Գայլերին վախեցնելու նպատակով


 

«Զինանոց-2012» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն այցելել են Էջմիածին քաղաքի բնակիչներից մեկի տուն և պահանջել ներկայացնել տանը եղած զենքն ու զինամթերքը: Տանտերը, ոստիկանների քաջատեղյակությունից ապշահար, տան նկուղից ներկայացրել է ինքնաշեն կրակող սարք և փամփուշտ` հայտնելով, որ սարքը պատրաստել է որդին` արոտավայրում գայլերին վախեցնելու նպատակով, իսկ փամփուշտը գնել է:

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը տարբեր պատժաչափեր է սահմանում ապօրինի զենք-զինամթերք պահելու համար: Մինչդեռ ամեն տեսակ փորձանք ներից զերծ մնալու ողջախոհ միջոցը դրանց կամավոր հանձնումն է, որի համար քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից:

Օրենքի հետ պարտադրված հանդիպումից խուսափելու համար ոստիկանությունը կրկին կոչ է անում հրաժեշտ տալ ապօրինի ձեռք բերված զենք-զինամթերքին նաև այն պարզ պատճառով, որ «պատից կախված» զենքը, նույնիսկ ժամանակի ընթացքում ժանգոտվելուց հետո, մի օր կկրակի: