Անհաղթահարելի ոչինչ չկա


Բանակն առնականության դպրոց է: Այստեղ է կոփվում, գաղափարապես հասունանում ու ձևավորվում իսկական հայրենյաց պաշտպանը: Զորամասերում տիրող կարգուկանոնը, որոշակի պարտականությունների ստանձնումն ու պատշաճ կատարումը պատանուն դարձնում են ավելի ինքնուրույն, հասուն և սկզբունքային, օգնում են ինքնահաստատվել: Իսկ ծառայության դժվարությունները տղամարդուն վայել` արժանապատվորեն հաղթահարելու հաստատակամությունը դառնում է բնավորության կայուն գիծ: Ինչպե՞ս են արձագանքում զինծառայողները բանակային «փորձություններին»: Ամենամեծ դժվարության և այն հաղթահարելու իրենց փորձի մասին են պատմում տարբեր զորամասերի` մեր զրուցակից զինծառայողները: Վահե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ. - Ամենամեծ դժվարությունը կարոտն է և այն զգացումը, որ հեռու ես ծնողներից, հարազատներից և ընկերներից: Կարոտից բացի` մյուս դժվարությունները հաղթահարելի են: Պետք է հպարտությամբ կատարենք մեր պարտքը: Հերթափոխը մերն է: Մեզանից առաջ հայրենիքը պաշտպանել են մեր հայրերը, մենք էլ պիտի պատվով ծառայենք, որ օրինակ դառնանք հաջորդ սերնդի համար: Պիտի ուժեղ լինենք, քանի որ պատերազմական դրության մեջ ենք, և թշնամին չի նիրհում: Ֆրունզե ՄԱՐԳԱՐՅԱՆ. - Ծառայության սկզբում ամենադժվարը կարոտին դիմանալն է, քանի որ մենակ ես` ծնողներից ու հարազատներից հեռու: Միանգամից հայտնվում ես նոր միջավայ րում, ծանոթություններ հաստատում, ընկերներ ձեռք բերում: Պետք է կարողանաս այդ միջավայրում քեզ դրսևորել: Զինվորը պիտի կարողանա դիմանալ բոլոր փորձութ յուններին, հաղթահարել դրանք և առաջ գնալ: Դժվարություններն են կոփում ու կամք դաստիարակում` զինվորին դարձնելով ավելի ուժեղ ու գիտակից, զինում վեհ գաղափարներով: Առաջին հերթին հենց նա է նկատում այն հսկայական փոփոխությունը, որակներն ու հատկանիշները, որոնք նախքան ծառայությունը բացակայում էին իր մեջ: Անդրանիկ ՀԱՐՈՅԱՆ. - Արդեն 22 ամիս է` Հայոց բանակի զինվոր եմ: Շուտով կզորացրվեմ: Նախքան զորակոչվելս այլ պատկերացումներ ունեի, կյանքին մի տեսակ մանկական աչքերով էի նայում: Ծառայությունը շատ բան է փոխել իմ մեջ: Սկսել եմ ավելի լավ մտածել, կշռադատել: Այստեղ դու մարտական առաջադրանք ես ստանում և պետք է ժամանակին կատարես: Իսկ դա հեշտ չէ: Երբ կարողանում ես կատարել առաջադրանքը, առաջին հաջող քայլերն արդեն մեծ ինքնավստահություն են ներշնչում: Երբ տեսնում ես զենքն իրականում, լսում լիցքավորման կոպիտ ձայնը, իմանում նրա պատմությունը, սկսում ես ավելի լուրջ վերաբերվել ծառայությանը: Վիկտոր ՎԱՍԻԼՅԱՆ (սերժանտ). - Առաջին հերթին ինքնուրույնություն ես ձեռք բերում, դժվարություններն ավելի հեշտ ես հաղթահարում: Ծառայությունը մեծ կյանք մտնելուն է նախապատրաստում: Օգնում է լավ հասկանալ մարդկանց, ավելի լուրջ վերաբերվել երևույթներին: Նախկինում որոշ դժվարություններ անհաղթահարելի էին թվում, հիմա ամեն ինչ փոխվել է: Վերջապես այստեղ է պատանին դառնում իսկական տղամարդ, իսկ բանակից հետո, անշուշտ, ընտանիքի լավ հայր և քաղաքացի: Հաբեթ ՎԱՐԴԱՆՅԱՆ (ավագ սերժանտ). - Փոխվել են հայացքներս կյանքի նկատմամբ: Նախքան ծառայությունն ավելի թեթև էի նայում ամեն ինչին, մի տեսակ «մատների արանքով»: Այստեղ սովորեցի կյանքին, նաև ապագա ծրագրերիս և անելիքներիս ավելի լուրջ վերաբերվել: *** Ծառայության դժվարություններն արդեն որոշ չափով հաղթահարած` հասուն ու գիտակից հայրենյաց պաշտպաններն ի՞նչ են պարտավորեցնում ծառայությունից խուսափելու ելքեր փնտրող երիտասարդներին: Վիկտոր ՎԱՍԻԼՅԱՆ. - Խորհուրդ կտայի` չխուսափել ծառայությունից: Բոլոր դժվարությունները տղամարդու համար են: Անհաղթահարելի ոչինչ չկա: Գրիշա ԲՈՇՅԱՆ. - Կարիք չկա ծառայությունից խուսափել: Դա անհրաժեշտ է յուրաքանչյուր երիտասարդի` հատկապես հայ տղայի համար: Այսօր պատերազմական դրության մեջ ենք, պիտի ծառայենք, մեր ներդրումն ունենանք հայրենիքի պաշտպանության գործում: Հաբեթ ՎԱՐԴԱՆՅԱՆ. - Պետք չէ ծառայությունից խուսափել, երբ առողջական խնդիրներ չկան: Միգուցե մտածում են, որ 2 տարին անիմաստ է անցնում, բայց այդպես չէ: Բանակը շատ բան է տալիս տղային: Անդրանիկ ՀԱՐՈՅԱՆ. - Չէի ուզի որևէ մեկին քննադատել, բայց լավ կլիներ, որ բոլոր տղաները ծառայեին: Չծառայած մարդն ավելի հեշտ է «կոտրվում»` կյանքի դժվարություններին հանդիպելիս: Խաչիկ ԲԱՐՍԵՂՅԱՆ (սերժանտ). - Սխալ է ծառայությունից խուսափելը: Յուրաքանչյուր հայ տղա պետք է զինվոր դառնա: Պիտի աշխարհին ապացուցենք, որ հայ ազգը կա, ուժեղ է և հզոր: Տպավորիչ ու սրտաբուխ են զինվորի շուրթերից հնչող խոսքերը և առավել քան համոզիչ: Դրանք անսահման հավատ են ներշնչում հայրենյաց պաշտպանի հանդեպ, մեկ անգամ ևս ապացուցում, որ Հայոց բանակը հզոր է և անպարտելի:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ