ՄԻԱՄԻՏ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ


 

Արդեն մի քանի օր է` գրվում և խոսվում է, որ բացահայտվել է սևամորթներից կազմված մի հանցախումբ, որը խաբեությամբ կորզել է ավելի քան 4 միլիոն դոլար: Ըստ նախնական տվյալների` սևամորթները մարդկանց գայթակղել են սև ներկանյութով, որն, իբր, սովորական թուղթը դարձնում է 100 դոլարանոց:

Մեզ հետաքրքրողը, սակայն, այլ բան է. ցանկացած նմանատիպ հանցագործություն իր համար պարարտ հող է ստեղծում, երբ առկա են բարենպաստ պայմանները: Իսկ որպես այդպիսիք` հանդես են գալիս մարդկային թուլությունները, անաշխատ ճանապարհով հարստանալու մոլուցքը: Հազիվ թե այդ սևամորթներին հաջողվեր իրենց որոգայթը գցել ազնիվ մարդկանց, եթե վերջիններս չուզենային հարստանալ: Հիմա դժվար է ասել` խաբվածները զոհե՞ր են, թե՞ հանցագործության մասնակիցներ, որովհետև երկու կողմն էլ, ըստ էության, ցանկացել են հարստանալ խարդախ ճանապարհով: Ուրեմն, այս զարմանալի բացահայտման մեջ չկան հանցագործներ և տուժողներ: Ավելի ճիշտ` բոլորն էլ հանցագործ ներ են: