևոսյանի ընկերակցությամբ, հպարտացել նրանով, երջանիկ եղել նրա ներկայությամբ: Մեր խնդրանքով անվանի պատմաբանը պատմեց Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ մասին:
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ` ԶԱՐՄԻԿԻ ԱՉՔԵՐՈՎ

- Մայրս` Արզուքան Մաթևոսյանը, Հրանտի երեք հորաքույրներից միջնեկն էր, ում Հրանտն առանձնահատուկ սիրով էր սիրում: Երբ մեծացել ու արդեն նշանավոր գրող էր դարձել, երևանյան նրա բնակարանի գրասեղանի վրա մի թուղթ նկատեցի, որի վրա բազմաթիվ անուններ էին գրված: Երբ հերթը հասել էր մորս` Արզուքանի անվանը, երկար գիծ էր քաշել նրա դիմաց և սրբապատկեր նկարել: Մեր տխուր և ուրախ, ցուրտ ու տաք, տտիպ ու դառնահամ մանկությունն այսօր էլ աչքերիս առջև է: Մենք պատերազմի և հետպատերազմյան կիսաորբ ու կիսաքաղց սերունդն էինք, ցավն ու անհանգստությունը, սպասումն ու արցունքը, ծռմռված ժպիտները մեր հոգիներում պահած սերունդը: Ծանր ու դժվարին տարիներ էին մեծերի համար, իսկ մենք` երեխաներս, որ կարծես մեծացել էինք նրանց պես` մեծավարի ու մեծերին հավասար «մաճ էինք բռնում, կով ծնեցնում»... Հրանտը գյուղի երեխաներից տարբերվում էր իր արտաքինով. սպիտակ, շատ սպիտակ մաշկ ուներ, ինչը հազվադեպ էր և խիտ, շատ խիտ սև մազեր: Վարքով ու մտածելակերպով էլ էր նա առանձնանում մյուսներից: Նրա միտքը քայլ առաջ էր, նկատում ու տեսնում էր այն, ինչին մեզանից ոչ ոք ուշադրություն անգամ չէր դարձնում: Ուրեմն, նուրբ ու խոր դիտողականությունը գալիս էր վաղ մանկությունից, դառնում բնավորություն: Անցած տարիներին հետադարձ հայացք հառելով եմ հասկացել, թե որքան դիտողունակ, սրատես ու զգայուն էր նա շրջապատի հանդեպ: Գյուղում բոլոր ընտանիքները քչից-շատից անասուններ ունեին, սակայն մեզանից միայն Հրանտն էր նկատել, որ երբ ոչխարները արոտից իջնում էին, երկու րոպե էր պահանջվում, որպեսզի գառնուկներից յուրաքանչյուրը գտներ իր մորը: Այդ մենք հետո միայն նկատեցինք, իսկ մեծերն էլ հաստատեցին Հրանտի ասածը: Նրանց տան հարևանությամբ մենք հողամաս ունեինք, որտեղ հիմնականում կարտոֆիլ էինք ցանում: Եղբայրներով գնում էինք մշակելու: Ամեն անգամ գալիս էր մեզ օգնելու, ինչն, իհարկե, արվում էր քեռի Իգնատի աչալուրջ վերահսկողությամբ, իսկ գործն անելուց հետո` մենք բոլորս գնում էինք իրենց տուն հաց ուտելու. սա էլ արդեն Արուս քեռակնոջ ջերմ ու հոգատար պարտադրանքով: Այդ տարիներին Հրանտենք էլ էին երեքը, մենք էլ: Ու այդ դժվարին ժամանակներում մեր անտրտունջ Արուս քեռակինը խիզախում ու մեզ համար էլ էր հացի սեղան բացում: Մենք հաճախում էինք Ահնիձորի յոթնամյա դպրոցը, իսկ այնուհետև ուսումը շարունակում հարևան Լորուտ գյուղի միջնակարգ դպրոցում: Ուրեմն, ինչպես տանը, այնպես էլ դպրոցում անբաժան էինք իրարից: Դեռ հինգերորդ-վեցերորդ դասարանի աշակերտ` Հրանտն արդեն գրական փորձեր էր անում: Կյանքում թատրոն չտեսած` նա իր առաջին պիեսն էր գրել: Հիշում եմ այդ պիեսի առաջին ընթերցումը գյուղի ակումբում: Իր բնույթով ու թեմայով այն ողբերգական էր. գյուղի մերձակա Ճրագթաթի բարձունքում թուրքերը երկու երիտասարդ տղաներ էին սպանել` Գրքորին և Խալաթին: Հենց սա էլ դարձել էր Հրանտի պիեսի առանցքը: Շատ էր կամենում, որ պիեսը բեմադրվի գյուղի ակումբի թատերական խմբի կողմից: Հրանտի ցանկությունն իրականություն չդարձավ, սակայն մի խորհրդանշական բան կար, որ նա իր գրական ստեղծագործությունը սկսում էր պիեսով` հետագայում իր շատ գործերում մոտենալով թատերական արտահայտչականությանը, իսկ հետո արդեն գրեց իր «Ջեզոք գոտի» պիեսը, ստեղծեց բազմաթիվ սցենարներ, որոնցում, գուցե, պատանեկան տարիների փորձերի իմաստավորումն էր: Հրանտին երբեք անգործ չէի տեսնում. կամ ծնողներին էր օգնում, կամ` որևէ տեղ թիկն տված` գիրք էր կարդում: Գյուղում ապրած տարիներին նա կարդաց գյուղական գրադարանի բոլոր գրքերը: Հրանտն ընդամենը մի քանի ամիս հաճախեց Լորուտի միջնակարգ դպրոց, իսկ հետո տեղափոխվեց Երևան: Երևան տեղափոխվելու առիթը եղավ այն, որ ճանաչված մանկավարժ Վահան Հովհաննիսյանը` ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Հենրիկ Հովհաննիսյանի հայրը, եկել էր մեր գյուղ, որպեսզի սաներ ընտրեր Երևանում նոր հիմնադրված պոլիգրաֆիական արհեստագործական ուսումնարանի համար: Վահան Հովհաննիսյանի ընտրությունը կանգ առավ Հրանտի վրա: Իմ քեռի Իգնատի դիվանագիտական ողջ միտքն այստեղ փայլատակեց և նա պայման դրեց, որ առանց Հրաչիկի` ՀրաչՕյի, Հրանտին չի տա: Վահան Հովհաննիսյանը համաձայնեց: Սակայն քեռի Իգնատը մի պայման ևս առաջադրեց. այդ մեծ ու օտար քաղաքում ո՞վ է այս անպաշտպան երեխաներին ուղեկցելու, պաշտպանելու, խնամելու... Բարեկիրթ մտավորականը տարակուսած հարցրեց, թե` ո՞վ, իսկ պատասխանն արդեն պատրաստ էր. իր քույր Արզուքանի ավագ որդի Սեյրանը: Եվ Հրանտը, Հրաչիկն ու Սեյրանը Վահան Հովհաննիսյանի հետ մեկնեցին Երևան` ուսանելու: ...Վանաձորի «Կիրովական» ռեստորանում հավաքվել էինք ճաշկերույթի: Ներկա էին մեր համագյուղացիներից շատերը: Նրանց մեջ էր «Տերը» կինովիպակի հերոս Ռոստոմ Սարգսյան-Մամիկոնյանի նախատիպը` Թապտող Քառյանը: Հրանտը նրան ձկան խավիար հյուրասիրեց: Շշուկով ասացի, թե չեմ կարծում, որ կուտի: Այդպես էլ եղավ: Դրանից հետո մեր բազմաթիվ հացկերույթների ժամանակ Հրանտը հիշում էր իմ նկատողության իրավացիությունը և բարձրաձայն ասում. «Պետք է մարդուն տաս այն, ինչին ինքը սովոր է»: Վանաձորում Հրանտի ծննդյան 50-ամյակն էր նշվում: Մշակույթի պալատի դահլիճը լեցուն էր մարդկանցով. եկել էին մեծարելու Լոռվա մեծագույն զավակներից մեկին: Դահլիճում նստածներից մեկը հարց տվեց. «Ո՞ր ուտելիքն եք նախընտրում»: Ծիծաղեց: Կես-կատակ, կես-լուրջ ասաց. «Այտա, կարտոլը»: Հումորի մեջ մի ուրիշ թաքուստված բան կար... Գուցե մանկության օրերին հառած կարոտն էր, հայրենի գյուղն էր... Բարձրակարգ ու բարձրորակ խմիչքների նկատմամբ Հրանտն արտակարգ ու անվերապահ վերաբերմունք ուներ: Առաջնահերթ` սիրում էր իր մոր քաշած տնական օղին` սալորի, վայրի տանձի կամ վայրի խնձորի: Սիրում էր «Նաիրի» կոնյակը, խմում էր միանգամից` մեկ լիքը բաժակ, այնուհետև, ինչպես վայել է բարձրորակ կոնյակին, կում-կում: Վայելում էր կոնյակը, գնահատում նրա բույրը, համը, նրանից եկող հաճույքը: Կյանքի վերջին օրերին ավելի հաճախ էի այցելում նրան: Ձնառատ դեկտեմբերի առաջին օրերն էին, հարցրեցի, թե սիրտը ի՞նչ է ուզում: Ասաց. «Անտառի ծառի սունկ կուտեի»: Զարմացա. «Այ Հրանտ, էս ձմեռվա կեսին անտառի ծառի սունկը որտեղի՞ց»: Մտահոգ տուն վերադարձա: Աստծո կամոք էր, թե` պատահականություն, «Սպարապետ» խանութում մի խեղճ մարդ պարզել էր ափերի մեջ լցրած սունկն ու աղերսանքով` առաջարկում էր գնել այն: Գնեցի ու անմիջապես մեկնեցի Երևան: Սունկը տեսնելով` երեխայի նման բացականչեց. «Այ քեզ բան... (իր սիրած արտահայտությունն էր, որին ծանոթ էի նրա պատանեկան տարիներից)»... Տիկին Վերժինեն, իրեն բնորոշ արագությամբ, պատրաստեց սունկը: Ձմռան կեսին ծառի սունկ ուտելն այնքան էլ անվտանգ չէր, ուստի փորձեցի կատակել. «Հրանտ, թող սկզբում Վերժինեն ուտի, հետո նոր` մենք»: Կատակը տեղին էր. տրամադրությունը բարձրացավ: Հիշեցինք մեր մանկության սունկը, սունկ քաղելիս` անձրևից թրջվելը, գիշերային մթության մեջ կորած կենդանիներին փնտրելը, մեր թաքուն վախերը... Անծանոթի էությունն ու կարգավիճակը բացահայտելու զարմանալի ունակություն ուներ Հրանտը. բավական էր մի կարճ հայացք հառեր օտարին, և կարող էր ասել նրա տարիքը, ծննդավայրը, պաշտոնը, ամուսացած լինելը, ամուրի լինելը, իսկ եթե ամուսնացած է, ապա ինչ հարաբերությունների մեջ է կնոջ հետ, քանի երեխա ունի և այլն: Հրանտը մեծություն էր իր ողջ էությամբ, ուներ մեծին բնորոշ խորը և նուրբ հումոր, մարդու մեջ մարդուն էր սիրում: Մի անգամ, հերթական ընկերական հացկերույթի ժամանակ, Վանդոս Ղարագյոզյանի հետ զրուցելուց հետո` հարցրեց. «Վանդոս Հմայակիչ, բանաստեղծություններ գրո՞ւմ ես, թե՞ ոչ»: Վանդոս Ղարագյոզյանը` Վանաձորի նախկին քաղաքապետներից մեկը, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր` զարմացած պատասխանեց, թե չի գրում: Ու երբ տուն վերադարձանք, Հրանտին հարցրեցի, թե ինչու՞ այդ հարցը տվեց իմ վաղեմի ընկերոջը, նա պատասխանեց. «Բոլոր կուշտ և անհոգ մարդիկ ի վերջո բանաստեղծություններ են գրում»: Ասածի մեջ դիմացինին ուղղված վիրավորանք չկար: Ասաց թեթևությամբ` այսպես հնչեցնելով իր մեծագույն ճշմարտություններից մեկը, որը նաև աշխարհինն է: