Զգացմունքային բացահայտումներ


Էստրադային արվեստի հենասյուն Ալլա Պուգաչովան շարունակում է հրաժեշտի իր համերգները: Եվ, ինչպես բեմում, կյանքում նույնպես նրա հմայքը խորացնող անբաժան ուղեկիցը մնում է անկեղծությունը: Ի թիվս շատ թանկ հուշերի, նա բացահայտել է նաև անձնական կյանքի մի գաղտնիք նույնպես. Ֆիլիպ Կիրկորովի հետ ամուսնալուծությունից 4 տարի հետո Պրիմադոննան խոստովանել է, որ այդ ամուսնությունը «արտասովոր խենթ արարք և տպավորիչ սխալ» է եղել: Պուգաչովան պնդել է, որ Ֆիլիպի հետ ամուսնացել է միայն այն պատճառով, որ վերջինս կարողացել է հասնել իրեն. - Ավելի հեշտ էր ամուսնանալ նրա հետ, քան բացատրել, թե ինչու պետք չէ դա անել,- պատմել է Ալլան` չթաքցնելով, որ հարսանիքի հենց հաջորդ օրն ինքը հասկացել է, որ սարսափելի սխալ է գործել: Սկզբում անպատվաբեր է համարել` փախչել ամուսնուց, բայց մեկ տարի անց նրանք բաժանվել են, թեև պաշտոնապես այդ ամուսնությունը ձգվել է 9 տարի: Նախկին ամուսինների հարաբերությունները հիմա նույնն են, ինչպիսին եղել են ամուսնությունից առաջ: - Այդպիսի մի երկրպագու էլ ունեմ` Կիրկորովը,- ասել է Պուգաչովան: