«ՅՈՒՔՈՄՅԱՆ» ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ


 

Մարդկանց իրավունքները ոտնահարող, միայն սեփական գերշահույթի հետևից վազելու «առաքելությունն» է դարձել նաև ինտերնետային ծառայություն մատուցող «Յուքոմ» ընկերության «հավատամքը», որը մարդկանց հետ վարվում է այնպես, ինչպես կամենա: Նախ, չգիտես ինչու, այս ընկերությունը բաժանորդներին չի տրամադրում ֆիքսված հեռախոսակապի համար` պարտադրելով օգտվել բջջային կապից, ինչն էլ, հասկանալի է, փող աշխատելու լրացուցիչ աղբյուր է: Որևէ անսարքության դեպքում այս ընկերության հեռախոսազանգերին պատասխանաողները, առանց լսելու խնդիրը` թութակի նման` հոգնեցնելու աստիճան, կրկնում են. «Գնացեք մեր գրասենյակ և կատարեք 3 հազար դրամի վճարում»: Նրանց չի հետաքրքրում, թե ինչ խնդիր է առաջացել, կարևորն այն է, որ հերթական կորզումներն անեն: Հեռախոսազանգերին պատասխանողներն իրենց պարտքն են համարում երկար-բարակ հարցեր տալ, որոնք որևէ կապ չունեն մտահոգող խնդրի հետ, ապա տեղեկացնել, որ պետք է դիմել տեխնիկական բաժին:

Հինգ րոպեից ավելի տևող հեռախոսային խոսակցությունը բաժանորդից գումարներ է տանում` հարստացնելով «Յուքոմին»: Դրանից հետո արդեն տեխնիկական բաժնի աշխատողն է հրամայում անմիջապես կատարել 3 հազար դրամի վճարում: Եվ, որպեսզի հավատընծա լինի խոսքը, հուշում է, որ մալուխն է վնասվել: Սա աշխարհում պատահող բացառիկ դեպք է, երբ հեռախոսով, առանց ծանոթանալու խնդրին` ախտորոշում են անսարքությունը: Դրամը վճարելուց հետո էլ հայտարարում են, որ անսարքությունը կվերացվի մեկ շաբաթվա ընթացքում: Ընկերությանը չի հետաքրքրում, թե համացանցը կարող է քեզ համար խիստ անհրաժեշտ լինել, որ նրա բացակայությամբ կրում ես նյութական և բարոյական վնաս: Ասել են` պիտի սպասես: Իսկ եթե փորձես հիմնավորել, որ անհրաժեշտ է արագ զբաղվել անսարքության վերացմամբ, եթե սկսես խնդրել կամ պնդել` կհայտնվի անվտանգության աշխատակիցն ու քեզ հետ «ախպերավարի» խոսելով` դուրս կանի գրասենյակից: Շաբաթվա վերջին, քո երկար զանգերից ու թախանձագին խնդրանքներից հետո, վերջապես հայտնվում է «մասնագետն» ու ասում, որ ախտորոշումը սխալ է եղել, որ ինչ-որ մի տեղ անջատվել է կապը: Ուրեմն, պիտի սպասես ևս մի քանի օր… Իսկ ամսվա վերջին պիտի վճարես լրիվ վարձավճարը, որովհետև ընկերությանը չի հետաքրքրում, որ իր մեղքով դու մեկ շաբաթից ավել զրկված ես եղել համացանցից օգտվելու հնարավորությունից: Չե՞ս ուզում կուրորեն ենթարկվել ընկերության պահանջին, ամբողջ ամսվա համար վճարել` անմիջապես անջատում են կապը…

Ահա այսպես «Յուքոմն» ու մյուս ընկերությունները աշխատում են մեզ մոտ` գիտենալով, որ կարելի է սպառողների շահերը պաշտպանողներին մի ռեստորան հրավիրել կամ էլ ինչ-որ «բան» բաշխել ու շարունակել ոտնահարել մարդկանց իրավունքները…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ