Մեր երկրին լավ զինվորներ են պետք


Արտակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 89-րդ Թամանյան դիվիզիայի անվան 4-րդ հատուկ հրաձգային գնդի ավագ զինծառայող - Պատմիր քո մասին: - Ծնվել եմ Եղեգնաձորում, ավարտել տեղի միջնակարգ դպրոցը, հետո սովորել ԵՊՀ-հ իրավաբանական ֆակուլտետում: Ուսումս ավարտելով` զորակոչվեցի ՀՀ զինված ուժեր: Շատ կարևոր է ընտանիքում երեխայի դաստիարակությունը: Մինչև զորամաս ոտք դնելը պիտի հոգեպես կայանա երիտասարդը: Ծառայում եմ 89-րդ Թամանյան դիվիզիայի անվան 4-րդ հատուկ հրաձգային գնդում: Պետք է նշել, որ մեր զորամասը հայկական բանակի առաջին գունդն է, մայրաքաղաքային գունդը: Զորամասն անցել է մարտական փառավոր ուղի, արժանացել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Ունենք 89-րդ Թամանյան դիվիզիայի դրոշը, հատուկ գնդի դրոշը և զորամասի մարտական դրոշը: Կարևոր հանգամանքներից մեկն եմ ուզում նշել` մեր զորամասում տիրում է բարոյահոգեբանական կայուն վիճակ: Շատ եմ կարևորում հրամանատարական կազմի ճիշտ մոտեցումը նորակոչիկի նկատմամբ: Մեր հրամանատարական կազմը շատ պատրաստված է. դա է պատճառը, որ մեզ մոտ զինվորի մարտական պատրաստությունը բարձր մակարդակի վրա է: - Ի՞նչ փոփոխություններ կցանկանայիր տեսնել ձեր զորամասում: - Կարծում եմ` բանակն այնպիսի համակարգ է, որ մշտապես ապրում է զարգացում: Անշուշտ, լինում են ինչ-ինչ թերություններ: Մեր հրամանատարական կազմը ջանում է հնարավորինս շտկել բացթողումները: Կցանկանամ, որ էլ ավելի բանիմաց, նվիրված ու պատասխանատու լինեն մեր զինվորները, սպայական կազմը: Մեծ ուշադրություն պետք է դարձնել կարգապահությանը: Թերևս մեզ մոտ բարվոք վիճակ է, բայց պետք է զարգացում լինի միշտ, դա է նպաստում զորամասում առողջ մթնոլորտի կայունացմանը: - Իսկ զինվորի հոգեբանությունն ինչպիսի՞ն է այսօր: - Կասեմ, որ բարձր մակարդակի վրա է արդեն` չնայած լինում են որոշակի թերություններ, բայց մի քանի ամիս անց ձեր առջև կկանգնեն միանգամայն պատրաստակամ զինվորներ: Ունենք համախմբվելու մեծ ուժ ու կամք: Եղած դժվարությունները միասին ենք հաղթահարում: Այդ ժամանակ է երևում լավ ընկերը: Իսկական ընկերներ այստեղ ենք ձեռք բերում: Կան մարդիկ, որ չեն ուզում ծառայել: Մեծ ուրախություն է, երբ շրջապատված ես լինում լավ ընկերներով: Ծառայություն է, չէ՞, դժվարություններ միշտ էլ լինում են: Հաղթահարում ենք շատ արգելքներ, նախ` ինքներս մեզ ճանաչում ենք որպես մարդ, ապա` կայացման ճանապարհ ենք անցնում: - Ինչո՞վ ես զբաղվելու զորացրվելուց հետո: Ի՞նչ ապրումներ ունես… - Զինծառայողի համար ամենահուզիչ պահը զինվորական գրքույկ ստանալն է: Արդեն սպասողական վիճակում ենք, էլ չեմ ասում, թե ծնողներս ինչքան են սպասում այդ պահին: Միաժամանակ հպարտ եմ, որ այս ընթացքում պատվով եմ կատարել առաջադրանքները: Պատասխանատվության խոր զգացումը կարևոր է: Վստահ ենք, որ այստեղ ամբողջությամբ կայացանք: Անշուշտ, անձը որոշակի սկզբունքներ ունի մինչև բանակ գալը, բայց այստեղ ինքնադրսևորման հետաքրքիր ճանապարհ է անցնում: Ինքնադրսևոր վում է կյանքի հետաքրքիր ու բարդ փուլերում: Հուսով եմ` զորացրվելուց հետո կաշխատեմ մասնագիտությամբ: Ուզում եմ մի կարևոր երևույթի մասին խոսել, սերտ կապ կա հասարակական-մշակութային օջախների հետ: Պարտադիր է դարձել ամիսը մեկ-երկու անգամ մշակութային օջախներ այցելելը: Կան մի շարք հասարակական կազմակերպություններ, որ հաճախակի այցելում են մեր զորամաս, տեսնում մեր առօրյան: Այստեղ հոգևոր-մշակութային կյանքին հաղորդ ենք: Շատ եմ կարևորում դա: Վերջում ուզում եմ անդրադառնալ այն երիտասարդներին, որ շարունակում են խուսափել զինծառայությունից: Ճիշտ հոգեբանությամբ պետք է այս հարցին մոտենալ, իսկ այն ընտանիքում, որտեղ ճիշտ է դրվել երեխայի ռազմահայրենասիրական դաստիարակությունը, նա երբեք չի խուսափի ծառայությունից, կյանքի այս դպրոցը պիտի անցնի երիտասարդը:

Նարիա ԲԱԴՈՅԱՆ