«ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 21-ՐԴ ԴԱՐԸ»


Երեկ իր աշխատանքները սկսեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կազմակերպած Ճարտարապետների համահայկական համաժողովը: Ինչպես նշում է Սփյուռքի նախարար Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ` համաժողովի նպատակն է նպաստել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը, համախմբել հայկական ճարտարապետական ներուժը և այն օգտագործել Հայաստանի ճարտարապետական հիմնախնդիրների լուծման գործում, ստեղծել հայկական ճարտարապետական ժառանգության պահպանության համար նախապայմաններ` հիմնադրելու Ճարտարապետների համահայկական ընկերակցություն: - Հարգելի ճարտարապետներ, դուք ձեր մտքի սլացքով, ձեր գործերով մասնակցում եք այդ արժեքների ստեղծմանը, հետևաբար պետք է մասնակցեք նաև դրանց պահպանմանը: Անհրաժեշտ է, որ Ձեր մասնակցությամբ մշակվի ռազմավարություն, որտեղ պետք է ամրագրվեն Հայոց պետության ու հայկական Սփյուռքի համայնքների, զանազան կառույցների անելիքները, որպեսզի կարողանանք միասնական ուժերով հավուր պատշաճի գրառել, հաշվառել, վավերացնել, պահպանել ու պաշտպանել հայ ժողովրդի հազարամյակների ընթացքում ստեղծված պատմամշակութային ժառանգությունը: Ճարտարապետությունը հայ ժողովրդի ազգային ինքնության, տեսակի, ոգու, ողջ մշակույթի ամենավառ վկայությունն է ու ինքնաճանաչողության ամենաակնառու ուղին: Հայկական ճարտարապետությունն ազգային ոգու քարեղեն մարմնացումն է, հայապահպանության, ազգային տեսակի, էության ու իդեալների վավերագրումը: Հայոց ցեղասպանությանն ու ժողովրդի տարագրմանը հաջորդեցին պատմամշակութային ավերածություններ ու խեղաթյուրումներ, որոնք դեռ շարունակվում են` փորձելով ջնջել մեր հնագույն քաղաքակրթությունը մարդկության հիշողությունից` աղավաղելով պատմությունը: Այն Հոգևոր Հայաստանը, Հայկական աշխարհը, որ մենք փորձում ենք կառուցել, պետք է հիմնված լինի նախ և առաջ հայ մշակույթի վրա: Հայկական ճարտարապետական կոթողներն ազգային գաղափարախոսության հիմնասյուներից են: Ամեն մի տաճար, պալատ, կամուրջ, ամրոց, վանական համալիր, վիմափոր խորան կամ խաչքար մի յուրօրինակ գաղափարագիր է, մի ժառանգական կոդ, որ դեռ պետք է ուսումնասիրել, ճանաչել ու փոխանցել: Այս համատեքստում և° Հայաստանում, և° Սփյուռքում ի՞նչ կրթական-դաստիարակչական ծրագրեր ու միջոցառումներ պետք է համատեղ մշակել և իրականացնել, որպեսզի յուրաքանչյուր հայի գիտակցության մեջ ամրագրվի հայ մշակույթի ժառանգորդը, տերը և պահապանը լինելու գաղափարը: Կցանկանայի, որ այս նյութը դառնար համաժողովի քննարկման առարկա,- իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆԸ: Համաժողովի կազմակերպական աշխատանքների ընթացքում կապեր են հաստատվել Սփյուռքի և Հայաստանի հարյուրավոր ճարտարապետների հետ: Համաժողովին մասնակցելու է 100-ից ավելի սփյուռքահայ ճարտարապետ` աշխարհի 15 երկրներից` ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Կանադայից, ինչպես նաև 100-ից ավելի ճարտարապետ` Հայաստանից: Համաժողովի շրջանակներում տեղի կունենան այցելություններ ՀՀ Ազգային ժողով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Երևանի քաղաքապետարան, Հայաստանի ճարտարապե տության ազգային թանգարան-ինստիտուտ, Ճարտարապետների միություն: Եղեռնի հուշահամալիրի տարածքում կհիմնվի Սփյուռքի այգի: Ապրիլի 24-ին ճարտարապետների համահայկական համաժողովի մասնակիցները կայցելեն Եղեռնի հուշահամալիր, այնուհետեւ կմեկնեն Գյումրի և հանդիպումներ կունենան քաղաքի ճարտարապետների հետ, կհյուրընկալվեն քաղաքապետարանում: