«Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգվույս»


Կարևոր չէ` աշխարհի ո՞ր ծագում և որքան տևողությամբ բնավորվելով Հայն անպայման Եկեղեցի է կառուցում: Ծագումնաբանական իր առողջ բնազդով հայ մարդն աղոթատեղի° պիտի ունենա: Եվ, բարեբախտաբար, անդառնալի են այն ժամանակները, երբ ճշմարիտ հավատքն անտես պետք է մնար: Վերածնվել է Քրիստոնեության ոգին, և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական բարձր տնօրինությամբ ի սփյուռս համայն աշխարհի գաղթօջախներում նույնպես վերածնվում են Աստծո տաճարները` որպես աննկուն ոգու առհավատչյա: Արդեն 9 տարի` Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդն է Տեր ԵԶՐԱՍ եպիսկոպոս ՆԵՐՍԻՍՅԱՆԸ. սկզբում` որպես պաշտոնա կատար, իսկ 2001-ի ապրիլից` թեմի առաջնորդ և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքությունում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ: Նույն թվականին Սրբազանը նաև վարդապետական աստիճան է ստացել և եԵպիսկոպոս ձեռնադրվել: Նրա նստավայրն առայժմ Մոսկվայի հայկական գերեզմանատան տարածքում գործող Սբ. Հարություն եկեղեցին է, որը հյուրընկալ օջախ է ամեն հայի համար: Սակայն, ինչպես ուրախությամբ տեղեկացրեց Սրբազանը` ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում հատկացված ընդարձակ տարածքում կառուցվում է Ռուսահայոց թեմի նոր տաճար, որն, իհարկե, կանվանակոչվի օծման օրը: Խոսուն է այն փաստը, որ նորակառույցը վեր է խոյանում հավատացյալ բարեսեր հայորդյաց նվիրատվությունների շնորհիվ: - Մեր համոզմամբ` բոլորը Եկեղեցու զավակներն են, բոլորն այս տան անդամներ են. հոգևոր առումով` մեկ ամբողջություն ենք: Հետևաբար` ձգտում ենք դիմագրավել այն մարտահրավերները, որոնք հրամայական են այսօր հայրենիքից դուրս ապրող ամեն հայի համար: Մենք ունենք ընդհանուր պարտք և պատասխանատվություն` մեր ազգային արժեքների պահպանման, մեր համերաշխությունը պահելու և միասնականությունը հզորացնելու խնդրում: Ես հաղորդ եմ բոլորին, և բոլորը հաղորդ են եկեղեցուն, ինչը ինձ մխիթարում է: Սակայն ես կուզենայի պատվարժան, մեծանուն հայորդիներին ավելի հաճախ տեսնել` իրենց Սուրբ եկեղեցու կամարների ներքո աղոթելիս և ազգային մշակութային միջոցառումներում, այլ ոչ թե` առիթից-առիթ: Կկամենայի ավելի հաճախ հաղորդակից լինել նրանց նախաձեռնություններին: Նրանք պատրաստակամ են, բայց հաճախ` այնքան ծանրաբեռնված: Երբեմն էլ, որոշ խնդիրներ առաջնային չհամարելով, մտածում են` դեռ կհասցնեն, սակայն ժամանակը շատ թանկ է և անցնելուց հետ ետ չենք բերի: Այսօր, այո, տնտեսական ճգնաժամը պատուհասել է ամբողջ աշխարհին, դժվարություններ են սպասվում բոլորիս: Բայց կարևոր է` որ մեր հոգիներում ճգնաժամ չլինի, և, զինված մեր նախնիների սուրբ հավատքով, սիրով ու նվիրումով պահպանենք մեր արժեքները, չվտանգենք մեր գալիքը, աշխատանքով դիմագրավենք ու հաղթահարենք ամենայն դժվարություն,- իրեն բնորոշ լավատեսությամբ` այսպես է սկսում զրույցը Եզրաս սրբազանը` չմոռանալով վերստին օրհնությունը ուղղել բոլոր նրանց, ովքեր` - Անշահախնդրորեն իրենց մասնակցությունն են բերում նոր Տաճարի կառուցման աստվածահաճո այդ սուրբ, ազգաշահ, հայրենանվեր գործին: Դա վարձատրվելու է իրենց Աստծո կողմից, և համոզված եմ` նրանք ժառանգելու են երանությունը: Որովհետև հավերժ է լինելու Հայ Եկեղեցին` իր ժողովրդի հետ: Իսկ եթե հավերժ են, անմահ են ժողովուրդն ու Եկեղեցին, ապա անմահ են և այն զավակները, որոնց ձեռամբ ու մասնակցությամբ կառուցվել է այդ սրբությունը: - Ինչպե՞ս կբնութագրեիք հարաբերությունները` ռուս ուղղափառ Եկեղեցու և ՌԴ իշխանությունների հետ: - Այդ հարաբերություններն առանձնանում են իրենց հատուկ ջերմությամբ, եղբայրական ոգով, որը դարերով առկա է մեր երկու եկեղեցիների, երկու ժողովուրդների, պետությունների միջև: Եվ փառք պիտի տամ Աստծուն, որ ընտրությամբ նոր պատրիարք Կիրիլ 1-ինի, նկատվում է այդ ջերմությունը, ակնհայտ է պատրաստակամությունը` որպեսզի մեր երկու ժողովուրդները, եղբայրական պետություններն ապրեն խաղաղ, համերաշխ, ստեղծագործ կյանքով` հզորացնելով ու ամրապնդելով այն արժեքները, որոնք երաշխիքն են մեր լինելիության: - Ճշմարիտ հավատքի վերազարթոնքը, դժբախտաբար, «անտարբեր» չթողեց նաև ամենատարբեր աղանդների ներկայացուցիչներին, որոնց հոգեորսության արդյուն քում քիչ չեն և շեղվողները: Հայ Առաքելական Եկեղեցու ռուսահայոց թեմը համալրվա՞ծ է այնպիսի հոգևորականներով, ովքեր պատրաստ են անաղարտ պահել մեր հայրենակիցների հոգու տունը: - Մեր ժողովուրդն իր Եկեղեցուն կապված է ավելի քան 17 դար, և, ինչպես Եղիշե պատմիչն է ասել` «Մեր հավատքը մեր ժողովրդի համար իր մաշկի գույնն է»: Եվ այդ հավատարմությունից ժողովուրդը չի շեղվել: Ճիշտ է, եղել են փորձությունների ժամանակահատվածներ, զորօրինակ խորհրդային 70 տարիները` երբ քանդվեցին շատ տաճարներ, եկեղեցականներ աքսորվեցին… Փորձեցին հավատքը սպանել… Բայց Ավետարանն ասում է` «Սպանել կարող են մարմինը, բայց ոչ թե հոգին»: Անաստվածության տարիներին շատ բան մոռացության տրվեց, սակայն Աստծո նախախնամությամբ 18 տարի առաջ վերագտանք մեր անկախությունը, ու փոխվեց նաև հոգևոր կյանքի կերպը: Դրա վառ օրինակը նորօրյա մեր Եկեղեցու պատկերն է, և այն ձեռնարկումները, որ իրականացվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի անմիջական իմաստուն առաջնորդությամբ, մասնակցությամբ ու օրհնությամբ: Ճիշտ է, սկզբնական շրջանում մենք պատրաստ չէինք մեզ տրված բոլոր ազատություններին, և դրանից օգտվեցին կրոնական շատ ուղղություններ: Եհովայի վկաներն ու տարբեր այլ աղանդների ներկայացուցիչներ քողարկված ծրագրերով թափանցեցին ժողովրդի կյանքի մեջ: Բայց հույս ունեմ, համոզված եմ, որ այս երևույթն անցողիկ է լինելու, որովհետև ճշմարտությունը միշտ էլ հաստատելի է: Ինչպես մեր նախնիք են ասել` «Ժամանակը ծնում է, ժամանակն էլ մահացնում»: Մնայունը Աստվածահաստատ, առաքելահիմն մեր Սուրբ Էջմիածինն է, որը Մայր է մեզ համար, և որի հովանու ներքո, ապրել, արարել ու հարատևում է մեր ժողովուրդը: Անխաթար հավատքն է մեր գոյության երաշխիքը, և մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է` անաղարտ պահել մեր ինքնությունը, նրա նկարագիրը, ինչին կոչված է ծառայելու Հայ Եկեղեցին` ամբողջ աշխարհում: - Աղանդները նաև Ռուսաստանո՞ւմ են աշխուժացել: - Ցավոք` նրանք ամենուր են: Այստեղ էլ մտահոգիչ է նրանց հոգեորսական գործունեությունը: Բայց ես վստահ եմ ու հիմքեր կան վստահ լինելու, որ կարճ ժամանակա հատվածում նրանք այսքան լուրջ վտանգ չեն ներկայացնի: Շատ մարդիկ արդեն անդրադառնում են, թե ի՞նչ նպատակ են հետապնդում այդ կառույցները: Վերջերս այստեղ` իմ աշխատասենյակում, 6 ազնիվ հայորդիներ ծնկի իջան` աղերսանքով ներում հայցելով, որպեսզի վերադառնան միակ ճշմարիտ Եկեղեցու գիրկը: Ապաշխարանք էին հայցում, որ մոլորված են եղել, որ լսելով Հիսուսի անունը, հավատացել են: Սակայն հասկացել են, որ խաբված են… Մենք անում ենք մեր գործը: Ես լավատես եմ, և մեր աշխատանքն այսօր հնարավորություն է տալիս համեմատել, ապրել և աստվածահաճո գործերով վկայել` ո՞վ է ճշմարիտ քրիստոնյան, որը կարող է ակնկալել Աստծո ողորմածությունն իր հոգու փրկության համար: Ինչ վերաբերում է հոգևորականներին` մենք կադրերի կարիք ունենք, որովհետև աշխարհագրական տարածքով մեր թեմը բավական ընդարձակ է, Հայ Առաքելական Եկեղեցում ամենամեծ թեմն է: 5 տարի առաջ ընդամենը 7 քահանա և եկեղեցական 10 համայնք ունեին: Փառք Աստծո, այսօր 60-ից ավելի համայնքներ ու 27 հոգևորական ունենք. Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն իր հոգևոր կրթական կառույցներով մեզ ապահովում է` հոգևոր գործունեություն իրականացնել: Առաջիկա տարիներին համայնքները կուժեղանան, և մեր հայաբնակ վայրերը կունենան իրենց հոգևորականները: Հույս ունենք, որ մեր թեմով կստեղծենք կրթական մի կառույց, որը ևս կնպաստի` հոգևորականներ պատրաստել: -ՀՀ սփյուռքի նախարարությունն, անշուշտ, առարկայական կամուրջ է` մեր ազգի աշխարհացրիվ բեկորները շաղկապելու, Հայրենիքի տեսլականը իրատեսական որոշակիություն դարձնելու առումով: Ըստ Ձեզ, առաջնահերթ ի՞նչ անելիքներ ունի Հայոց պետությունը` Սփյուռքի, Սփյուռքը` հայրենի պետության համար: - Այդ կառույցի առաքելության, կարևորությունների ու նպատակների առնչությամբ հստակ արտահայտվել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Եվ մենք էլ գիտակցում ենք այդ կառույցի անհրաժեշտությունը` աշխարհասփյուռ հայությանը միավորելու, ազգային արժեքների, հայրենիքի շուրջ նրանց համախմբելու կարևորագույն գործում` մեր պետականությունը հզորացնելու, մեր ազգային խնդիրները համազգային ջանքերով լուծելու համար: Պետք է ամեն կերպ օգնել, սատարել մեկմեկու և դա պետք է լինի երկկողմանի: Եվ պատրաստակամությունը երկու կողմերից էլ առկա է` թե նախարարության, թե° Սփյուռքի: Մնում է այդ պատրաստակամությունը գործնական հիմքերի վրա դնել: Այսինքն, կյանքի կոչել ծրագրեր, որոնք հրամայական են այսօր, կենսապահանջ են: Օրինակ, մեզ համար շատ կարևոր է` նախարարության մասնակցությամբ նպաստել հայեցի դաստիարակության գործին: Խոսքս կրթական ծրագրերի, դասագրքերի, ուսուցիչների պատրաստվածության, ամռան ամիսներին երեխաներին Հայաստան տանելու մասին է: Այս ամենի արդյունքում հայ մարդու, հայ զավակների մեջ մենք կկերտենք հայեցի ոգի, որպեսզի նրանք կրողը լինեն ազգային արժեքների: Որպեսզի գիտակցված հպարտութ յամբ ասեն, որ հայ են: Համագործակցության շրջանակները բավական ընդարձակ են ու կարող են ընդգրկել և° հոգևորը, և° մշակութայինն ու կրթականը, և° տնտեսականն ու բարեգործականը: Սփյուռքահայության ներուժը բավական մեծ է. մենք ունենք բացառիկ գիտնականներ, կայացած գործարարներ, շատ ընտիր երիտասարդություն, փայլուն մատաղ սերունդ: Այդ ներուժը պետք է ներգրավել ազգային ծրագրերում` ձգտելով փոխշահավետ պայմաններում ազգօգուտ ծրագրեր իրականացնել: Ի ԴԵՊ. Հայ Առաքելական եկեղեցու Ռուսահայոց թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանի ջանքերով հայալեզու եռամսյա հանդես և ամսաթերթ է հրատարակվում: Տպագրվում են աղոթագրքեր, հայ գրականության, մշակութային ընտրանիներ: Ասել է թե` կրթադաստիարակչական առաքելությանը հավատարիմ` հոգևոր հովիվը շարունակական իր նպաստն է բերում հանուն հայեցի դաստիարակության և ընդդեմ ուծացման: * * * Այս տարին հոբելյանական է Եզրաս Սրբազանի համար: Եվ փոքր-ինչ շտապելով, ուզում ենք կանխավ շնորհավորել նրա ծննդյան 50-ամյա տարեդարձը` մաղթելով ամենայն բարին ու հավաստելով կրկին, որ բարի հունդերը որոմ չեն դառնա: Ասել է թե` օտար ափերում հային հա°յ պահելու ուղղությամբ իր ջանքերը Տիրոջ կամքով ցանկալի արդյունքների են հանգեցնելու: Լավատեսության լույսը թող առաջնորդի Ձեզ և հավատացյալ Ձեր հոտին, հարգարժան Սրբազան հայր:

Գոհար ԲՈՏՈՅԱՆ