Ո˜նց թե դու իմ շանը զարկես…


 

Վերջերս ոստիկանության Վաղարշապատի բաժնում արձանագրված խուլիգանության դեպքը չնչին դրդապատճառ ուներ: Գյուղական անդորրը խախտած այդ միջադեպը կարող էր և չլինել, եթե տաքարյունությունն իր տեղը զիջեր սառը դատողությանն ու հանդուրժողականությանը: Մինչդեռ դեպքերը զարգացել էին գլխապտույտ արագությամբ, և համագյուղացիներն ականատես էին եղել մեծն Թումանյանի անմահ «Շունն ու կատուն» ստեղծագործության նորօրյա մի դրսևորման:

Այդ օրը, կեսօրին մոտ, Մերձավան գյուղի երկու բնակիչներ` կին և տղամարդ, մի չնչին առիթից վիճաբանել էին: Վիճաբանության ընթացքում կինը քարով հարվածել էր տղամարդու շանը: Դրանից կրքերն ավելի էին թեժացել: Հարևանուհու արարքից մինչև հոգու խորքը վիրավորված տղամարդն էլ հանել էր իր մոտ եղած օդամղիչ ատրճանակն ու մի քանի անգամ օդ էր կրակել: Հետն էլ սեռական բնույթի հայհոյանքների տարափ էր տեղացրել:

Ոստիկաններն օդամղիչ ատրճանակն առգրավել են:

Համագյուղացիները օրենքի պահապաններին խնդրել են, որ գործը «դիվանբաշուն» չհասնի, ներողամիտ վերաբերմունք դրսևորվի աղմկալի միջադեպի մասնակիցների նկատմամբ, և իրենց գյուղի անունը չարատավորվի:

Գյուղական հասարակությունն, ահա, այսպես է արձագանքել տեղի ունեցածին, մինչդեռ մեծ քաղաքներում երբեմն քար անտարբերություն է ցուցաբերվում շրջապատում կատարվող փոքրումեծ իրադարձությունների նկատմամբ, ինչը, ցավոք, բացասական ազդեցություն է ունենում նաև մատաղ սերնդի հոգեկերտվածքի վրա: