Կրկին լարվածություն Ռուսաստան-Լատվիա հարաբերություններում


 

Կարծես արդեն ավանդույթի է վերածվել ռուս-լատվիական հարաբերությունների պարբերական սրումը: Հերթական առիթը Լատվիայում անցկացված հանրաքվեն էր, որը պետք է լուծում տար հետևյալ հարցին, ռուսերենը ընդունե՞լ երկրի երկրորդ պետական լեզու, թե՞ ոչ:

Լատվիայի բնակչության մեծամասնությունը դեմ է քվեարկել ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալուն, իսկ երկրի նախագահը իր երախտագիտությունն է հայտնել դեմ քվեարկողներին:

ՌԴ արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` մեղադրելով Լատվիայի իշխանություններին` միջազգային պարտավորությունները չկատարելու համար:

Լատվիական կողմը Ռուսաստանին թույլ չի տվել դիտորդներ գործուղել` հանրաքվեի ընթացքին հետևելու համար: Նշենք, որ մերձբալթյան այս երկրի ռուսախոս բնակչությունը մոտ 45 % է: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ լատվիական իշխանությունների ռուսատյացությունը որոշ դեպքերում չափն անցնում է, ինչն էլ ՌԴ քաղաքական շրջանակների կողմից բնորոշվում է որպես ռասիզմի դրսևորում: Մերձբալթյան երկրները իրենց ոչ վաղ անցյալի բոլոր ողբերգական իրադարձություններում հիմնական մեղավոր են համարում Ռուսաստանին: Դրանում գուցե ինչ-որ ռացիոնալ հատիկ կա, բայց որ կա նաև չափազանցություն` ևս ակնհայտ է: