Ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի մասին արդեն քանի ամիս շրջանառվող տեղեկություններն առարկայանում են: Կառույցը հայտարարել է, թե ի վիճակի չէ ժամանակին կատարել ստանձնած պարտավորությունները և հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում:

Առաջին հայացքից սույն պնդումը ծիծաղելի լինելու չափ անհավանական կարող է թվալ: Բոլոր ժամանակներում ՀԷՑ աշխատել է գերշահույթով. դեռ տարիներ առաջ էին տարբեր շրջանակներից ապացուցելով հաստատում, որ էլեկտրաէներգիայի մեկ կիլովատի ինքնարժեքը վաճառքի գնից մի քանի անգամ ցածր է: Այսինքն, Էլցանցերը մեր երկրում գերշահույթով աշխատող բացառիկ կառույցներից է, բայց անցնող տարիներին էլեկտրաէներգիայի սակագինը միմիայն վերելք է արձանագրել: Ընկերությունը չի կատարել կամ գրեթե չի կատարել նաև պայմանագրով ստանձնած ներդրումային պարտավորությունները: Ասել է թե` հավաքագրված գումարները չեն «շռայլվել»: Ավելին, սպառված հոսանքի դիմաց գումարների հավաքագրումն իրականացվում է 100 տոկոսով, և դժվար չէ վերհիշել, որ ՀԷՑ-ի պատասխանատուները վերջին տարիներին ամեն առիթով հպարտացել են այս իրողությամբ: Էլցանցերը կանոնավորապես և բոլոր ժամանակներում իր ուրույն տեղն է զբաղեցրել նաև խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակում:

Որքան նախանձելի, նույնքան էլ օրինակելի թվացող այս իրավիճակը, սակայն, առաջին հայացքից է միայն այդպիսին թվում: Պարզվում է, որ հավաքագրված գումարներն ամբողջովին չեն մուտքագրվել ընկերության հատուկ հաշիվներին: Թե ո՞ւր են գնացել դրանք, կարելի է պատկերացնել: Ինչ-որ մարդկանց հանգիստ չի տվել սեփական գրպանը լցնելու մոլուցքը, ու արդեն տևական ժամանակ ՀԷՑ-ում սկսել է գործել թալանի ծանոթ ձեռագիրը:

Արդյո՞ք տեղի ունեցածի հեղինակները կառույցի ռուս ղեկավարներն են. դեռ վաղ է ասել: Պարզ է սակայն, որ նման իրավիճակը չափազանց ձեռնտու է Էլցանցերի հավանական գնորդներին:

Ի դեպ, նրանք նույնպես ռուսական ծագում ունեն. շրջանառվող տեղեկությունների համաձայն` «Հայաստանի Էլցանցեր» ընկերությունը առաջիկայում կգնի կա´մ տխրահռչակ «Գազպրոմը», կա´մ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ-»-ը: Իսկ մինչև վերջերս գերշահույթով աշխատող ընկերության սնանկացման պատճառը կարող է «գին գցելու» տրամաբանության շրջանակներում տեղավորվել: Ո՞ւմ հայտնի չէ, որ նման խոշոր կառույցներն ամեն անգամ վաճառելուց առաջ միտումնավոր սնանկացվում են, որպեսզի հնարավորինս ցածր գնով վաճառվեն: Ու ցավոք այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Էլցանցերում ու նրա շուրջ, ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է: