ԴՐԱՄԱՀԵՂԵՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ


Առայժմ տարբեր առիթներով բաժանվող ընտրակաշառքը ամենայն հավանականությամբ առաջիկայում ավելի լայնամասշտաբ և շոշափելի կդառնա: Դրան, իհարկե, նպաստելու է ոչ միայն քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, այլ, որ պակաս հետաքրքիր ու կարևոր չէ...` քաղաքական հեռուստագովազդի արդեն հայտարարված չափազանց բարձր սակագինը: Ինչ խոսք, մինչև սակագների չափը հստակեցնելն էլ դժվար չէր կանխատեսել, որ եթե դրանք մի երեք անգամ ավելի ցածր լինեին, դարձյալ դժգոհողներ կամ գովազդի վճարովի ծառայությունից հրաժարվողներ լինելու էին: Այս պարագայում սակայն մեծ է հավանականությունը, որ շուրջ 300 դոլար արժեցող հեռուստագովազդի րոպեավճարը հայրենի քաղգործիչներին շատ ավելի «իրատեսական» քայլերի մղի: Այսպես, եթե մի տասը րոպե ինչ-որ հեռուստաընկերության` եթերը զբաղեցնելու համար նրանք շուրջ մեկ միլիոն դրամի հարգի գումար պետք է վճարեն, ապա նշված փողերը քվեների ուղղակի գնման նպատակին ծառայեցնելու արդյունավետությունն, անկասկած, շատ ավելի մեծ կլինի: Ասել է թե` ընտրակաշառքային հաղթարշավը կանխելուն հեռուստաալիքները նույնպես չեն նպաստելու: Ճիշտ հակառակը. նման շահագրգռության համար հիմնավորումներ անգամ չկան, քանի որ, ինչպես գիտենք, նախընտրական ամիսները ԶԼՄ-ների համար ֆինանսապես մի փոքր ավելի լավ զգալու ոչ այնքան հաճախ ընձեռվող ժամանակներ են, և, անկախ ամեն ինչից, դրանց տերերն էլ լավ գիտեն, որ քաղաքական գովազդ պատվիրողներ, այնուամենայնիվ, լինելու են: Իսկ մինչ այդ շարունակենք ընտրակաշառքի թեման: Ինչպես միշտ, այս ընտրություններից առաջ էլ քաղաքական ուժերը առիթը բաց չեն թողնում քարոզչական սույն արատի դեմ խիստ մռայլ տրամադրություններ արտահայտելու: Սա` հրապարակավ: Եվ մեծ է հավանականությունը, որ ճիշտ այն պահին, երբ Դուք լսում եք եթերում հոխորտացող ծանոթ պարոնին, Ձեր տան դուռը թակի հենց նրա ղեկավարած քաղաքական կուսակցության ներկայացուցիչը և այդ չարաբաստիկ կամ գուցե երազելի դրամակույտից Ձեզ էլ առաջարկի... Եվ պատկերացրեք` այստեղ էլ տարօրինակ որևէ բան գրեթե չկա: Որևէ մեկը չի էլ առարկի, որ քաղգործիչների խոսքն ու գործը հիմնականում ոչ միայն չեն համընկել, այլ ավելի շատ հակասել են զմիմյանս: Ու այսքանը լավ վերհիշելով հանդերձ` նշված հակասության համար զարմանալ չարժե: Այսպիսին է իրականությունը: Ավելին, եթե նախկինում հայրենի կուսակցապետերի եվրոպական, մոսկովյան կամ ամերիկյան այցերը չափավոր-գաղտնի բնույթ էին կրում, ապա այս ընտրություններից առաջ նրանք իրենց այցերի մասին կարծեք թե նույնիսկ հպարտությամբ են հայտարարում: Օտար ազդեցություններին տրվելն ու արտահայտողը դառնալը սրանց մոտ այլևս սովորական է դարձել: Պակաս կարևոր չէ, որ զուգահեռաբար փորձ է արվում հանրությանը հասկացնել` «գումարներ լինելու են, և սպասեք նաև մեզ»: Ասել է թե` ընտրակաշառք չբաժանող քաղաքական ուժեր գրեթե չեն լինելու: