ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Լալա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ. ՀՀ վաստակավոր արտիստուհի, միջազգային մրցույթի դափնեկիր, ԵԹԿՊԻ-ի պրոֆեսոր «Առեղծվածային են ժամանակն ու տարածությունը» Որ հոգու գեղեցկությունը նաև տվյալ անձի բարության և կենսախնդության արտացոլանքն է` վերստին համոզվում ենք` մեր զրուցակցի մարդկային տեսակին ծանոթանալով: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Երևի` դավաճանին ներելը: Մեկն ինձ վատություն էր արել, և ես հետագայում կարողացա նրան ներել: Այդ հոգեվիճակի հաղթահարումը հեշտ չէ. որքան էլ փորձում ես «խունացնել»` մոռացության տալ ստոր արարքը, միևնույն է, ենթագիտակցությունը մշտարթուն է, և հիշողությունդ դավաճանվածի զգացողությունը երկար ժամանակ պահում է «էմոցիոնալ արխիվում»: Դա մի յուրատեսակ ինքնակռիվ է: Գրեթե նույնատիպ պայքար է համարվում նաև մեր մասնագիտական գործընթացը. տվյալ կերպարի և դերասանի ներաշխարհների համադրումն ու հաշտեցումը: Բայց ես չեմ մարտնչում ինձ վիճակված կերպարների հետ. համերաշխ ենք, և ամենաբացասական խառնվածքի դերն անգամ թանկ է ինձ համար: Իսկ ընդհանուր առմամբ` ինքս ինձ հետ հիմա բավական քիչ եմ կռվում: Առաջ շատ էին լինում նման դեպքեր: Այժմ, երևի թե տարիների փորձի կուտակումների շնորհիվ` դրանք անհամեմատ մեղմ են ու կարճատև: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Բոլոր ազգերին էլ սիրում եմ, բայց երբևէ չեմ մտածել… երևի իսպանացի կամ գերմանացի: Սակայն այլ հարց է, թե ինչ ասել է ազգություն. եթե տիեզերական ճշմարտության տեսանկյունից ենք դիտարկում հարցադրումը, ապա բոլորս էլ մարդ ենք: Ո՞վ է որոշել ազգային տարբերակումը: Մարդկային տեսակն է կարևորը. գուցեև կենցաղները, ավանդույթները տարբեր են, բայց բոլոր ազգերն էլ նույն կերպ են ուրախանում, տխրում, ստում, նեղանում, սիրում: Ու թեև իմ տեսակով գուցե թե կոսմոպոլիտ եմ, բայցևայնպես ազգասեր եմ: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Մեկը չէ: Պատահում է` ինչ որ պարագայում քեզ թվում է, թե ամեն ինչ ընկալել ես, բայց հետո պարզվում է, որ ոչինչ էլ չես հասկացել կամ ճիշտ չես պատկերացրել: Դրա լավագույն ձևակերպումը Սոկրատն է տվել. «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ, բայց ուրիշները այդ էլ չգիտեն»: Առեղծվածային են նաև ժամանակ և տարածություն հասկացողությունները. որտե՞ղ են սկսվում ու վերջանում դրանք: Տանջալից հարցեր են, որովհետև անսահման հանելուկայնությամբ են օժտված. գալակտիկաները, տիեզերքը, մի խոսքով տարածությունը որքանով է անսահման: Կամ ժամանակը. ինձ թվում է` այն մշտակա է, և մարդն է հնարել անցյալ, ներկա, ապագա ասվածները` որպեսզի կարողանա իր կյանքը փուլավորել և այդ փուլերը տարանջատել: Վերջն ու սկիզբը անտեսանելի են: Ու քանի որ վերջնական պատասխանի փնտրտուքը վտանգավոր է գիտակցականի համար, ուստի աշխատում եմ խորամուխ չլինել այդպիսի մտածումների մեջ: - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը: - Մենք առաջ ամառանոց ունեինք: Քրոջս հետ հաճախ էինք գնում այնտեղ: Մի անգամ մեզ փոքրամարմին, բարալիկ ոտքերով մի շուն էր հետևում: Շատ անմխիթար տեսք ուներ: Իր նվազ չափերին համապատասխան հաչոցներ արձակելով, նա գալիս էր մեր հետևից: Նույն պահին գրեթե մեր կողքին հայտնվեց դեպի իր ամառանոցը շտապող մի բարձրահասակ, հաղթանդամ տղա: Շան հաչոցներից նա անհանգստության նշաններ ցուցաբերեց: Քույս հարցրեց, թե վախենո՞ւմ է: Տղան ասաց. «Վա°յ, սար-սափում եմ»: Մեր օգնությունն առաջարկեցինք և մեր մեջտեղն առնելով նրան, հասցրեցինք իր տան դռան մոտ: Խորին շնորհակալություն հայտնելուց հետո դարպասի դուռը բացեց և… Պատկերացնո՞ւմ եք, մի հսկայական հովվաշուն դուրս եկավ ու թաթերը դրեց նրա ուսերին: Տղան էլ սիրագորով փաղաքշեց շանը` «Վա¯յ, ցավդ տանեմ, կարոտե՞լ էիր ինձ»: Ապշած էինք և, բնականաբար, հարցրեցի, թե այդ ինչպես է, որ այդ գամփռից չի վախենում, իսկ եղած-չեղածով հազիվ սրա գլխի չափի շնիկից սարսափում էր: Պատասխանեց. «Բա իհարկե. սա իմ շունն է, իսկ նրան ինչ գիտենամ, որտեղի՞ց է, ի՞նչ նպատակ ունի»: - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - 3-4 տարեկան էի. մանկապարտեզում մի ռուս տղա սիրահարված էր ինձ: Ես նրան հարցրեցի, թե հանուն ինձ ինչի՞ է ընդունակ: Ասաց, որ պատրաստ է թռչել դռան ապակու կոտրված հատվածի միջով: Ու թռավ` ամբողջովին արյունոտվելով ապակու կոտրվածքից: Անվերջ արտասվում էի, բայց ոչ մեկը չգիտեր, որ մեղավոր եմ ինձ զգում, որովհետև ես էի դրդել: Հաջորդ օրվանից նա չհաճախեց մեր մանկապարտեզը. ծնողները տեղափոխել էին: Քանի տարի է անցել, բայց մեղավորության զգացումն ինձ չի լքել:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ