Դիվանագիտական վրիպակներից խուսափելու հրամայականը


Սերժ Սարգսյանի հրավերով Գյուլի` Երևան այցելելուց հետո, թուրքական ԶԼՄ-ներով ճշմարտանման տեղեկատվություններ են պարբերաբար տարածվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: Վերջերս էլ մոտ երկու շաբաթ անընդմեջ ասվում, փոխհարվում էր, թե ապրիլի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի երևանյան այցի ընթացքում ինչ-որ փաստաթուղթ պետք է ստորագրվեր հիշյալ գործընթացի շրջանակներում: Այդ մասին սկսել էին խոսել, ինչ-ինչ ենթադրութ յուններ անել նաև Երևանում: Անցած շաբաթ ապրիլի 16-ը եկավ ու անցավ, Ալի Բաբաջանն էլ` հետը… Իրականում ապրիլի 16-ը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հավաքի օրն էր: Հատկանշական է, որ մինչև վերջին պահը պարզ չէր` Բաբաջանը կմասնակցի՞ երևանյան հավաքին, թե` ոչ: Թուրքիայի արտգործնախարարությունն այդ մասին լռում էր: Դա, թերևս, դիվանագիտական հնարք էր` երկրի, տվյալ դեպքում Թուրքիայի դերն ու նշանակությունը կարևորելուն միտված: Նույնպիսի հնարք էր նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող ինչ-որ փաստաթղթի հնարավոր ստորագրման մասին Թուրքիայից տարածվող տեղեկատվությունը: Պետք է խոստովանել, որ այդ ճշմարտանման լրատվությունն իր նպատակին ծառայեց. խայծը կուլ տվեցին հատկապես… Վրաստանում: Հայ-թուրքական սահմանի բացվելը բոլորովին նոր իրավիճակ կառաջացնի Մերձավոր Արևելքում ընդհանրապես և նրա անբաժանելի մասը հանդիսացող հարավային Կովկասում մասնավորապես: Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր, իսկ Վրաստանը` կկորցնի այդպիսին լինելու մենաշնորհը և դրանից բխող տնտեսական ու քաղաքական շահաբաժինները: Այս առումով միանգամայն հասկանալի է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման, սահմանի հնարավոր բացման մասին նույնիսկ խոսակցություն ների հանդեպ Վրաստանի խանդը: Պաշտոնական Թբիլիսիից հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունն անիրական համարող հայտարարություն հնչեց: Այնուհետև, երևի գիտակցելով ուրիշ երկրների հարաբերություններին միջամտելու անհեթեթությունն ու կոռեկտ չլինելը, Թբիլիսիի պաշտոնական շրջանակները հիշյալ հայտարարությունը տեղեկատվական սխալ համարեցին, նշելով, թե իրականում ասվել է, որ սահմանը դեռևս չի բացվել… Այս ուղղումն ավելի անհեթեթ էր, քանզի ոչ ոք չի ասել, թե սահմանն արդեն բաց է… Վրացական այս զավեշտը պարզապես ավելի է ընդգծում մեր հյուսիսային անմիջական հարևանի տագնապը` հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման խոսակցություններից անգամ: Ինչևէ: Սակայն Հայաստանի քաղաքական վերլուծաբանների շրջանակներում պաշտոնական Երևանի և Անկարայի հարաբերություններում առկա գործընթացների մասին կան իրարամերժ տեսակետներ: Քաղաքագետներից ոմանք կարծում են` երկու երկրների միջև ընթացող զարգացումները դրական հանգուցալուծում չեն ունենա: Նրանք պնդում են, թե հայ-թուրքական մեղրամիսը շուտով կավարտվի, և սահմանը չի բացվի: Այս առումով հատկապես լրջորեն անհանգստություն է առաջացնում այն պատկերը, որն ուրվագծվում է Անկարայից ու Երևանից հնչող պաշտոնական հայտարարությունների ֆոնին: Խնդիրն այն է, որ բոլորովին վերջերս Թուրքիո վարչապետ Էրդողանն ի լուր աշխարհի հայտարարել է, թե առանց ղարաբաղյան հակամարտության լուծման հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսք լինել չի կարող: Իսկ Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների արտգործնախարարների հավաքին հաջորդած մամլո ասուլիսում ՀՀ արտգործնախարարն իր հերթին ասելով, թե Հայաստանի և Թուրքիայի միջև ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, հայտարարեց, որ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում «առաջընթաց տեսնում ենք»: Ի՞նչ է ստացվում. ըստ Էրդողանի հիշյալ հայտարարության` Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացելու հիմքում առաջադրում է ղարաբաղյան խնդիրը: Իսկ Հայաստանը համաձա՞յն է այդ նախապայմանին` արտգործնախարար Էդ. Նալբանդյանի բերանով հայտարարելով, թե հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ընթացող բանակցություններում առաջընթաց տեսնում ենք: Սա, թերևս, վրիպակ կարելի է համարել: Բայց այդպիսի մակարդակներում թույլ տրված վրիպումները շատ թանկ կարող են արժենալ: Արդյո՞ք Էրդողանի և Նալբանդյանի այս հայտարարությունների տեսքով հեռակա երկխոսությունը հիմք ընդունելով և դրա համատեքստում չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ մոտ է… Ուրբաթ Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրն է: Ինչպես ամեն տարի այդ օրը, մարդկային ծովը կծփա Ծիծեռնակաբերդում: Թերևս, արժե, որ անմար կրակի մոտ մտորենք նաև ներկայում և ապագայում մեզ սպասող մարտահրավերների ալեբախումներում աննշան թվացող, բայց լրջագույն հետևանքներ ենթադրող վրիպակներ թույլ չտալու մասին:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ