Անցյալի պարսատիկը ապագային հարվածում է... թնդանոթով


Հայոց ցեղասպանության յուրաքանչյուր տարելիցի նախաշեմին Թուրքիան ու թուրքերը հայտնվում են քաղաքական տենդի մեջ: Սկսում են պետական ու հասարակական մակարդակներով ամեն ինչ անել` իրենց նախնիների արյունարբու ոճրագործությունը որևէ նոր պետության, միջազգային կառույցի, աշխարհում քաղաքական կշիռ ունեցող անհատների կողմից ճանաչելու սպառնալիքը խափանելու, գոնե... հետաձգելու համար: Մի՞թե չեն հասկանում, որ այդպես անվերջ շարունակվել չի կարող, որ վաղ թե ուշ, ինչպես իրենք են ասում` առերեսվելու են իրենց պատմության հետ: Ենթադրել, թե թուրքերն, իբր, «տեղյակ չեն»` իրականում ի՞նչ է կատարվել անցյալ դարասկզբին, որ Արևմտյան Հայաստանում ապրող մոտ 4 միլիոն հայերից այժմ մնացել են իրենք իրենց հայ համարելուց չվախեցող ընդամենը մի 40-50 հազար մարդ` միամտություն կլիներ: «Տեղյակ չլինելու» այս սուտն ընդամենը արդարացումն է Թուրքիայի ժխտողական քաղաքականության: Նույն նպատակն են հետապնդում նաև Անկարայից պարբերաբար հնչող «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու, «արխիվները բացելու» փարիսեցիական հորդորները: Նախ, մեր արխիվները երբե´ք փակ չեն եղել: Այդ մասին հերթական անգամ 2011-ի ապրիլի 20-ին հայտարարեց ՀՀ պետական արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Բաց են նաև առաջին աշխարհամարտի թոհուբոհում հայտնված պետությունների, այդ թվում Թուրքիայի այն ժամանակվա դաշնակից Գերմանիայի, անցյալ դարասկզբին Թուրքիայում իրենց դիվանագիտական ներկայացուց չություններն ունեցող պետությունների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի և բազմաթիվ ուրիշների արխիվները: Վերջապես, բնավ փակ չեն այն ժամանակվա թերթերի` եվրոպական, ռուսական, ընդհուպ արգենտինյան մամուլի հավաքածուները: Դրանցում հսկայական նյութ, այդ թվում և ռեպորտաժներ կան օտար լրագրողների ամեն տեսակ հրապարակումներից: Դրանք անկողմնակալ ականատեսների ամենաիսկական վկայություններ են` տեսած կամ լսած սարսափների մասին: Եվ այդ փաստերի պատկառելի մասը վաղուց արդեն վերահրատարակվել է գրքերի ու գիտապատմական ուսումնասիրությունների տեսքով, այսինքն դրվել է գիտական շրջանառության մեջ, հանգրվանել է աշխարհի շատ ու շատ գրադարաններում: Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի նախաշեմին, հավելումն մեր պետական արխիվներում պահվող 10000 փաստաթղթի, այլոց դիվանագիտական շուրջ 2000 նոր գրագրություններ ևս բերվեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և կրկին մատչելի դարձվեց ցանկացած մարդու, այդ թվում` թուրքերին: Դրանք այն տարիներին Թուրքիայում պաշտոնավարած տարբեր երկրների դիվանագետների գրագրություններն են, որոնցով իրենց կառավարություններին զեկուցում են, թե իրականում ի՞նչ է կատարվում Թուրքիայի հայության հետ: Տխմար պիտի լինել` չհասկանալու համար, որ աշխարհի 22 երկրների խորհրդարաններ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում Եվրոպառլամեն տը (երկու անգամ), առանց սեփական դիվանագիտական արխիվներին ծանոթ լինելու, առանց պատմական փաստերի ուսումնասիրության, զուտ իբրև թե իրենց հայազգի քաղաքացիների ճնշմամբ կամ «հայկական լոբբիի» ջանքերով` կընդունեին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր: Նույնիսկ այն երկրները (օրինակ` ԱՄՆ-ը), որոնք ժամանակակից Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները չփչացնելու դիտավորությամբ դեռ չեն ընդունել ու չեն դատապարտել 1915-1922 թթ. Հայոց ցեղասպանության փաստը, միևնույն է, երբեք այնքան անբարոյական չեն եղել, որ հակառակը պնդեն: Որոշակի շրջանակներում այն մտայնությունը կա, թե Թուրքիան ու թուրքերը, իբր, վախենում են Հայոց ցեղասպանության փաստն ընդունելուց, որովհետև համոզված են, որ դրան անմիջապես հետևելու է ցեղասպանության ենթարկված ժողովրդի վերապրող շառավիղներին փոխհատուցում տրամադրելու պահանջը: Այդ մտավախությունն ունեն նաև այսօր մեր բնապատմական հայրենիքում ապրող քրդերը, թուրքերն ու այլ ազգերի ներկայացուցիչները: Մանավանդ նրանք, ովքեր մինչև հիմա էլ վայելում են ցեղասպանության ենթարկված մեր պապերի տուն ու տեղը, արտն ու այգին, մեր կառուցած շենք-շինությունները, անգամ` դեռևս չքանդված եկեղեցիները, որոնք անամոթաբար վեր են ածել մզկիթների: Թուրք հասարակության զգալի մասի հակահայ տրամադրությունների պատճառների շարքում այսօ´ր էլ իր որոշակի դերն է խաղում փոխհատուցում վճարելու, իրենց պապերի թալանածը տերերի ժառանգներին վերադարձնելու կենդանական սարսափը: Բայց թուրք պետության ղեկավարները չեն կարող չիմանալ, որ միջազգային իրավունքում «փոխհատուցում» հասկացությունը չի ենթադրում պատմական հողերի վերադարձ: Հողի հարցը մի´շտ արյան հարց է եղել: Առավելագույնը, որին վաղ թե ուշ կհամաձայնեն թուրքերը, ցեղասպանության ենթարկվածների թվաքանակին համապատասխան` դրամական փոխհատուցում վճարելն է: Յուրաքանչյուր սպանվածի համար` 20 հազար ԱՄՆ դոլար. դա´ է միջազգային պրակտիկան: Ահա ինչու նույնիսկ այն թուրքերը, ովքեր իբրև թե բարոյականություն ունեն Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու` վիճարկում են զոհվածների թիվը: Օրինակ, Նոբելյան մրցանակի արժանացած թուրք գրող Օրհան Փամուքը երեք տարի առաջ գերմանական մամուլին տված հարցազրույցում պնդում էր, թե «Թուրքիայում սպանվել է 1 միլիոն հայ և 30 հազար քուրդ»: Ոչ թե մեկևկես միլիոն, այլ, իբր, մեկ միլիոն: Ուրիշներն է´լ ավելի պակաս թվեր են մատնանշում` 600 հազար, 300 հազար... Ինչո՞ւ: Որպեսզի վաղը որքան հնարավոր է` փոքր դրամական փոխհատուցում վճարեն: Ինչ վերաբերում է հայրենազրկված և աշխարհով մեկ սփռված ժողովրդի վերապրող շառավիղներին, ապա միջազգային իրավունքը նրանց համար իբրև փոխհատու ցում նախատեսում է ընդամենը...հայրենիք վերադառնալու իրավունքի հարգում: Աշխարհով մեկ սփռված 7-8 միլիոն հայերի ո՞ր տոկոսը կհամաձայնի վերադառնալ Թուրքիա… Թուրք պետության ղեկավարներն այդ ամենը հրաշալի հասկանում են: Նրանք ո´չ մեր հայրենիք վերադառնալուց են վախենում, ո´չ մեր հողային պահանջատիրութ յունից: Առավել ևս. Արևմտյան Հայաստանի մեր պատմական հողերի վրա այժմ առնվազն 7 միլիոն քուրդ է ապրում, չհաշված մյուսներին: Եթե երբևէ մեր բնապատմական հայրենիքը վերադարձվի կամ միացվի Հայաստանի Հանրապետությանը, ապա մենք մեր իսկ պետության մեջ ակնթարթորեն կդառնանք... ազգային փոքրամասնություն: Սա` իմիջիայլոց: Իսկ թրքաց ժխտողականությունն ա´յլ դրդապատճառ ունի: Նրանք երկար ժամանակ համառում են իրենց բութ ժխտողականության մեջ, և քանի գնա` այնքան ավելի համառ են դառնալու: Որովհետև ինչքան շատ ժամանակ անցնի, այնքան ավելի շատ են ամաչելու թե´ սեփական ժողովրդից, թե´ համաշխարհային հանրությունից: Ինչպե՞ս խոստովանեն, որ մեկ դարաչափ խաբել են թե իրենք իրենց, թե մնացած բոլորին` սեփական պետությունը կառուցելով ստի, կեղծիքի, արյան ու անարդարության վրա: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը հօդս կցնդեցնի թուրք պետական պաշտոնեության սերնդե-սերունդ քարոզած այդ սուտը: Միանգամայն հնարավոր է, որ դա հանդիսանա նաև կեղծիքի ու արյան վրա կառուցված պետության փլուզման պատճառը: Այսինքն, թրքական ժխտողականության թաքուն զսպանակը իրենց պետականության կործանումը կանխելու կամ հետաձգելու ներքին, միգուցե նույնիսկ` դեռևս ենթագիտակցական ձգտումն է: Ասացվածք կա` անցյալի պարսատիկից անարդարորեն նետված քարը ներկայի ու ապագայի վրա միշտ կրակում է… թնդանոթով:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ