ՀԱՅ ՊՈԼԻՍԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ


Կոստանդնուպոլիս-Ստամբուլի ճարտարապետական դեմքը շատ բանով անավարտ ու աններդաշնակ կլիներ, եթե 19-րդ դարում Արևելքն ու Արևմուտքը միավորող այս քաղաքի քաղաքաշինական դիմագիծը չձևավորեին հայ ճարտարապետները: Նրանցից ամեն մեկն այստեղ բերեց հատկապես եվրոպական բարոկկոյի մի շարք դրսևորումներ` ստեղծելով ամբողջական և ինքնատիպ ճարտարապետական անսամբլներ: Նրանց անուններն առմիշտ սերտակցվել են քաղաքի պատմությանը, նրանք ստեղծել են իրենց դպրոցները, որոնց ավանդույթներով էլ ընթանում են այսօր թուրք ճարտարապետները` հարստացնելով Բոսֆորի ու Մարմարայի ափերին տարածված քաղաքի ճարտարապետական նկարագիրը: Օրերս Երևանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացված «Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները» խորագրով ցուցահան դեսը ժամանակ առաջ ներկայացվել է Ստամբուլում և արժանացել տեղի մտավորականության և ճարտարապետների բարձր գնահատականներին: Եվ ոչ միայն Ստամբուլի: Հայ ճարտարապետների ստեղծած արժեքները բարձր են գնահատել եվրոպական ճարտարապետության շատ նշանավոր ներկայացուցիչներ, իսկ թուրքական մամուլը գրել է, որ ստամբուլցիներն իրականում չգիտեն, թե ովքեր են ստեղծել Քուրթուլուշ, Փանկալթը, Թաքսիմ, Ճիհանկիր, Թարլապաշը, Ղալաթիա և այլ թաղամասերի ճարտարապետական կերպարները, «Չգիտեն», թե ովքեր են կանգնած եղել Դոլմաբախչեի ճարտարապետական գլուխգործոցի ակունքների մոտ: Ուշագրավ է, որ վերջին տարիներին Թուրքիայում առավել հաճախ են խոսում այն մասին, որ երկրի ամենագեղեցիկ քաղաքի կառուցման մեջ մեծ է հայերի ներդրումը: Ասել է թե` պատմական ու գեղարվես տական ճշմարտություններն արդեն ստիպում են թուրք մտավորականությանը` կարևորել հայերի ներդրումները: Այս ցուցահանդեսն ունի առանձնահատկություններ, որոնք ամփոփված են թե´ լույս տեսած գրքում, թե´ նկարահանված ֆիլմում, որը տեսանելիորեն պատկերում է ժամանակակից Ստամբուլում իրենց դասական ներկայությամբ առանձնացող ճարտարապետական հղացումները: Ցուցահանդեսի համադրող Հասան Կուրույազչին ամեն ինչ արել է, որպեսզի պատշաճորեն ներկայանան այն 100 աշխատանքները, որոնք կազմել են ցուցադրության առանցքը: Ցուցահանդեսի այցելուների համար կկազմակերպվեն զրույցներ և դասախոսություններ: Օգոստոսի 31-ին փակելով երևանյան ցուցադրությունը` նրա կազմակերպիչ ները սեպտեմբերին կհյուրընկալվեն Գյումրիում, իսկ հոկտեմբերին` Վանաձորում: