ՓՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՏ ՄԵՐ ԵՐԿՐԱՅԻՆ ՏԱՊԱՆԸ


Երևանյան մշակութային առօրյայի խայտաբղետ խճանկարը իրապես հարստացավ «ԱՐԵՎԱՎԻՇԱՊ» գրաֆիկական հումորի միջազգային նորահաստատ փառատոնի (տնօրեն` Հարություն Սամուելյան ) իմաստուն նրբերանգներով: Կերպարվեստասերների հավաքական կարծիքով` Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան, դիզայներների և նկարիչների միությունները կարողացան ամրակայել իրենց նորահնար նախաձեռնության ամենամյա պարբերականությունն ու լայնամասշտաբ ընդգրկումը: Համացանցային գերակտիվ փոխշփումներով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ երկրորդ անգամ ՀՆՄ մեծ ցուցասրահում պատշաճ ներկայացվեցին 39 երկրների 118 երգիծանկարիչների մոտ 500 աշխատանքների լրամշակված վերատպությունները:

Հայաստանյան արվեստասեր հանրությունը, ութնօրյա մանրախնամ ցուցադրությունից ստացած տպավորություններով, հստակ պատկերացում կազմեց «Նոյի վերադարձը» մրցութային թեմայով արված 164 երգիծապատկերների գաղափարական և կատարողական արժեքավորության մասին: Ի դեպ, ազատ թեմայով կատարված 332 աշխատանքներում ընդգրկված էին ոչ միայն մրցակցող երգիծանկարիչների, այլև կենդանի դասականի համարում ունեցող ժյուրիի անդամների ստեղծագործական մտքի խոսուն արտահայտությունները:

Բրոնզյա, արծաթյա և ոսկյա «Արևավիշապ» մեդալներ շահած 18 հաղթողներից շատերի երգիծապատկերները փառատոնային ցուցադրության պատահական այցելուներին անգամ համակում էր տարերային ու մարդկային ավերածություններից դեպի մոտալուտ հավանական կործանում նավարկող մեր երկրային տապանի անհապաղ փրկության անհրաժեշտության գիտակցությունը: «Արծաթյա Արևավիշապ» մեծ մրցանակի արժանացված, 30 տարի շարունակ Նոյի թեմայով ստեղծագործող ալեհեր Լևոն Աբրահամյանի եռաշար երգիծապատկերներից ծավալվող անաչառ ու մտերմիկ երկխոսությունն ասես շարունակվում էր Հայաստանի դիզայներների միության «Արծաթ» Արևավիշապ-ակիր Պավել Ջանգիրովի ինքնօրինակ քառագրությունում: Հետո կարծես աննկատ խորացվում էր ինքնուս Զավեն Օհանյանի և «Հայկական ժամանակ» օրաթերթի սրաչք երգիծանկարիչ ԱրզՕյի տարարվեստ պատկերաշարերով, ապա` նրբահմուտ լրացվում «Ոսկյա Արևավիշապ» և «Բրոնզյա Արևավիշապ» մեծ մրցանակներ շահած Վլադիմիր Կազանևսկու (Ուկրաինա) ու Մաքսիմ Սմագինի (Ռուսաստան), ինչպես նաև չմրցանակված մյուս երգիծանկարիչների` հումորի ու սարկազմի համադրությամբ արված նկարներով:

Անկարելի է, անշուշտ, մեն մի լրագրական անդրադարձով մանրակրկիտ արժևորել երկրորդ «Արևավիշապին» մասնակցող բոլոր երգիծանկարիչների մասնագիտա կան-գաղափարական հմտությունն ու խորաթափանցությունը: Ամենամանրազնին դիտողունակությամբ նույնիսկ անհնար է մտապահել ներկայացված բոլոր ուշագրավ աշխատանքների հեղինակների անունները (2-րդ «Արևավիշապին» մասնակցող 17 հայ երգիծանկարիչների անվանացանկում, ցավոք, «սղված էր» իր նրբահյուս վարպետութ յամբ շատերին հմայած ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը):

Մասնակիցներին հաջողվել էր միասնաբար ձևավորել մեծածավալ մի գոբելեն, որի կենտրոնում հայտնված Նոյը, սարսափած Երկիր մոլորակին պատուհասած մարդկային ու էկոլոգիական աղետների կործանարար ներուժի պոռթկումներից, կրկին իր առաքելության իրագործման կայուն լծակներ էր որոնում: Նրա ամենատես հայացքից չեն վրիպում Երկիր մոլորակը դժոխային գոյատևման դատապարտած մարդկային արարածների արգահատելի վարքուբարքի այլազան դրսևորումները: Աստծո կերպարով ու նմանությամբ ստեղծված, բնության զարդը համարվող մարդկային զանգվածների տարատեսակ հավաքականության մեջ նա շարունակում է որոնել, իսկապես դրախտային կյանք արարելու ունակ գեթ մի զույգ: Չկա ու չկա: Անգամ բուսական ու կենդանական աշխարհն է անդառնալիորեն խեղվել: Փրկության աղերսագրերով զմռսված անքանակ տափաշշեր են անօգնական տարուբերվում Երկիր մոլորակը սնուցող ցմրուր ապականված ջրերում: Իսկ ծխամած երկնակամարում անզոր թևածող Աղավնին ձիթենու ճյուղի փոխարեն Նոյին որպես չարագույժ նշան փշալարի մի ծվեն է բերում... Առկա երկրային պատկերների մռայլը ավելի ու ավելի է թանձրանում, հուսահատեց նում Նոյին, բայց չի ընկճում, չնայած արգելափակված է դեպի փրկության Արարատ նավարկելի երթուղին...

«Արևավիշապի» կազմակերպիչներին, անխոս, երկրորդ անգամ էլ հաջողվեց զարգացնել գլխավոր նպատակը` հանրաճանաչել հայկական կարևորագույն մեկ խորհրդանիշ ևս: Առաջնեկը 500-ամյա Հայ գիրքն էր: Չունենալով բավականաչափ ֆինանսական ռեսուրսներ` նրանք անզոր եղան հրապարակելու այս ցուցահանդես-մրցույթի կատալոգը, բայց մտադիր են վերստին ապավինել համացանցային «զինանոցին» և մեր երկրային տապանի անհետաձգելի փրկության գիտակցությունը ներարկել Ֆեյսբուքի միջոցով:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ