Հայաստանը պետք է իր ազգային շահերը պաշտպանի


 

Վերջին օրերին Արցախի հիմնախնդրի շուրջ Ռուսաստանի կողմից կարծես աշխուժություն է նկատվում: Իսկ ցանկացած նման աշխուժություն բնական անհանգստություն է առաջացնում հայության շրջանակներում. ի՞նչ հնարավոր ու անհնար վտանգներով լի զարգացումներ կարող են հետևել դրան: Այս մասին է զրույցը քաղաքագիտության դոկտոր Լևոն ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ:

- Մի քանի օր առաջ Ստեփանակերտում հրավիրված կոնֆերանսում Ռուսաստանի «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովն ու Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը բաց տեքստով խոսեցին Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման և Արցախում Ռուսաստանի խաղաղարարների տեղակայման անհրաժեշտության մասին: Ընդ որում, նրանք բացառել են եվրոպական, մասնավորապես, ֆրանսիական խաղաղարարների ներկայության հնարավորությունը: Կարելի՞ է ռուս քաղտեխնոլոգների արտահայտած կարծիքն ընդունել որպես ՌԴ կողմից Հայաստանին հասցեագրված «մեսիջ»:

-Այդ կոնֆերանսում ես չտեսա Արցախի հարցով զբաղվող որևէ պրոֆեսիոնալի: Ձևաչափն ինքնին անհասկանալի էր: Եթե ՌԴ-ն հայկական կողմին ճնշելու կամ որևէ այլ մտադրություն ունենա, դա պետք է լինի պետական խողովակով: Վերջապես, եթե կոնկրետ Հայաստանին հարցեր կան պարզելու` Ռուսաստանի և Հայաստանի ազգային անվտանգության խորհուրդներն իրար հետ կարող են պարզել: Ուզում եմ ասել` տագնապալի ոչինչ չեմ տեսնում կատարվածում: Այս ամենում ինձ համար ամենաանհասկանալին ԼՂՀ հանդեպ Հայաստանի Հանրապետության տեսակետն է: Մինչև հիմա հստակ չի, թե Հայաստանն ի՞նչ տեսակետ է պաշտպանում. ուզո՞ւմ է անկախությունը ճանաչել, չի՞ ուզում ճանաչել, ի՞նչ է անում:

- Մի բան հստակ է` պահպանում է ստատուս-քվոն:

- Պահպանում է, որպեսզի վաղն ի՞նչ անի: Բոլոր դեպքերում վերլուծական հանրության և հասարակության համար անհասկանալի է: Խնդիրը Հայաստանն ինքը պետք է ճշտի: Մենք Ռուսաստանին պետք է հասկացնենք` եթե իրենք Արցախի հարցում գնալու են 20-ական թվականների զիջողությունների ու խաղերի ճանապարհով, ապա Հայաստանը հստակորեն պետք է ասի` քաղաքական կողմնորոշումս կփոխեմ և Արևմտյան կողմնորոշում կվերցնեմ: Եթե Արցախի հարցում մենք տանուլ ենք տալու, մեզ ռուսական ոչ մի ներկայություն պետք չի: Իսկ մնացածը` խաղաղապահ ուժերի մասին որ ասվում է, կարծում եմ` մեզ ոչ մի խաղաղապահ ուժ հարկավոր չի: Ես միշտ մնում եմ այն տեսակետին, որ մենք մեր բարեկամներին պետք է հստակ ասենք` տվեք զենքը մեզ, մենք մեր հայրենիքը, մեր սահմանները կպաշտպանենք: Մեր փոխարեն դուք մի´ պաշտպանեք մեզ, մենք իվիճակի ենք ինքներս դա անել: Սա´ պետք է ասվի: Գոնե վերլուծական հանրակցությունը սա պետք է հստակ ասի: Իսկ եթե ռուսները սպառնում են, որ եթե իրենք չեն լինելու Արցախում, ֆրանսիացիներն էլ ընդհանրապես չպետք է լինեն, ուրեմն` թող լինեն ֆրանսիացիները: Պայմանական ասենք` որ երկիրը Հայաստանի և Արցախի ազգային տարածքների անվտանգությունը պաշտպանելու երաշխիք կտա, նրանք էլ թող գան: Իրենք` ռուսնե՞րն են այդ երաշխիքը տալիս, թող իրենք գան: Եթե ֆրանսիացիները խոստանում են, որ մեր հայրենիքը պետք է ավելի կազմակերպված ու ընդարձակ լինի` նրանք թող անեն: Այսինքն, ռուսները շարունակեն դարավոր «մուտիլովկան», հայ-թուրքական հարաբերություններն անընդհատ տաքացնեն, հավասարակշռության քաղաքականություն վարեն` իբր չիմանալով, թե հայերն ո՞վ են, թուրքերն ո՞վ , մյուսներն էլ տեղ չունենա՞ն: Մենք պետք է հստակ ասենք, որ մենք ունենք մեր ազգային շահը. դա ՀՀ հզորացումն է` Արցախի առկա սահմանները, կենսատարածքը պահպանելով:

- Իսկ Դուք Արցախի շուրջ առկա այս զարգացումներն արդյո՞ք չեք դիտարկում տարածաշրջանային` Իրանին առնչվող զարգացումների համատեքստում:

- Տարածաշրջանային խնդիրներն ահագնանում են: Աշխարհը ոչ թե Սիրիայի, այլ Ռուսաստանի հարցն է լուծում: Ռուսաստանին արտամղում են Մերձավոր Արևելքից, խորհրդային հետքերն են վերացնում: Իսկ խորհրդային հետքերը ռուսական հետքերն են: Այս խառնաշփոթում Հայաստանը պետք է իր ազգային հարցերը պաշտպանի:

- Իսկ որևէ կապ չե՞ք տեսնում Արցախի հիմնահարցի ակտիվացման և Իրանի շուրջ զարգացումների միջև:

- Ես ակտիվացում չեմ նկատում: Իսկ եթե Արցախի խնդիրը դիտարկենք Իրանի զարգացումների համատեքստում, ապա ես դրանից մեզ համար որևէ վտանգ չեմ տեսնում: ՌԴ-ն օբյեկտիվորեն չի կարող Իրանի հարցի քննարկումը պահել իր հետաքրքրության շրջանակներում` շրջանցելով Հայաստանը: Այստեղ ես դրական վերաբերմունք եմ ակնկալում: Իհարկե, եթե Գորբաչովի նման չեն որոշել ծախել բարեկամներին: Բայց Հայաստանի գիտական հանրակցությունը մեղավոր է: Մենք գիտենք, որ Անդրկովկասյան թնջուկն առաջացել է 1921 թ. մարտի 16-ի` ռուս-թուրքական գործարքով: Մենք ոչ մի անգամ չենք փորձել ճշտել` կա՞ գաղտնի կետ մոսկովյան պայմանագրում, թե՞ չէ: Բացենք և տեսնենք` ի՞նչ են արել, ինչի՞ են արել և ի՞նչ են ուզում: Եթե այս հարցերը պարզվեին, շատ խնդիրներ կհստակեցվեին: Արևելյան Հայաստանի ներկա վիճակը Լենին-Քեմալ գործարքի արդյունքն է: Կարծես` ռազմավարական բարեկամներ ենք, բայց Մոսկվայի արխիվներն ո՞վ պետք է բացի. պետությո´ւնը պետք է պահանջի: Ինչպես մերձբալթյան երկրներն արեցին` ասացին. Ռիբենտրոպ -Մոլոտով պայմանագիրը պետք է բացեք` տեսնենք, թե ինչ է գրված մեր մասին: Հայաստանի հանդեպ Ռուսաստանի դավաճանությունը Մոսկվայում է կատարվել` հայ բոլշևիկների օժանդակությամբ: Այս ամբողջը պետք է բացել. բարեկամ երկրներ ենք: Իսկ մենք հարցերը միշտ լղոզում ենք:

- Գուցե հնարավորությունների՞ խնդիր է:

- Թող պետությունն աշխատի, համառորեն պահանջի. ընկերական, թե քաղաքական իմաստով, բայց պահանջի: Բացի այդ, Ռուսաստանից շատ վախենալ, զգուշանալ պետք չէ: Ռուսաստանն առանց մեզ Անդրկովկասում մնալ չի կարող. բացառվա´ծ է: Որքան Ռուսաստանն է Հայաստանին հարկավոր, այնքան էլ Հայաստանն է Ռուսաստանի համար անհրաժեշտ: Մանավանդ` Սիրիայի խնդրի այսօրվա վիճակում: Արաբական հեղափոխությունների բոցն ուղիղ գալիս է մեր վրա: Մենք խնդիր չունենք` Ռուսաստանի հետ բոլորի դեմ բարիկադավորվելու: Պետք է դիտարկենք, թե մեզ ո՞վ ի՞նչ երաշխիք է տալիս:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ