Դաստիարակություն և կրթություն


 

Այս երկու բառերը հոգեհարազատ են բոլոր նրանց համար, ովքեր գիտակցում են դրանց անհրաժեշտությունը:

Մեր հասարակության մեջ միշտ էլ գնահատանքի են արժանացել գիրն ու գիրքը, լավն ու առաջատարը, խելոքն ու խելացին, կրթվածն ու գրագետը: Մեր օրերում չտեսնել նրանց, նշանակում է կույր լինել, չզգալ կամ չուզենալ տեսնել այն, որ կա նաև ձգտում դեպի լավը, բարին և վեհը: Գլուխ պետք է խոնարհել բոլոր մեծ ու փոքր բարերարների առջև, ովքեր օգնել ու օգնում են մեր հասարակության մեջ տեղ գտած սոցիալապես անօգնական ընտանիքներին: Սակայն իմ մտորումներն ու հոգիս տանջող ցավերն այլ են:

Խոսեմ փաստերով և օրինակներով: Այսօր, երբ դասերից հետո երեխաների հետ զրուցում եմ մեր առօրյա կյանքի ու հոգսերի մասին, շատերի մոտ նկատում եմ, որ նրանց գերնպատակը մեկն է` ստանալ կրթություն և դաստիարակություն, ապահովել նյութական լավ պայմաններ և վայելք: Ի՞նչ խոսք, եթե մտածում ես այսօրվա չափորոշիչներով, բնական է, այդպես էլ պետք է լինի: Սակայն երբ մի փոքր ավելի խորանում ու խորհում ես այսօրվա կրթության և դաստիարակության այն դրսևորումների մասին, որոնց նպատակը կարծես ոչ թե ծառայել, այլ ծառայեցնելն ու շահագործելն է, այստեղ ակամա ցավ ես ապրում:

Ցավոք, մեր երեխաներից շատերը, տեսնելով մեր հասարակության մեջ տեղի ունեցող մարդկային ոչ ճիշտ հարաբերությունները, ավելի շատ ընդօրինակում են վատը և իրենց համար դա դարձնում կյանքի նպատակ: Այսօր դպրոցին շատ են հանդիմանում, թե լավ չեն զբաղվում կրթությամբ ու դաստիարակությամբ` մոռանալով, որ կրթությունն ու դաստիարակությունը եռանկյան նման մի կառույց է` դպրոց-ընտանիք-հասարակություն օրգանական կապով: Դպրոցը միայնակ ի վիճակի չէ կրթել ու դաստիարակել երեխաներին: Երեխաները դպրոցում մի բան են տեսնում ու լսում, տանը` ուրիշ, փողոցից և էկրանից` բոլորովին այլ: Հենց այստեղ է, որ ուսուցչի գործը շատ է դժվարանում: Վերջին շրջանում մեր հեռուստատեսային էկրանին ավելի հաճախ հայտնվում են մեր կյանքում տեղ գտած այն բացթողումներն ու ստվերոտ կողմերը, որոնք շատ տհաճ են բոլորիս համար: Ավելի շատ շոշափում են դավաճանությունները, կողոպուտները և «մաֆիոզ գործողությունները», քան բարին, դրականը և լավը:

Հարգելինե´րս, իմ կարծիքով` մարդ արարածը որքան շատ է տեսնում ու լսում վատը, այնքան արագ է հարմարվում այդ ամենին, և վատը ավելի արագ է բնավորվում երեխաների հոգում, քան լավը` ինչպես մոլախոտը ցանկացած հողատարածքում:

Կամ, ինչո՞վ բացատրել մեծահասակների նկատմամբ երիտասարդների վերաբերմունքի այդքան կտրուկ փոխվելը: Մարդիկ տարիներ ի վեր արարել ու ստեղծագործել են, պայքարել են թշնամու դեմ, տուն կառուցել, երեխա դաստիարակել ու կրթել, բայց արժանացել են նրանց արհամարհանքին, սառնությանն ու անտարբերությանը, երբեմն նաև դաժան վերաբերմունքին:

Մինչդեռ մեր թոշակառու ընկերները պետք է արժանապատիվ ապրեն, ոչ թե մի կերպ «յոլա գնան» ու ստորանան իրենց ընտանիքների առաջ: Մի՞թե այդ մարդիկ արժանի չեն` վայելելու վաստակը:

Ուրեմն եկեք մտածենք ոչ թե հետևանքների մասին, այլ` պատճառների: Քանզի առանց պատճառի հետևանք չկա´:

Գասպար ԳԱՍՊԱՐՅԱՆ

Երևանի N 114 դպրոցի աշխարհագրության ուսուցիչ