Շատ նիհարները հարգի չեն


 

Իսրայելում արգելված է շա˜տ նիհար աղջիկների մուտքը գովազդային աշխարհ: Այդ սահմանափակումն ընդունվել է այս շաբաթ` երկրի կնեսեթում (խորհրդարանում) ընդունված նոր օրենքով:

Նորամուծության նպատակն է պայքարել ոչ ճիշտ սնվելու դեմ, ինչին հակված են հատկապես նիհարելու մուլուցքով տառապող երիտասարդ կանայք:

Այդ օրենքի պահանջով` յուրաքանչյուր նկարահանումից առաջ մանեքենուհի-մոդելները պարտավոր են ներկայացնել բժշկական եզրակացություն առ այն, որ չեն տառապում թերսնմամբ: Իսկ նիհարության չափման չափանիշն Առողջապահության միջազգային կազմակերպության հաստատած` մարմնի զանգվածի ինդեքսն է: Այն հաշվարկվում է քաշի և հասակի հարաբերությամբ: Սահմանված է հստակ չափանիշ` 18.5-25, որից բարձրը համարվում է ճարպակալում, ցածրը` վտիտություն: Այսինքն` 175 սմ հասակ ունենալու դեպքում, պետք է կշռել առնվազն 57 կգ:

Արդեն վավերացված օրինագիծը` գովազդ ստեղծողներին պարտավորեցնում է փոխել պաստառներին և լուսանկարներում պատկերվող մոդելների չափսերը: Կնեսեթի վերլուծական ծառայության փաստմամբ` սննդակարգի խանգարման հետևանքով առաջացող հյուծվածության պատճառով Իսրայելում ամեն տարի մահանում են շուրջ 200 երիտասարդ ներ: Իսկ ամեն տարի բժիշկները ուժասպառություն կամ հյուծանք են հայտնաբերում գրեթե 1500 դեռահասների մոտ (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

Հենց այս իրավիճակը վկայակոչելով` նշյալ օրենքը նախաձեռնող պատգամավորուհի Ռահել Ադատուն նշել է.

- Մի կողմից` հնարավոր է, որ մենք կզրկվենք մի քանի մոդելներից, բայց մյուս կողմից` մենք կփրկենք բազմաթիվ երեխաների:

Ամենաճանաչված մոդելներից մեկն արդեն տագնապել է իր չափերից և հայտարարել, որ ինքն արդեն հիմնավոր և ճիշտ սնունդ է ընդունում:

Հարկ է նշել, որ նման սահմանափակումներ ներդրվել են նաև Իսպանիայում, Իտալիայում և Բրազիլիայում դեռ 6 տարի առաջ:

Իտալիայում արգելված է հագուստի ցուցադրություններում 16-ից ցածր մոդելների մասնակցությունը:

Օրենքն արգելում է մեռնել

Իտալիայի հարավային հատվածում տեղակայված Ֆալչանո դել Մասիկո բնակավայրի գյուղապետն արգելել է... մահանալ: Ջուլիո Չեզարե Ֆավայի` մարտի 5-ից ուժի մեջ մտած որոշման մեջ հստակ նշված է եղել. «Թե´ տեղացիները, թե´ հյուրերը զրկված են երկրային կյանքը լքելու իրավունքից»:

Այսպիսի արտասովոր որոշման պատճառն այս բնակավայրում գերեզմանոցի բացակայությունն է: Ոչ վաղ անցյալում հուղարկավորման նպատակով բնակիչներն օգտվում էին հարևան Կարինոլա քաղաքի հողատարածքներից, որից Ֆալչանո դել Մասիկոն տարանջատվել է 1964-ին: Բավական երկար ժամանակ ծրագրված էր հնարավորինս ընդլայնել Կարինոլայի գերեզմանոցի տարածքը, սակայն քանի որ երկար ժամանակ որևէ քայլ չի ձեռնարկվել, Ֆալչանո դել Մասիկոյի իշխանությունները մտադրվել են խնդրին այլ լուծում տալ:

- Իմ որոշումը պրովոկացիոն բնույթ ունի, սակայն իրավիճակը հասել է գագաթնակետին, այլ ելք պարզապես չկա: Ես գիտակցում եմ, որ այս որոշումն իսկական համաժողովր դական բողոքի է վերածվելու: Հազարավոր ստորագրություններ են արդեն հավաքվել, իսկ մի քանի հողատերեր նույնիսկ տարածքներ են առաջարկել,- այսպես է մեկնաբանել հուսահատ քաղաքապետը:

Սակայն քաղաքի 2 բնակիչներ, օրենքի` ուժի մեջ մտնելուց հետո «ընդդիմանալով» քաղաքապետի որոշմանը, մահացել են: Առաջիկայում 3700 բնակիչ ունեցող այս ավանում կքննարկվեն սեփական գերեզմանոց ունենալու խնդիրները` դիմելով նաև ավելի գործնական քայլերի: