ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԱՆԳԻՆ Է


ՊՆ մայրաքաղաքային գնդի հրամանատար, փոխգնդապետ Օնիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ համոզմամբ` տղամարդու ամենամեծ առաքելությունը հայրենիքը պաշտպանելն է և հայրենասեր զավակներ դաստիարակելը: - Պարոն Գասպարյան, ի՞նչ հիշողություններ ունեք մանկությունից, ի՞նչ պատկերներ են արթնանում մանկություն ասելիս: - Ես մեծացել եմ Իջևանում, արմատներով Աչաջուրից եմ: Պապս Հայրենական պատերազմի ժամանակ գերի էր ընկել, հետո փախել էր գերությունից ու շարունակել կռիվը: Ի պատասխան` պատերազմից հետո նրան ընտանիքի հետ միասին աքսորեցին Միջին Ասիա: Պապիս շատ լավ եմ հիշում: Նա հպարտանում էր իր կենսագրությամբ, պատմում էր պատերազմից, ճակատային ընկերներից: Ես ծնողներիս չորս որդիներից ամենակրտսերն էի, մեծացել եմ մեծ` 15 հոգանոց ընտանիքում: Զարմանում եմ` ինչպես էինք 15 հոգով տեղավորվում երկու սենյականոց բնակարանում, տրտնջացող չկար, բողոքող չկար, համերաշխ էինք, սիրով, ուրախ: Իմ ծնողները շատ խիստ էին: Հայրս բանվոր էր, մայրս` տնային տնտեսուհի, խստաբարո, սկզբունքային, առաքինի մարդիկ էին, սիրում էին կարգուկանոն, խստապահանջ էին հատկապես երեխաների հանդեպ: Մեզ ոչ ոք երես չէր տալիս, ընդհակառակը` հետևողականորեն դաստիարակում, սովորեցնում էին ճիշտ ապրել: Մեկ օրինակ բերեմ. եթե սեղանին միրգ էր դրված, ապա յուրաքանչյուրս վերցնում էինք ամենավատը, ամենափոքրը և, որպես կանոն, ամենալավ ու ամենամեծ պտուղը մնում էր սեղանին: Աչաջուր գյուղում պապական տուն ունենք, հայրս կրակն է ընկել, չգիտի` ո՞ր որդուն թողնի տունը, չորսս էլ հրաժարվում ենք հօգուտ մյուսների: Մեզ սովորեցրել են սիրել ոչ միայն մերձավորին, հարազատին, այլ բարեգութ լինել նաև օտարների հանդեպ, երբեք հոգս չպատճառել ոչ ոքի, տալը, օգնելը կարեկցելը դարձնել կենսակերպ: Ամենից շատ տպավորվել է հորս զրույցները եղեռնի, թուրքերի, կորցրած հուշերի մասին: Իմ հոգում փոքրուց արմատացել էր թշնամանքը թուրքերի հանդեպ ու վրիժառությունը: Չեմ մոռանում, թե իմ խիստ, ուժեղ հայրը ինչպես էր արցունքոտվում հայրենասիրական, ազգային երգեր լսելիս: Նա ցանկանում էր, որ մենք պատրաստ լինենք կյանքի դժվարություններին, ամուր բնավորություն ունենանք, չճկվենք: Ես բռնցքամարտ էի պարապում, հաջողություններ ունեի: Նույնիսկ դպրոցական տարիներին ընտանիքից կտրվեցի, ուսումս շարունակեցի Երևանում, որպեսզի հաճախեմ բռնցքամարտի դպրոց: - Կա՞ն մարդիկ, ովքեր ճակատագրական դեր են խաղացել Ձեր կյանքում: - Շատ կան մարդիկ, ովքեր էական նշանակություն են ունեցել իմ աշխարհայացքի, մտածելակերպի, կենսագրության վրա: Հիշում եմ մեկին` բռնցքամարտի մարզիչին: Հրաշալի մարդ էր Դիկուլ Դավթյանը, իսկական մանկավարժ: Նրա խոսքը շատ տպավորիչ էր, իր ասածը հաստատում էր օրինակներով, որոնք երբեք չէին մոռացվում: Սովորեցնում էր լինել հաստատակամ, ազնիվ, հայրենասեր, ճիշտ գնահատել սեփական ուժերը, հարգել հակառակորդի առաքինությունները, չբավարարվել ձեռքբերածով: - Ե՞րբ ծնվեց զինվորական դառնալու որոշումը, թե՞ Դուք բանակ եկաք պատերազմի ալիքով: - Ես մանկուց եմ երազել զինվորական դառնալ, սակայն մերոնք դեմ էին: Խորհրդային բանակում ծառայելիս այդ ցանկությունը ավելի խորացավ: Ես ծառայել եմ էլիտար զորքերում` Հյուսիսային նավատորմի ծովային հետևակում: Ավանդույթներ ունեցող զորամաս էր` բարձր կարգապահությամբ, միջանձնային փոխհարաբերությունների կուլտուրա յով, ռազմական գործի որակյալ ուսուցմամբ: Բանակը մեծ դպրոց էր իմ կյանքում: Ես հասկացա, որ մարդու ներքին հնարավորությունները անսահման են, որ ամենաօրհասական պահին կարող ես ուժի ակունք գտնել քո մեջ: Ես լավ զինվոր էի, ինձ նշանակեցին դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտի կոչում շնորհեցին: Բանակից վերադարձա բազմաթիվ պատվոգրերով և խրախուսանքներով: Զինծառայությունը իմ կյանքի կարևորագույն հատվածն էր, որ շատ բան տվեց ինձ: - Հայկական բանակի զինվորը, Ձեր ղեկավարած զորամասում ծառայած զինվորը կարո՞ղ է կրկնել Ձեր խոսքերը` «Զինծառայությունը իմ կյանքի կարևորագույն հատվածն էր և շատ բան տվեց ինձ»: - Կարող է: Ես շատ բարձր եմ գնահատում հայ զինվորին: Նա հայրենասեր է, նվիրված, քաջ, ուժեղ: Շատ կան պատերազմող երկրներ, որոնց սահմանապահ զինվորները վերածվում են պարտիզանների, մոռանում են կանոնավոր բանակին բնորոշ կարգուկանոնը, կարգապահությունը, արհեստավարժությունը: Մեր զորքը 15 տարի է խրամատներում, բայց դա չի խանգարում, որ մեր զինվորը բավարարի ամենաբարձր չափանիշները, փայլի ստուգատեսների ժամանակ, հիացնի ոչ միայն տեղացի, այլ նաև արտասահմանցի մասնագետներին: - Դուք գո՞հ եք բանակում իրականացվող գաղափարական-դաստիարակչական աշխատանքի արդյունքներից: - Աշխատանքից գոհ եմ, արդյունքներից` ոչ: Ցանկալի արդյունքի բացակայությունը կապված է ոչ թե ներբանակային գործընթացների, այլ կրթական համակարգի բացթողում ների հետ: Գաղափարական աշխատանքն ու դաստիարակությունը պիտի լինեն միասնական ու շարունակական: Պետք է կառուցվեն հստակ գաղափարախոսության տրամաբանությամբ, ունենան ծրագրային դրսևորում, լինեն նպատակային: Հանրակրթության ընթացքում առկա թերությունները ազդում են բանակում գաղափարական աշխատանքի արդյունավետության վրա, երերուն հենքի վրա անհնար է բարձրացնել ամուր կառույց: - Ե՞րբ և ինչպե՞ս եկաք Ազգային բանակ: - Խորհրդային բանակից վերադառնալուց մի քանի ամիս անց անդամագրվեցի Սարիբեկ Օհանյանի ազատագրական ջոկատին: Երկու եղբայրներս արդեն նույն ջոկատի կազմում էին: Ի դեպ, հայրս խրախուսում էր մեր որոշումը: Ես շատ հպարտ եմ իմ հորով: Ամեն մարդ չէ, որ կհամաձայնի երեք որդիներին պատերազմ ուղարկել: - Ես այս հարցը շատերին եմ տվել ու շատ տարբեր պատասխաններ եմ ստացել. ի՞նչ տարավ պատերազմը Ձեզնից և ի՞նչ տվեց: - Պատերազմը խլեց ընկերներիս, պատերազմում կորցրի ոտքս, երբ դեռ 22-23 տարեկան էի: Պատերազմը տվեց ազատ հայրենիք, ինքնահարգանք: - Երբևէ չե՞ք կասկածել, չե՞ն եղել երկվության պահեր. արժե՞ր ազատագրված հողի համար այդքան մեծ գին վճարել: - Ազատագրված հողի համար պետք է վճարել ամենամեծ գինը: Ցանկացած դժբախտություն լավ է ծնկած ապրելուց: Ապաքինվելուց հետո ես բանակ վերադարձա պրոթեզով: Որոշեցի վեց ամիս ծառայել, հետո կորոշեի` կարո՞ղ եմ պիտանի լինել բանակին, թե՞ ոչ: Ես թույլ չէի տա, որ պատերազմական վաստակի համար ինձ հանդուրժեին: Ես գերազանցությամբ ավարտեցի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, որից հետո նշանակվեցի գնդի հրամանատար: Չորս տարի անց տեղափոխվեցի հատուկ գունդ, որտեղ և ծառայում եմ այժմ: - Ո՞րն է հրամանատարի հաջողության գրավականը: - Նախ` սեփական կենսագրությունը: Զինվորները խոսքին դժվար են հավատում: Նրանց առաջին հերթին հետաքրքրում է հրամանատարի վաստակը, անցած ճանապարհը, անձնական օրինակը: Հրամանատարը պետք է առաջին հերթին խստապահանջ լինի ինքն իր հանդեպ, ունենա անխոցելի վարք ու հեղինակություն: Հրամանատարը դատապարտ ված է ձգտելու կատարյալին, նրան հազարավոր զինվորների, ծնողների, հայրենակիցների աչքեր են հետևում: - Ամուսնացա՞ծ էիք, երբ պատերազմ գնացիք: - Վիրավորվելուց առաջ եմ ամուսնացել: Գումարտակի շտաբի լուսամուտից դուրս էի նայում, հանկարծ փողոցով անցնող շատ գեղեցիկ աղջիկ տեսա, շատ տպավորիչ: Դե, այնպես արեցի, որ սիրահարվեց ինձ: Մտածում էի` ծնողները դեմ կլինեն ազատամարտիկին աղջիկ տալ, բայց հայրն ասաց. «Ավելի լավ է աղջիկս ամուսնանա հայրենիքի պաշտպանի, քան ցուցափեղկի հետևում կանգնած վաճառականի հետ»: - Ձեզ ինչպիսի՞ կանայք են դուր գալիս, որո՞նք են կնոջ կերպարի ամենակարևոր բնութագրիչները: - Կինը պետք է լինի խելացի, բարեկիրթ, գեղեցիկ և համեստ: - Ի՞նչն է Ձեզ այսօր հուզում ավելի շատ և ոգեշնչում: - Ինձ հուզում է մեր ժողովրդի կենսակերպը, ցավում եմ, որ իմ հայրենակիցները ստիպված են բազում կենցաղային դժվարություններ հաղթահարել: Ինձ ոգեշնչում են մեր ժողովրդի տոկունությունը, մեր զինվորի հայրենասիրությունը, մեր բանակի ուժը, հայ ազգի կենսունակությունը: Ես մեկ որդի և մեկ աղջիկ ունեմ: Համոզված եմ, որ նրանք ապրելու են ավելի բարեկեցիկ, հպարտ ու հզոր Հայաստանում:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ