Մինչև վերջին շունչը` հավատարիմ Քադաֆիին
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի բանտերից մեկում սպանվել է Մուամար Քադաֆիի ամենասիրելի ու հավատարիմ հեռուստալրագրողը: Գալիա ալ-Միսրաթին մեծ ճանաչում ուներ հատկապես Քադաֆիի ղեկավարման տարիներին: Եվ վերջինիս մահից հետո էլ մնաց նրա նվիրյալը: Հեռուստալրագրողը բազմիցս հանդես է եկել ներկա իշխանությանն ուղղված համարձակ քննադատություններով, անգամ խոստացել է վրեժ լուծել գնդապետի սպանության համար: Ազդեցիկ էր հատկապես նախորդ տարվա օգոստոսի նրա հեռուստաե լույթը, երբ զենքը ձեռքին խոստացավ սպանել նրանց, ովքեր կհամարձակվեն գրավել հեռուստաընկերությունը: Սակայն համարձակ հեռուստալրագրողուհին ձերբակալվեց` շարունակաբար ենթարկվելով կտտանքների ու սեռական բռնությունների: Վերջին անգամ Գալիան հայտնվել է հեռուստաէկրանին դեկտեմբերի 30-ին` դեմքին բռնությունների հետքերով: Նա ոչ մի բառ չի արտաբերել` ձեռքին պահելով թղթի մի կտոր, որի վրա ամսաթիվ էր գրված: Շատերը ենթադրում են, որ այդ ժամանակ արդեն նա զրկված էր լեզվից: Գործընկերները վստահեցրել են, որ նրա սպանության պատճառը Քադաֆիի երբեմնի բարեհաճ վերաբերմունքին ու համակրանքին արժանացած լինելն էր: Հատկապես, որ լրագրողն էլ երբեք չի թաքցրել իր դիրքորոշումն ու յուրաքանչյուր պատեհ առիթով քննադատության թիրախ դարձրել երկրի իշխանություններին: