Ջարդել են հաշտարարի ծնոտը


 

Օրերս Երևան քաղաքի բաժիններից մեկում մի անսովոր դեպք էր գրանցվել: Փողոցում մի տղամարդու և երեք անծանոթների միջև վիճաբանություն էր ծագել, որը քիչ անց վերաճել էր ծեծկռտուքի: Երեք անծանոթները դաժան ծեծի էին ենթարկել տղամարդուն: Հենց այդ պահին էլ դեպքին միջամտել էր անցորդներից մեկը, ի դեպ` գեղեցիկ սեռի ներկայացուցչուհի:

Կինը փորձել էր հաշտարարի դեր կատարել, բաժանել էր կողմերին, անգամ «անարդար մրցակցության» համար հանդիմանել չափն անցած երեք երիտասարդներին: Եվ հենց այդ պահին էլ նրանցից մեկը հարվածելով կոտրել էր հաշտարար կնոջ ծնոտը:

Խուլիգանները դեպքի վայրից ճողոպրել էին, իսկ կինը տեղափոխվել էր հիվանդանոց:

Տեղի ունեցածը խայտառակություն կարելի է համարել այն պարզ պատճառով, որ օրը ցերեկով մարդաշատ վայրում տեղի ունեցած կռվշտոցին ականատես անցորդներից միայն կինն է համարձակություն ունեցել և անտեսելով բազում անհարմարություններ` միջամտել ու փորձել է հարթել միջադեպը: Իսկ առավել մեծ խայտառակությունն այն փոքրոգի երեք անծանոթների արարքն է, որոնց հայտնաբերելու ուղղությամբ միջացառումները շարունակվում են: