Հիվանդագին ատելություն, թե՞ անմեղսունակություն


Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդար-օղլին ՌԴ իր պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ քննարկել էին երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, սկսած ադրբեջանական գազը միջազգային գներով ամբողջովին Մոսկվային վաճառելուց, վերջացրած Ադրբեջանին ռուսական զենքի մեծաքանակ մատակարարումներից: Ի շարս այլ հարցերի, խոսակցության առարկա էր դարձել նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների հարցը: Մեդվեդևն ասել էր այն, ինչ արդեն երկար տարիներ կրկնում է պաշտոնական Մոսկվան. «Մենք միշտ փորձել ենք նպաստել հակամարտության կարգավորմանը, և եթե այս կարգի հանդիպումներն ու շփումները շարունակվեն, ապա ես համոզված եմ, որ խնդրի լուծումն այլընտրանք չունի…Այնպիսի լուծումը, որը կբխի երկու ժողովուրդների շահերից…»: Ալիև-Կրտսերը մի փոքր ազատություն էր տվել լեզվին. «Վերջին շրջանում կողմերի դիրքորոշումները որոշակիորեն մերձեցել են, համաձայնեցված են մի քանի հարցեր, որոնք թվում էին դժվար լուծելի, իսկ սա լավ հիմք է բանակցությունները շարունակելու համար…»: Այսքանի մեջ ի՞նչ նոր բան կա: Նախագահներ են, հանդիպել են, իրար հետ երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր են քննարկել…Անհանգստանալու որևէ պատճառ չկա: Ինչու՞ է Ռուսաստանը շահագրգռված ադրբեջանական գազն ամբողջովին գնելու հարցում: Պարզ չէ՞, ուզում է դառնալ եվրոպական տարածաշրջանի ամենամեծ, եթե ոչ միակ գազամատակարարը, իր ձեռքում կենտրոնացնել այստեղից վաճառքի հանվող ամբողջ գազը: Դա նրան փաստացի մենաշնորհային դիրք կտա շուկայում և նա դրանից միայն ու միայն կշահի: Ինչու՞ է Մոսկվան Ադրբեջանին զենք վաճառում: Իսկ ինչու՞ չպիտի վաճառի, եթե ինքը զենքի ամենամեծ արտահանողներից մեկն է աշխարհում և Ադրբեջանին էլ դա տրամադրում է նույն միջազգային գներով: Այն դեպքում, երբ ՀԱՊԿ անդամ Հայաստանին, օրինակ, զուտ որպես իր ռազմավարական գործընկեր ու նշված պայմանագրի անդամ` նույն զենքը վաճառում է շատ ավելի մատչելի գներով: Ինչու՞ է Մեդվեդևը Ալիևի հետ քննարկել Արցախյան հարցը: Իսկ ինչու՞ չպիտի քննարկի, եթե Ռուսատանը Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահներից մեկն է և եթե Իլհամ Հեյդար-օղլին շատ է ուզում իր Մոսկվայում գտնվելու առիթն օգտագործելով` ռուս պաշտոնակցին որոշ տեղեկատվություն տրամադրել: Առողջ տրամաբանությունից ոչ զուրկ որևէ մեկն այս ամենի մեջ մեզ համար անհանգստության տեղիք տվող որևէ բան չէր կարող նկատել: Արի ու տես` անցյալ շաբաթ մեզանում գտնվեցին քաղաքական շրջանակներ, որոնք, բա չե¯ք ասի, «խի¯ստ անհանգստացած էին» Ալիև-Կրտսերի մոսկովյան վերջին այցից: Որովհետև, պատկերացնու՞մ եք, հեռուստաէկրաններից Իլհամ Հեյդար-օղլին թողնում էր…«բարձր տրամադրություն ունեցող» մարդու տպավորություն: Սա զառանցագին կասկածամտությու՞ն է, թե՞ գիտակցված քաղաքական շահարկում: Ինչի՞ց: Ըստ այս զառանցանքի հեղինակների, ինչքան էլ Հայաստանի իշխանությունները «պնդեն, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորումը կապված չէ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման հետ, այսուհանդերձ, նկատելի է, որ երկու խնդիրներն էլ կարգավորվում են կամ լուծվում են նույն հարթությունում և նույն ժամանակահատ վածում…Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ ՌԴ նախագահը չի բացառել, որ հնարավոր է նոր գաղափարների առաջացում ԼՂ հակամարտության լուծման գործընթացում»: Է, հետո՞ ինչ: Ո՞վ ասաց, որ այդ «նոր գաղափարները» մեզ համար անընդունելի կամ վատ են լինելու: Եթե ոմանց «քաղաքագիտական լո¯ւրջ վերլուծությունները» կառուցվում են այս կամ այն պետական գործչի հիմարավուն ժպիտները հաշվի առնելով` ապա վա¯յ այդ «վերլուծությունների» մակարդակին: Եթե նույնիսկ Ադրբեջանի նախագահն ուրախ էր, մի՞թե չէ՞ր կարող ուրախ լինել… բազմաթիվ այլ պատճառներով: Օրինակ, բացառվա՞ծ է, որ մտքում արդեն հաշվում էր, թե Ռուսաստանից զենք գնելու գործարքից անձամբ իր օգուտները որքա՞ն են կազմելու: Որ մի քանի տասնյակ միլիոն դոլար հանգրվանելու է նրա իսկ բանկային հաշվեհամարներում` կարելի է ենթադրել: Հավատացած եղեք, մի քանի տասնյակ միլիոնը նույնիսկ Ադրբեջանի գերկոռումպացված նախագահի համար այնքան էլ փոքր գումար չէ, որ դրանից նա մտքում ձեռքերն իրար չշփեր ու քթի տակ ինքն իրեն չժպտար… Ինչ վերաբերում է Արցախյան հակամարտության հարցը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հետ «մի փաթեթում լուծելու» ենթադրությանը, ապա եթե դա Ադրբեջանին ձեռնտու լիներ` Բաքվում այդքան մեծ վայնասուն չէր բարձրանա Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հայ-թուրքական միջպետական սահմանը բացելու հնարավորությունների դեմ: Բաքուն դրանց ոչ միայն չէր խոչընդոտի, ընդհուպ մինչև պատժամիջոցներով սպառնալով իր ավագ եղբայր Թուրքիային, որի դրսևորումներից մեկն էլ հենց, ի հեճուկս Թուրքիայի, ադրբեջանական գազը ամբողջովին Ռուսաստանին վաճառելն է, այլև կնպաստեր, որ Հայաստան -Թուրքիա հարաբերությունները իսկապես լավանան… Բայց, ինչպես երևում է, տրամաբանական դատողություններ անելը խորթ է մեր ծայրահեղ ընդդիմադիրներից ոմանց մտածելակերպին: Նրանք արդեն «գյուտ» են արել, թե Ալիև-Կրտսերի մոսկովյան ուղևորությունից հետո, առաջիկա ապրիլի 23-ին, ՍերԺ Սարգսյանը նույնպես այնտեղ է հրավիրվելու, որտեղ «նրան մեկ անգամ ևս պետք է բացատրեն, թե ինքն ինչ փաստաթղթի տակ պետք է ստորագրի…»: Իբր` այդ փաստաթուղթն արդեն… կա¯, մնում է, որ Հայաստանի Նախագահն…ստորագրի: Ընդսմին, այս զառանցանքի հեղինակները անհարմար չեն զգում հանրությանը մոլորեցնել, իբր «Սերժ Սարգսյանի տեսակետը որևէ մեկին չի հետաքրքրում…Լավագույն դեպքում կարող են ընդառաջել նրան և համաձայնվել, որ փաստաթուղթը ստորագրվի մայիսի 31-ից հետո: Հիմա մնում է սպասել, թե ինչ հայտարարություններ են անելու ԼՂ հարցում «հաղթողական» քաղաքականություն վարողները և ինչպե՞ս են մեկնաբանելու Մեդվեդևի և Ալիևի հայտարարությունները»: Ինչպես նկատեցիք, Մեդվեդևի և Ալիևի հայտարարությունները մեր իշխանությունների կողմից մեկնաբանելու առանձնակի կարիք չի զգացվում: Ամեն ինչ միանգամայն պարզ է ու հասկանալի: Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում ներկա իշխանությունների որդեգրած քաղաքականության նկատմամբ անսահման ու անսանձ ատելությանը, որը տարիներ շարունակ չարախնդորեն մատնանշվում է իբրև «հաղթողական», ապա անզեն աչքով էլ տեսանելի է, որ այս հակահասա րակական ու հակաժողովրդական ուժի ներկայացուցիչները ուղղակի երազում են, որ Հայաստանը… ձախողվի բանակցություններում: Միայն թե իրենք հնարավորություն ստանան մաղձ թափելու, իբր` «բա որ ասո¯ւմ էինք…»: Ինչքա¯ն պիտի կուրանաս քաղաքական հակառակորդիդ հանդեպ ատելությունից, որ հանուն նրա ձախողման` երազես հայրենի երկրիդ…ձախողումը…Սա միայն ատելություն չէ արդեն: Անմեղսունակության հասնող վիճակ է…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ