Բաց նամակ


«Փակագիծ» օրաթերթի թղթակից Մանե Լիլոյանին, խմբագրակազմին, հիմնադրին պատճենը` Panoram.am հայկական էլեկտրոնային ինֆորմացիոն պորտալի խմբագրակազմին Բոլոր լրատվամիջոցներին, խոսքի ու մամուլի ազատության պաշտպան բոլոր կազմակերպություններին ու անձանց. Հարգելի լրագրողներ, սիրելի հայրենակիցներ. Կյանքիս վերջին տասնութ տարիները նվիրել եմ Ազգային եւ ժողովրդավարական խնդիրների լուծմանը: Խոսքի եւ մամուլի ազատությունը համարում եմ ազգային արժեքային համակարգի բարձրագույն արժեքներից մեկը: Երբ ունեցա ՍԻՄ-ի ներկուսակցության հեղաշրջման հետ կապված անձնական բարդություններ ու պարտադրված էի ժամանակավոր դադար վերցնել, զրպարտության թիրախ դարձած իմ անմիջական կողմնակիցներից առավել ապավինել եմ ժողովրդի իմաստությանն ու մամուլի անաչառությանը: Դա է պատճառը, որ չորսամսյա լռության ընթացքում կազմել ու համացանցում տեղադրել եմ խնդրին առնչվող տպագիր եւ էլեկտրոնային մամուլի ինձ հասանելի հրապարակումների լիարժեք ցանկը ( http://groups.google.com/group/SIM_problem/web եւ sim-problem.narod.ru ), խնդրել եմ բոլորին օգնել այդ ցանկը ամբողջական դարձնելու գործում: Մի քանի անգամ «Փակագծի» լրագրողին ափսոսանքս եմ հայտնել այն մասին, որ «Փակագիծ» էջ-կայքը չի գործում եւ այդ պատճառով նրա հրապարակումներին իմ հղումները գուցե ամբողջական չեն: Լինելով «Իրավունքի» հիմնադիրներից եւ մշտական ընթերցող, համոզված եմ, որ լրագրողն ու լրատվամիջոցը միշտ հնարավորություն ունեն` մնալով անկողմնակալության եւ լրագրողական էթիկայի շրջանակներում, իրենց ընթերցողին փոխանցել սեփական համակրանքն ու հակակրանքը որեւէ անձի կամ երեւույթի նկատմամբ: Այդպիսի համակրանք եմ զգացել հարցին վերաբերվող նաեւ «Փակագծի» բազմաթիվ հրապարակումներում: Մի քանի անգամ հրապարակորեն հայտնել եմ իմ գոհունակությունը հարցի վերաբերյալ մամուլի լուսաբանման աննախադեպ անաչառության կապակցությամբ, ինչը հիմնականում շարունակվում է նաեւ հիմա: Սակայն որոշ լրատվամիջոցներ, հատկապես «Փակագիծը», ՀՀ վերաքննիչ դատարանի վճռից հետո եղած իրադարձությունները ոչ թե լուսաբանում է, այլ բացի նրանից, որ միակողմանի` ամբողջությամբ հրապարակում է դավադիրների պարագլխի ելույթներն ու հայտարարությունները, այլեւ իր լրագրողների անունից վարկաբեկող ու վիրավորական գնահատականներ է տալիս իմ գործողություններին 1: Ես կհասկանայի, եթե խմբագրակազմը հիմնավոր փաստարկներով, լրագրողական էթիկայի շրջանակներում պաշտպաներ «Իրավունքի» իր գործընկերներին: Սակայն տարօրինակ է, որ «Փակագիծը» դավադիրների կողմից բազմիցս թմբկահարած «խոսքի եւ մամուլի ազատության նկատմամբ պետական տեռորի» «այս մասնակի դրսեւորումը» սեփական նմանատիպ խնդիրների հետ համապատասխան կազմակերպություններում բարձրացնելու փոխարեն ընդամենը ձայնակցում է «Իրավունքի» սեւ PR-ին1: Թեեւ զգուշավորությամբ, բայց նույն սայլին են փորձում լծել նաեւ Ranorama.am հայկական ինֆորմացիոն պորտալը 2, իսկ Lragir.am-ը, որը մինչ վերջերս աչքի էր ընկնում սույն խնդրի լուսաբանման օպերատիվությամբ, ամբողջականությամբ ու անաչառությամբ` ուղղակի լռում է: Այս «եռյակ միության» պատճառները շատերին հայտնի են, սակայն իմ առջեւ դրված խնդիրը ոչ թե կրակի վրա յուղ լցնելն է, այլ սադրանքի շրջանակների նեղացումը, ինչը թույլ կտա կարեւոր իրադարձություններից առաջ մաքրել լրատվական դաշտը սեւ PR-ի ազգավնաս ներգործությունից: 1. «Հրանտ Խաչատրյանին օգտագործում են» «Փակագիծ» #2 (2)/ 13.02.2007թ. «Կրկնակի մեղսագործը» «Փակագիծ» #2 (2)/ 13.02.2007թ. «Քաղաքական ինքնասպանություն» «Փակագիծ» #19/ 9.02.2007թ. 2. «ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ԳԱԶԻ ԶԱՊՐԱՎԿԱՅԻ ՉԱՓ ԷԼ ՉԿԱ» Panorama.am http://www.panorama.am/am/comments/2007/02/09/sim/ Ձեր` Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ