Բոլորը պա՞րտք են «Արմավիա»-ին

Անվտանգ երթևեկ բոլորին


 

Ճանապարհային ոստիկանության ծառայության աշխատակիցներն անհամեմատ ավելի քիչ են առնչվում հանցագործների հետ: Սակայն փոխարենը` նրանց գործունեությունն ամենաընթերցվող գրքի նման միշտ բաց է հանրության առջև: Անգամ նրանց, ովքեր մեքենա չեն վարում կամ չեն խախտում երթևեկի կանոնները: Հանգամանք, ինչը երբեմնի պետավտոտեսուչներին պիտի որ մղեր առավել սթափ լինել` չարատավորելու համազգեստի պատիվը: Չէի՞ն կամենում, թե՞ չէին պատկերացնում, ինչպես հասնել դրան` հիմա արդեն էական չէ: Այսօր արդեն նրանց աշխատանքի պարտադիր նախապայմանը վայելչությունն է` երթևեկի մասնակիցների հետ բարեկիրթ հարաբերվելու, օրենքի պահանջներն անվերապահորեն կատարելու և զարտուղի մեթոդներից կտրուկ հրաժարվելու: Եվ վերջին ամիսների փորձով` ճանապարհային ոստիկաններն իրենք էլ համոզվել են, որ իրենց հանդեպ անհարգալից վերաբերմունքի սառույցը ճաք է տվել: Ի վերջո, Ոսկե կանոնն ընկալելի, հետո նաև աշխատանքային առօրյայի բաղկացուցիչ կդառնա` դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կկամենայիր, որ քեզ հետ վարվեն:

ՃՈ ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն ԳԱԼՍՏՅԱՆԸ պաշտոնավարում է համակարգում բուռն թափով ծավալվող վերջին բարեփոխումներից առաջ: Նա կարևորում է հատկապես իրենց ծառայության հաշվառման- քննական ստորաբաժանումներում իրականացվող արմատական վերափոխումները:

- Դրա նպատակը հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավումն է, տրանսպորտային միջոցների պետական գրանցման, հաշվառման և վարորդական վկայականների հատկացման գործընթացները հնարավորինս պարզեցնելը, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելը:

Մարտի վերջին Երևանում շահագործման կհանձնվի հաշվառման-քննական ստորաբաժանման նոր վարչական շենքը և քննական ավտոդրոմը: Դա հնարավորություն կտա տրանսպորտային միջոցների գրանցումն ու հաշվառումն իրականացնել հոսքագծի սկզբունքով` նվազագույնի հասցնելով կուտակվող հերթերը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու գործնական քննություն ընդունել մեկ փուլով` քննական ավտոդրոմում:

- Եթե ավելի առարկայորեն, ապա ի՞նչ փոփոխություններ կարող են ակնկալել մեր հայրենակիցները:

- Նախ, քաղաքացին այլևս ստիպված չի լինի տրանսպորտային միջոցների հաշվառման և վարորդական վկայական ստանալու համար ներկայացնել գրավոր դիմում, ինչն էապես կնվազեցնի գործընթացի իրականացման համար պահանջվող ժամանակը: Բացի այդ, տրանսպորտային միջոցը գրանցումից և հաշվառումից հանելը, ինչպես նաև գրանցումն ու հաշվառումը կկատարվի բոլոր ստորաբաժանումների կողմից` անկախ վաճառողի կամ գնորդի հաշվառման կամ բնակության վայրից: Այսինքն` վարորդական վկայական ների հատկացումը ևս կիրականացվի բոլոր ստորաբաժանումների կողմից` անկախ քաղաքացու հաշվառման վայրից. քաղաքացին պարտադրված չի լինի անպայման այցելել իր հաշվառման վայրի ստորաբաժանում: Կարևոր է նաև, որ մայրաքաղաքում այսուհետ փոխադրամիջոցի հաշվառման վկայագիրը և վարորդական վկայականը (պլաստիկ քարտերի տեսքով) կհատկացվեն անմիջապես նույն օրը:

Ուզում եմ ընդգծել, որ ամեն ինչ պարզեցված-հեշտացված է. քաղաքացին կսպասարկվի 15-20 րոպեի ընթացքում: Ընդ որում` միանգամից 20 մարդու սպասարկելու հնարավորություն կունենանք:

- Իր նախընտրած պետհամարանիշները մեքենատերերը դարձյա՞լ այսպես կոչված աճուրդով են ձեռք բերելու:

- Մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ընտրությունը կարող է կատարվել ինչպես հաշվառող ստորաբաժանման սպասարկման սրահի աշխատակցի կողմից` տրանսպոր տային միջոցի հաշվառման ժամանակ, այնպես էլ տրանսպորտային միջոցը հաշվառման ներկայացրած անձի կողմից` սպասարկման սրահում տեղադրված տեխնիկական միջոցով:

- Ասել է թե` այլևս երանությամբ չենք հիշատակելու այլ երկրների անուններ, որտեղ հաշվված րոպեների ընթացքում և առանց ավելորդ քաշքշուկի մարդը կատարում է բոլոր ձևակերպումները:

- Այո´:

- Ոստիկանության հետ հասարակության թերևս ամենաանմիջական առնչությունը ՃՈ աշխատակիցների հետ է: Եվ թույլ տվեք ասել` ժողովուրդ-ճանապար հային ոստիկան հարաբերություններն ավելի շատ հակամարտող կողմերի «պայքար» է հիշեցրել: Վերաբերմունքը բացասական է եղել: Արդյո՞ք հոգեբանական շատ կաղապարներ կոտրելու անհրաժեշտություն չկա:

- Ես համոզված եմ, որ Ձեր ակնարկած այդ հոգեբանությունն արդե´ն փոխվում է: Դա Ոստիկանության պետի պահանջն է, և բոլորն արդեն համոզվել են, որ իրենց գործունեութ յունը տեսանելի է, վերահսկվում է: Տեղյակ եք երևի, թե որքան խիստ պատժվեցին իրենց լիազորությունները չարաշահողները: Մեր տեսուչները պարտավոր են հարգալից վերաբերվել վարորդների հետ: Կարգազանցներին նրանք ոչ թե գռեհիկ տոնով, այլ բարեկրթորեն պետք է ներկայանան, ներկայացնեն կատարված իրավախախտումը և փաստաթղթեր պահանջեն: Եթե քաղաքացուն դիմում ես բարեկրթորեն, նա ավելի է զգաստանում, վստահում է քեզ:

- Ի՞նչ եք կարծում, նախկինում նրանք չգիտեի՞ն, որ իրավունք չունեն կոռեկտ չլինել:

- Դժբախտաբար` նախկինում ոչ միայն ճանապարհային, այլև տարբեր ծառայությունների աշխատակիցներից շատերը չարաշահել են իրենց պաշտոնը. չգիտես ինչու` ոստիկանի մեջ արմատացած էր ամենակարող իշխողի հոգեբանությունը: Հենց այդ պատճառով տարիների ընթացքում ոստիկանի ոչ պատշաճ կերպար էր ձևավորվել: Հիմա Ոստիկանության պետը դա անհանդուրժելի է համարում: Ոստիկանը ժողովրդի առաջին օգնականն է, և հասարակությունը պետք է զգա, նկատի նրա պատրաստակամությունը:

- Իսկ ինչպե՞ս են իրենց դրսևորում երթևեկի մասնակից քաղաքացիները` հետիոտն և մեքենա վարող:

- Պատկերացրեք` ավելի զգուշավոր են դարձել, ավելի կարգապահ: Հետիոտն- ները պատահական տեղից չեն հատում փողոցը, վարորդներն ավելի քիչ են գերազանցում արագությունը: Տեղին է նշել, որ հիմնական խախտումն արագության գերազանցումն է:

- Միջին հաշվով քանի՞ խախտում է գրանցվում մեկ օրվա ընթացքում:

- Մոտ 2000-2500: Բայց համակարգում կատարվող բարեփոխումները և հատկապես տեսախցիկների և արագաչափերի տեղադրումն էապես փոխել են պատկերը: Ես կասեի` Երևանում կիսով չափ կրճատվել են խախտումները:

- Վթարի վայրում ԱՊՊԱ-ի ներկայացուցչին սպասելը հաճախ խցանումներ է առաջացնում, նյարդայնացնում այդ վթարի հետ առնչություն չունեցող երթևեկողներին: Արդյո՞ք պարտադիր է, որ հատկապես դեպքի վայրում կատարվի զննությունը: ԱՊՊԱ-ն մի՞թե չի վստահում ոստիկանությանը: Լայն զանգվածներին չուշացնելու, ավելորդ անհարմարություն չպատճառելու համար ժամանակը չէ,՞ որպեսզի այդ ձևականությանը վերջ տրվի:

- Այդ հարցը բազմիցս քննարկվել է և այսօր նաև Ոստիկանության պետի ուշադրության կենտրոնում է: Առաջարկությունները ներկայացվել են Կառավարություն, և շուտով համապատասխան որոշում կկայացվի, ու հարցն անպայման կկարգավորվի:

- Ճանապարհատրանսպորտային պատահարներ ստեղծողների, երթևեկության կանոնները խախտողների մեջ շա՞տ են ոգելից կամ թմրանյութեր օգտագործածները:

- Ոգելից խմիչք օգտագործած վարորդներ հայտնաբերում ենք, բայց թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարողներ` ոչ: Մենք ոչ միայն դեպքի վայրում ենք լինում և գնահատական տալիս կատարվածին, այլև պարբերաբար կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնում: Այդ ժամանակ արդեն մեքենաներում հայտնաբերում ենք և´ թմրանյութեր, և´ սառը զենքեր:

- Նշեք, խնդրում եմ` իրավախախտների միջին տարիքը:

- Հիմնականում` մինչև 30 տարեկան:

- Իսկ երթևեկության կանոնների խախտումներ ավելի շատ Երևանո՞ւմ են տեղի ունենում, թե՞ մարզերում:

- Կազմված արձանագրությունները փաստում են, որ բոլոր քաղաքներում` Երևանում, Վանաձորում, Գյումրիում գրեթե նույն վիճակագրությունն է:

- Ի՞նչ կասեիք մեր հայրենակիցներին:

- Կուզենայի, որ իրենց կարգապահությամբ և անաչառ գնահատականներով օգնեին մեզ: Բոլորին անվտանգ երթևեկություն եմ մաղթում: Ես և իմ գործընկերները ցանկանում ենք ճանապարհներին կարգապահ, գիտակից վարորդներ տեսնել` եթե նույնիսկ այս կամ այն հատվածում տեսագրող ու արագությունը չափող սարքեր չկան: Ղեկի առջև նստելու պահից բոլորը պետք է սեփական և հարևանությամբ ընթացողների անվտանգության մասին մտածեն ու միշտ հիշեն, որ իրենց սպասում են տանը:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ