Օր խնկարկումի,

օր ոգեկոչման


Վաղը ոգեկոչումի օր է: Եվ հայ մարդը, որ արդեն թոթափել է զոհի բարդույթը, կխնկարկի անմեղ զոհերի հիշատակը ու նորից կնայի մարդկության աչքերին: Կնայի անքթիթ` ոչ թե խղճահարություն մուրալով, այլ պահանջատիրությունը բռունցքելով: Իսկ մարդկության այն հատվածը, որը ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել երկդիմության շղարշից, երևի նորից կփախցնի հայացքը: Մինչդեռ Հայոց ցեղասպանության փաստն արձանագրած երկրները իրենց ձայնը կմիացնեն Հայ Դատին, մեր պահանջատիրությանը: Զի արդարության ջատագովները լավ գիտեն, որ լռելյայն կոծկվող ոճիրը նոր պատուհաս է դառնալու: Պատուհաս, որը բազմասայր սուտ է, ու ոչ մեկը ապահովագրված չէ դրա թիրախը դառնալուց:

Շուրջ մեկ դար պահանջվեց, որպեսզի անտարբերության թմբիրը տեղի տա և շատերի հայացքն ուղղվի դեպի հայոց ողբերգությունը: Ինքնապաշտպանության բնազդը, արյունռուշտ խուժանի անմարդկային նոր նախճիրները (հիմա դրան ահաբեկչություն են ասում) կանխելու մղումը գեթ պետք է ստիպեր` գնահատական հնչեցնել, գոնե քաղաքակիրթ հատուցում պահանջել: Տասնամյակների անտարբերության սառույցը, սակայն, սկսել է շարժվել: Եվ համազգային ցավի տարելիցը, անշուշտ, մի նոր խթան կդառնա` քաղաքակիրթ երկրի դիմակ հագնել փորձող մեր հարևանից ինքնաճանաչողություն պահանջելու: Հրապարակային ինքնաճանաչում, ասել է թե` ապաշխարանք մեղաց:

Համայն հայությունը վաղը նորից կխնկարկի թուրքական նախճիրի զոհերի հիշատակը: Անցած 99 տարիները չեն ամոքել արնածոր վերքը, բայց հատուցման ժամը մոտ է այլևս: Աշխարհը երբեմն համրանում է, երբեմն` կարճատես դառնում... Մարդկային խիղճն էլ նիրհում է հաճախ, բանականությունը խճողվում է ինչ-որ նենգ շահերի բավիղներում, տկարանում է բարոյականությունը ու բիրտ ուժի խրախճանքում նվաղում է արդարության ձայնը: Այսպես է երբեմն, թեկուզ` հաճախ, բայց ոչ ընդմիշտ:

Մարդկության պատմությունը, թերևս, այլ ընթացք կունենար, Ազգիս ուղին կարող էր ավելի անխոտոր լինել, եթե Հայի արյան ծարավ ենիչերիներին թույլ չտային յաթաղանել: