ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԵՐԵՎՍ, ԱՎԵԼՈՐԴ ԵՆ ՓՈՍ ՓՈՐՈՂԸ` ՓՈՍՈՒՄ


«Գազպրոմի» և «Հայռուսգազարդի» ղեկավարների միջև, ըստ տեղեկությունների, բավական ծանր խոսակցություն է տեղի ունեցել: Ռուսական կողմը գրեթե վերջնագրային տոնով «Հայռուսգազարդի» ղեկավարությանը պարտադրել է կա´մ իր պատկերացրած չափով սպառում ապահովել, կա´մ զգալիորեն իջեցնել մատակարարվող վառելիքի սակագինը: «Գազպրոմից» ասել են, թե սահմանի վրա 180 դոլարով գնվող և 360 դոլարին համարժեք դրամով յուրայիններին վաճառվող երկնագույն վառելիքի չպատճառաբանված բարձր միջնորդավճարը սկսել է զայրացնել իրենց, և «Հայռուսգազարդը» հավելյալ գումարը մեղմելու հաշվին հանգիստ կարող է նվազեցնել սակագինը: Ըստ տեղեկությունների` նման զրույցի առիթ է դարձել ռուսական կողմին հասած լուրերը, համաձայն որոնց` կլորիկ գումարներ գրպանող «Հայռուսգազարդը» միայն մանր¬մունր, բայց աչք ծակող ծախսեր է անում` առանձնապես չմտահոգվելով ո´չ սպառման ծավալների անկմամբ, ո´չ երկրի խոշորագույն կառույցներից մեկին սպառնացող է´լ ավելի մռայլ հետևանքներով: