Ճանապարհ դեպի կինո


Ստեղծագործական դիմանկարի ուրվագիծ. Արեն ՎԱԹՅԱՆ

Արվեստագետների ընտանիքում 1977-ից հասակ առնող Արենի առաջին մշակութային խենթավուն թրթիռների մասին այսօր ներողամիտ ժպիտով են հիշում երաժշտության, գրականության, կինոյի ու թատրոնի ոլորտներում հաստատված ծնողները: Փոքրիկ «պլագիատորը» իրեն դուր եկած բանաստեղծությունները մեծ ներշնչանքով ասմունքելիս դրանք որպես սեփական գործեր էր փորձում ներկայացնել: Հարազատների հետևողականությամբ շուտով բացահայտելով իրական հակումներն ու շնորհները` դպրոցում, հորից ժառանգած հումորի զգացումով, զվարթ անեկդոտներ էր գրում:

Առաջին անգամ հոր` Արմեն Վաթյանի գրած «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» կինոսցենարով հայտնվեց նկարահանման հրապարակում: Հետագայում, տեսնելով, թե ինչպես են ռեժիսորները կամայականորեն վերաձևում նրա գրական տքնանքի երախայրիքները, վճռեց` հենց մեծանա, անպայման կինոռեժիսոր է դառնալու: Տհաճութ յամբ հաճախելով երաժշտական հանրակրթարանի դասական կիթառի դասերին` սիրով հեղինակային երգեր էր հորինում ու կատարում: Ավարտեց նաև ջազային քոլեջի վոկալ բաժինը: Չէր մոռացել նվիրական երազանքի մասին: 1999-ին ավարտեց Մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոռեժիսուրայի բաժինը` միաժամանակ դերասանի վարպետություն ուսանելով Կինոդերասանի թատրոն-ստուդիայում: Սակայն կաթվածահար կինոարտադրության պայմաններում անկարելի էր կայանալ նախընտրած ոլորտում (մինչ օրս էլ, ավաղ, ծանր հոգեվարքում է «Հայֆիլմը»): Հոր խորհրդով և ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի թեթև ձեռքով ընդունվեց Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն: Արմեն Խանդիկյանի առաջարկով թատերական պատասխանատու դեբյուտը (Մոլիեր, «Ակամա բժիշկը» - Վալեր) «համեմեց» իր երգերի կատարումներով: Ճիշտ է, դրանց համար մրցանակվել էր հեղինակային երգի փառատոներում, բայց խստահայաց ընտրությամբ շուտով հրաժարվեց մի մասի հանրային հնչեցումից: Թրծվեց ու գունեղացավ արտիստական կերպապնակը տասնյակ դերակատարումներով, որոնցից հատկապես Մերկուցիոն (Շեքսպիր, «Ռոմեո և Ջուլիետ») խթանեց վարպետացման լուրջ առաջաքայլը. համարձակություն ներշնչեց հոր «Զանգ վերևից» մենադրամայի ինքնուրույն բեմադրությունը և խաղարկումը ձեռնարկել: Դրամատիկականում ստեղծագործելուն զուգահեռ նկարահանվեց մի շարք լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերում («Հերոստրա տ», «Փոքր քաղաքի մեծ պատմությունը», «Մի´ վախեցիր», «Ալմազ», «Մի´ նայիր հայելուն»):

«Սեղանիկների դարաշրջանի» հումորային անդրադարձով արված 15 րոպեանոց «Մի´տք կա» կարճամետրաժ դիպլոմային ֆիլմից հետո որևէ նոր կինոնկար չհաջողվեց էկրան բարձրացնել` մինչև 2008-ին ՀՀ մշակույթի նախարարության և Ազգային կինոկենտրոնի համագործակցությամբ «Գժուկներ» մանկապատանեկան երգիծական կինոալմանախի կենսագործումը: Վերջնականապես հրաժարվեց մոսկովյան հեղինակավոր թատրոններից մեկում հաստատվելու գայթակղիչ առաջարկից և, հակաստեղ ծագործական դժվարություններին դիմակայելով, հայրենիքում ինքնադրսևորման նոր ուղիներ որոնեց:

Ինչպես ենք սատարում մեր երիտասարդ

արվեստագետներին

Դերասան, սցենարիստ, կինոռեժիսոր Արեն Վաթյանի առաջնեկը` «Կավե մարդը» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ներկայացված հայտերի նախնական ընտրությունն անցկացնողների կողմից երիտասարդական` «Կորիզ» անվանակարգում նույնիսկ անմրցունակ որակվեց: «Ծիրանաժապավենի պտտահողմը» չէր հասցրել խաղաղվել, երբ 2013-ի օգոստոսին, նույն «Կավե մարդը» 4 մեդալ նվաճեց ամենամյա «UNICA» միջազգային կինոփառատոնում (Ֆիբերբրուն, Ավստրիա): ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնած 75-ամյա այդ ինքնատիպ կինոօլիմպիադայում Արեն Վաթյանը պրոֆեսիոնալների մեջ լավագույնը ճանաչվեց, գլխավոր դերակատար Կարեն Ջանգիրովը` «Տղամարդու լավագույն դերակատար»: Ֆիլմի շահած մրցանակներով Հայաստանի Հանրապետությունը թիմային մրցության մեջ 3-րդ տեղը գրավեց: Հայրենական խոշորագույն կինոփառատոնում կրկին թերարժևորվելուց ընկճված երիտասարդ արվեստագետը որպես սև հումոր ընկալեց Միացյալ Նահանգներից Ուսանողական և ոչ կոմերցիոն ֆիլմերի «NOFI» (Երևան - Լոս Անջելես) միջազգային փառատոնի նախագահ և «UNICA»-ի կազմկոմիտեի անդամ Արտաշես Հովհաննիսյանի հաղորդած լուրն իր «Կավե մարդու» հաղթական գնահատության մասին: Չէ՞ որ նախորդ «Ոսկե ծիրանում» անտեսվել էր նաև «Վանա ծովուն արշալույսը»… Մինչդեռ Հայոց եղեռնի մոտիվներով ստեղծված այս լիամետրաժ խաղարկային ֆիլմը արտասվախառն ուշադրությամբ էր դիտվել արտերկրի մի շարք կինոսրահներում: Այս անզուգական փոխըմբռնմամբ խանդավառված էլ համարձակվել էր ստեղծագործական հայտ ներկայացնել ՀՀ Ազգային կինոկենտրոն: Ստացել էր նաև ՀՀ մշակույթի նախարարության հավելյալ աջակցությունը և կյանքի էր կոչել հոր` ճանաչված կինոսցենարիստ Արմեն Վաթյանի 15 տարի առաջ հեղինակած «Կավե մարդը»:

Սեփական ներուժի հանդեպ շնորհալի երիտասարդի հավատը սկսեց ամրանալ, երբ երկու ամիս անց նոր հուսադրող լուր ստացվեց Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից` «Կավե մարդը» առաջին մրցանակի է արժանացել սկանդինավյան երկրների «RΖhvusvΖheline hΖrrΖstusfilΗide» կինոփառատոնում: Լոս Անջելեսյան «NOFI»-ի դեկտեմբերյան պատվավոր դիպլոմին այս գարնանը գումարվեց «Հարևանները` բարեկամներ են» կարճամետրաժ ֆիլմերի 20-րդ միջազգային փառատոնի (Բեռլին) գլխավոր մրցանակը: (Գյունտեր Շոլցի նախագահած հեղինակավոր հանձնախումբը 163 ֆիլմերից 55-ն էր ընտրել փառատոնի ֆիլմացանկում:) ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հնարավորություն ունեցավ Բեռլինի «Տոնի» կինոթատրոնի ներկայացուցչական տոնահանդեսում անձամբ ստանալու դժվարին մրցապայքարում իր առաջնեկի վաստակած ամենաշքեղ հաղթադափնին և նոր` վարշավյան կինոմրցության հրավերը: Տարազգի կինոգործիչներն ու բազմաբազում կինոսիրողները չէին թաքցրել գոհունակությունը` երիտասարդ կինոռեժիսորի` մարդու ներաշխարհը պեղելու նրբանկատությունից: Լքված շեների ու մարդկանց դրաման ֆիլմի տևողության ընդամենը 20 րոպեների ընթացքում ամենքին հասանելի էր դարձել ասես Մարկեսի գրքերից հառնած ծերունի բրուտագործի (Կարեն Ջանգիրով) ու անսպասելի նրա գյուղական հյուղակի բակում հայտնված 11-ամյա պատանու (Վահագն Գրիգորյան) անբռնազբոսիկ զուգախաղով:

Բարձր էր գնահատվել թե´ օպերատոր Աշոտ Մկրտչյանի, թե´ նկարիչ Ներսես Սեդրակյանի, թե´ կոմպոզիտոր Ֆլավիո Մեդեյրոսի և հնչյունավորող Հովակ Ալավերդյանի պրոֆեսիոնալիզմը: Որևէ մեկը չէր կարող երևակայել անգամ, որ վերջիններս Միացյալ Նահանգներից սկայպով են աշխատել ռեժիսորի հետ, առավել ևս` առանց հոնորարի` ինչպես և Մահվան չարագույժ հրեշտակ-Նազենի Հովհաննիսյանը:

Արտերկրի 4 կինոփառատոներում Արեն Վաթյանի «Կավե մարդու» ունեցած հաջողությունների շուրջ մտորելիս ակամա մտաբերում ես պետական աջակցությամբ կենսագործված ստեղծագործությունների արժանավորությանն առնչվող համառ հարցապնդումներին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի քանիցս հնչեցրած պատասխանը.

Մշակույթի նախարարությունը հնարավորինս աջակցում է տարատեսակ ուշագրավ նախագծերի իրագործմանը, բայց պատասխանատու չէ դրանց գեղարվեստա կան բարձր որակի համար. դա տարբեր մասնագիտական խորհուրդների իրավասությունն ու պարտականությունն է:

Ե՞րբ պետք է մշակութային դաշտի առողջացմամբ ի վերջո լրջորեն մտահոգվեն այդ մասնագիտական խորհուրդները, իրենց տված գնահատականներում առաջնորդ վեն մնայուն արվեստի չանձնավորված չափորոշիչներով: Կրթամշակութային հսկայածավալ արդի կառույցի աղտոտվածության ներկայիս համապատկերում դժվար է կանխագուշակել:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ