Անանց արժեքներ

Համաշխարհային կինոյի մեծերից մեկը


 

Մենք հեռացել ենք կինոյից ու կինոմշակույթից: Թերևս այդ է պատճառը, որ մոռացության ենք տալիս կինոյի աշխարհի շատ նշանավոր մարդկանց, անուշադրության ենք մատնում նրանց ստեղծագործությունները: Այսօր շատ քչերը կարող են հիշել Արտավազդ ՓԵԼԵՇՅԱՆԻ ու նրա ստեղծած ինքնատիպ-զարմանալի կինոյի մասին, որը վաղուց արդեն համաշխարհային արժեք է դարձել: Շատերին նրա անունը հիշեցնելու համար կարիք է լինում հարցնել, թե հիշո՞ւմ է Հենրիկ Մալյանի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը, որտեղ համաշխարհային կինոյի մեծություններից մեկը նկարահանվել է Ռևազի դերում:…

Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թ. փետրվարի 22-ին, Լենինականում (այժմ` Գյումրի)` չնայած լոռեցի է` վանաձորցի: Սովորել է Մոսկվայի Համամիութենական կինոինստի տուտում, այն էլ` այն տարիներին, երբ խորհրդային կինոն ուշագրավ զարգացումներ էր ապրում, երբ Կիևում Սերգեյ Փարաջանովը ստեղծում էր «Ուկրաինական ռապսոդիա», «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմերը: Այն տարիներին, երբ հայկական կինոյում ծնունդ էին առնում Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» և Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» ֆիլմերը: Նորացման, յուրատեսակ հեղափոխականության տրամադրությունները թափանցում էին նաև կինոինստիտուտի պատերից ներս, շատերին տանում դեպի խիզախ նորարարությունը:

- Նրա առաջին իսկ ֆիլմերը  («Սկիզբ», «Մարդկանց երկիրը») նրան ոչ թե ուղղակի անուն բերեցին, այլ նաև համբավ` տալիս էին մրցանակներ, փորձագետները քննարկում էին նրա ուրույն մոնտաժը, որը մեծ դեր էր խաղում, որովհետև նրա ֆիլմերի մեծ մասը արխիվային կադրերի հիման վրա է արվել,- գրել է ժամանակի մամուլը:

1969 թ. նա նկարեց «Մենք» ֆիլմը, որը կառուցված էր Արամ Խաչատրյանի գունեղ և արագ երաժշտության հիման վրա և որը շատ շուտ հանրահայտ դարձավ: Նրա ստեղծագործությունները հավերժականի մասին են, ամեն ինչ` մարդու միջոցով և մարդու մասին:

- Երբ ես անվանեցի ֆիլմը «Մենք», ես նկատի ունեի հայ ժողովրդին, բայց այն ավելի մեծ «Մենք»-ի մի փոքր մասնիկն է,- ասում էր ինքը` Փելեշյանը:

Եվ այդպես շարունակվում էր յուրաքանչյուր աշխատանքում` «Տարվա եղանակները», «Մեր դարը», «Կյանք» և մյուս ֆիլմերում:

Ռեժիսոր Լ. Գուրևիչը պատմում էր.

- Հարգված և իմ կողմից սիրված վարպետ Արտավազդ Փելեշյանն ավելի լռակյաց է, հպարտ. նրան հատուկ է իր մեջ խորանալը և միայնությունը: Եվ նրա ֆիլմերը լի են հզորությամբ, ֆիլմերը ղեկավարում են իդեաները, այլ ոչ թե մարդիկ և անհատականությունները: Փելեշյանը մտավ կինո ոչ միայն իր գործունեությամբ (որը կոչեց «դիստանցիոն մոնտաժ»), այլ նաև տեսության միջոցով: Նա ավելի զարգացրեց մոնտաժի տեսությունը, որը սկսել էին Վերտովը և Էյզեյնշտեյնը: Այդ բացահայտումը նրան հնարավորություն տվեց Սերգեյ Մուրատովի խոսքերով ասված` «Կինոն կինոյի մակարդակով»:

«Մենք» ֆիլմում առաջին հիմնական դիստանցիոն մանտաժի տարրն է` աղջկա դեմքը, որ հայտնվում է ֆիլմի հենց առաջին կադրում: Դրանից հետո միանում է երաժշտությունը և դիտողին է փոխանցվում անհանգստության զգացում: Երկրորդ անգամ աղջկա դեմքը հայտնվում է մի որոշ ժամանակ անց: Եվ ֆիլմի ամենավերջում, երրորդ անգամ հայտնվում է այդ մոնտաժային տարրը, բայց այս ժամանակ միայն երաժշտական ակկորդի տեսքով. հանդիսատեսն արդեն տեսնում էր ոչ թե աղջկան, այլ այն մարդկանց, ովքեր դուրս էին եկել պատշգամբ: Այսպիսի մոնտաժը տալիս էր դիստանցիոն, մարդկանց վրա ավելի շատ ազդելու հնարավորություն: Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «սակավաթիվ կինոհանճարներից մեկը»:

Բեմադրիչի վերջին ֆիլմը կոչվում էր «Վերջ», որը ստեղծեց 1993 թ: Այդ ժամանակվանից ի վեր լռություն է: Կարելի է պատասխանել կինոքննադատ Լյուդմիլա Դոնեցի խոսքերով` «այստեղ նկատվում է և բացահայտվում է մի օրինաչափություն. սոցիալական ապստամբությունները Փելեշյանի ժամանակները չեն: Նա «Հավերժության պատանդ է»: Նրա ֆիլմերը հակասում են սովորական վավերագրական ֆիլմերի պատկերացումներին: Նրանց մեջ շատ հաճախ շեշտավորված են ռիթմը, երաժշտությունը, մոնտաժը: Դրա համար շատ հաճախ Փելեշյանին համարում են նկարիչ, ով աշխատում է վավերագրական կադրերի հետ: