Աո¯ւ, Հիպոկրատի հետնորդներ...


Բնության առեղծվածներից մեկը պարբերական կամ, ինչպես մեզ մոտ են անվանում, երևանյան հիվանդությունն է: Այս ախտորոշումը հանդիպում է միայն հայերի, արաբների և հրեաների շրջանում: Այս հիվանդները պարբերաբար ցավի նոպաներ են ունենում կրծքավանդակում կամ որովայնային խոռոչում, լինում է նաև խառը ձևը` երկուսը միաժամանակ: Բժշկությունը ցավերի մեղմացման, ինչպես նաև պաթոլոգիկ հետևանքներից հիվանդներին հնարավորինս զերծ պահելու համար ունի միայն կոլխիցին կոչվող դեղահաբը: Պրեպարատը Հանրապետություն ներմուծվում է ինչպես կոմերցիոն, այնպես էլ հումանիտար ճանապարհով: Մինչև 2005 թ. հումանիտար օգնությունը հիվանդներին անվճար հատկացվում էր հանրապետությունում այս հիվանդության գծով նեղ մասնագիտացում ստացած թիվ մեկ կլինիկական հիվանդանոցի ռևմո բաժանմունքի միջոցով, որտեղ էլ հիմնականում հետազոտվում ու գրանցվում են պարբերական հիվանդություն ունեցողները: 2006-ից դեղորայքի հատկացման կարգը փոխվեց: Հեռավոր շրջաններից հիվանդներին Երևան գնալ-գալու հոգսից ազատելու նպատակով, Առողջապահության նախարարությունը դեղն ուղարկում է մարզպետարաններին, վերջիններս էլ շրջանային պոլիկլինիկաների միջոցով` կարիքավորներին: Սակայն, պարզվում է, այս համակարգը միշտ չէ, որ գործում է անխափան: Մասնավորապես, Էջմիածնի պոլիկլինիկայի տնօրենի բուժգծով տեղակալ Բերտա Կարապետյանը մեր թղթակցին հայտնեց, որ վերջին անգամ շրջանը կոլխիցին ստացել է 28.11.2006-ին: Մեր տեղեկություններով` դեկտեմբերի առաջին տասնօրյակում պոլիկլինի կային դիմած հիվանդը դեղ չի ստացել` «դեղ չկա» պատճառաբանությամբ: Եվ դա առաջին դեպքը չի եղել: Մինչ այդ մի քանի անգամ էլ է նա մերժվել: Մի անգամ էլ բացառության կարգով նրան տվել են զուտ Էջմիածին քաղաքում գրանցված հիվանդների համար նախատեսված խմբաքանակից, որը պոլիկլինիկան գնած է եղել իր սեփական միջոցներով: Հարցի պարզաբանման խնդրանքով դիմեցինք ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից տեղեկացրին, որ վերոնշյալ դեղի հատկացումը մարզերին կատարվում է եռամսյակը մեկ: Հատկացումը հարյուր տոկոսով ծածկում է պահանջարկը: Նույն օրը Արմավիր քաղաքի պոլիկլինիկայի տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանը, որի միջոցով կատարվում են հատկացումները մարզի պոլիկլինիկաներին, ասաց. - Կոլխիցին հենց հիմա ունենք, Էջմիածին էլ ուղարկել ենք: Մարտի 19-ին Էջմիածնում հավաստեցին, որ 2006 թ.նոյեմբերից ի վեր դեղ չեն ստացել: