Զգոն լինելու և տոկալու պահը


«Եթե այսօր հանդիպում ենք Ղարաբաղում ամբողջ գյուղերի հայ-մահմեդական բնակիչներով, եթե տեսնում ենք հայոց գյուղերում թուրք ընտանիքներ, որոնք խոստովանում են, թե իրանց նախնիքը հայեր են եղել, այդ բոլորը Իբրահիմ խանի ժամանակների պտուղներն են»: ՐԱՖՖԻ Միջազգային հանրությունը, մեզ հետ միասին Ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, միևնույն ժամանակ մեզանից պահանջում է Ադրբեջանին վերադարձնել իրականում ազատագրված հայկական տարածքները, դրանք համարելով Ադրբեջանի գրավյալ: Այսինքն, մենք մեր պատմության, մեր ցավի հետ դարձյալ միայնակ ենք: Այսինքն, արնագույն կակաչներ դնելով Ցեղասպանության զոհերի հիշատակի անշեջ կրակին, պետք է թույլ չտանք, որ տրտմությունը մեզ կուլ տա ու հուսալքությամբ պատի: Այսինքն, Հայ դատի ներկա հանգրվանում եկել է հայրենի կորուսյալ եզեքների` մեծ զոհողությունների գնով ազատագրված մի փոքրիկ հատվածը պահպանելու համար ավելի զգոն լինելու և տոկալու պահը: Վերջին շրջանում մամուլում և առանձին մենագրություններով բազմաթիվ նյութեր են հրապարակվում Արևմտյան Հայաստանում և ընդհանրապես Թուրքիայի տարածքում ապրող, իրենց ազգային ինքնությունը կորցրած, բռնի կերպով մահմեդականություն ընդունած հայերի մասին: Նույնիսկ այլազգի գրողներն են, հիմք ընդունելով Հայոց Ցեղասպանության ականատես իրենց ծնողների պատմածները, գեղարվեստական երկեր ստեղծում այդ թեմայով: Սակայն, մենք կարծես մոռանում ենք, որ միայն Օսմանյան կայսրության տարածքում չէ, որ հայության այս կամ այն հատվածը ենթարկվել է սպանդի, ցեղասպանության կամ բռնի մահմեդականացման: Պատմությունը վկայում է, որ Հայոց Ցեղասպանությունը 1915-ից հետո շարունակվել է նաև Արևելյան Հայաստանի արևելյան հատվածում: Մասնավորապես` Արցախ և Ուտիք աշխարհներում, որոնք հետագայում զավթիչների կողմից սկսեցին Ղարաբաղ անվանվել: Սակայն, պատմագիտությունը տեղեկացնում է, որ Ղարաբաղի հայաթափումը սկիզբ է առել 1915 թվականից էլ շատ ավելի վաղ, 14-րդ դարում, երբ թուրք-քրդական վաչկատուն ցեղերը թափանցեցին Ղարաբաղի հարթավայրային մասեր` պատմական Ուտիք: Իսկ հայաթափման գործընթացը լայն թափ ստացավ հատկապես 18-րդ դարի առաջին կեսում, երբ Սյունիքում և Արցախում բռնկված ազգային ազատագրական պայքարը պարտություն կրեց: Հայաթափումն ուղեկցվում էր հայ բնակչության բռնի մահմեդականացմամբ: Հատկապես անհուսալի էր Սևանա լճից հյուսիս ապրող հայերի վիճակը: Մահմեդականություն ընդունելով, նրանք փրկվում էին ֆիզիկական ոչնչացումից: Ղարաբաղը ևս զերծ չի մնացել այդ չարիքից: Դիզակի մելիք Եսայի Մելիք-Եգանյանի որդի Բախտամ բեկին և վերջինիս որդիներ Ասլանին ու Վահանին Իբրահիմ խանը բռնի կրոնափոխ է անում: Սակայն այդքանով չբավարարվելով, սպանել է տալիս Բախտամ բեկին, հետո էլ նրա որդուն` Մելիք Ասլանին: Ըստ Րաֆֆիի` «Տող բերդում, Մելիք-Ավան խանի պալատում բնակվում է մի Ֆարհադ բեկ անունով թուրք ազնվական, որը պարծանքով հիշում է, թե ինքը Մելիք Ավանյանների նշանավոր տոհմի զավակներից է: Եվ իրավ, նա Բախտամ բեկի թոռը և Մելիք-Ասլանի որդին է: Իսկ Մելիլք-Ավանյանների քրիստոնյա մնացած ժառանգները այժմ թշվառ աղքատության մեջ բնակվում են նույն Տող բերդում, թեև ազնվականներ են համարվում»: Այս տոհմի մահմեդականացած ժառանգները հետագայում սկսել են կոչվել Մելիք-Ասլանովներ: Նրանց մասին Լեոն գրել է. - Թեև նրանք շատ լավ գիտեն, որ հայեր են, բայց մահմեդական կրոնին պատկանող, այնուամենայնիվ այնքան ենթարկված են ամբոխային հասկացության, որ կրոնն են համարում ազգության նշան, ուստի և ձուլվում են թաթար մահմեդականների հետ` հաճախ իրենց ազգակից հայերին դեմ գնալու համար: Նույն Մելիք-Ասլանովներից մեկը, կրթությամբ ինժեներ, մինիստր էր 1918 թ. Ադրբեջանի մուսաֆաթական կառավարության մեջ, երբ Բաքվում, այդ կառավարության կարգադրությամբ, կոտորեցին մոտ 30 հազար հայեր: Մելիք-Ասլանով ազգանվանը հանդիպում ենք նաև Անդրկովկասյան Սեյմի մուսաֆաթական խմբակցության ազդեցիկ խորհրդարանականների ցանկում: Զավթողական, գաղութային քաղաքականությունը շարունակվում է նաև Խորհրդային Ադրբեջանում: Տող գյուղում մահմեդականների թիվն ավելացնելու նպատակով, Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի հրահանգով 1943-1953 թթ. Ադրբեջանի Իմիշլիի շրջանի Թալըբխանլու ղշլաղի թուրքերին տեղափոխում են Տող: Արցախյան շարժման նախօրյակին Տողի 1412 բնակչից 811-ը թուրքեր էին: Հաստատվելով հայկական տարածքներում, թուրքալեզու վաչկատուն ցեղերը բռնի մեթոդներով իրենց օգտին են փոխել տեղի ժողովրդագրական պատկերը և խեղաթյուրել են պատմամշակութային արժեքները:

Ա. ԴՈԽՈԼՅԱՆ