Զինավարժությունները կարող են ընկալվել որպես աջակցություն


Ռուսաստանը ՆԱՏՕ-ին առաջարկել է հրաժարվել Վրաստանում անցկացվելիք զինավարժություններից: - Մենք անցյալ շաբաթ պաշտոնական դիմում ենք ուղարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դը Հոոպ Սհեֆերուին` առաջիկայում Վրաստանում կայանալիք ռազմական զորավարժությունները տեղափոխելու կամ չեղյալ հայտարարելու առաջարկով,- «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը: Նա 3 պատճառներ է թվարկել, որոնցից յուրաքանչյուրը համարել է այնքան ծանրակշիռ, որ մեկն էլ բավարար է` հրաժարվելու ծրագրվածից: Առաջինը` Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը դեռևս սառեցված չէ, և տվյալ պահին Ռուսաստանին անհանգստացնում է իր սահմանների մոտ Դաշինքի ցանկացած գործողություն: Բացի այդ` Ռուսաստանը կտրականապես դեմ է Վրաստանի ռազմականացմանը նպաստող ցանկացած գործողության: - Այդ զորավարժությունները դիտվում են որպես ՆԱՏՕ-ի կողմից փաստացի աջակցություն Սահակաշվիլիի վարչակարգին. ընդ որում արդեն ոչ թե բարոյական, այլ սվիններով աջակցություն,- պարզաբանել է Ռոգոզինը: Եվ, ի վերջո, Վրաստանի միացյալ ընդդիմությունը ներկայումս պահանջում է Սահակաշվիլիի հրաժարականը. - Այս իրավիճակում Վրաստանի տարածքում ռազմական զինավարժություններ անցկացնելը, անկասկած, Դաշինքի անդամ երկրների կոպիտ միջամտությունը կլինի Վրաստանի ներքաղաքական իրավիճակին: