1. »Ակադեմիական` չի նշանակում թանգարանային«


Հրապարակելով ՀՀ ժողովրդական արտիստ Վահե ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ և թատերագետ-գրականագետ Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԻ երկխոսությունը` լիահույս ենք, որ նրանց արծարծած մտքերը կհուզեն արդի հայ թատերարվեստի ճակատագրով անկեղծորեն մտահոգված թատերասեր հասարակայնությանը, բեմի նվիրյալներին` հարուցելով մասսայական լրջմիտ քննարկումների անհրաժեշտության ակտիվ գիտակցություն` ի շահ մեր հնամյա թատերարվեստի արժանավայել ապագայի անսխալ կանխորոշման: - Մայր թատրոնին որպես ազգային ակադեմիական ավելի բարձր պահանջներ են ներկայացնում, քան նույն կարգավիճակում գտնվող օպերայի և բալետի թատրոնին, որն, ի դեպ, իր տեսակի մեջ միակն է: Յուրաքանչյուր նոր աշխատանք բուռն, իրարամերժ գնահատականներ է հարուցում: Ինչո՞վ եք բացատրում գրեթե համընդհանուր այս վերաբերմունքը: -Նախատրամադրվածություն ստեղծողները հիմնականում այն մտավորականներն են, ովքեր չեն կարողանում ձերբազատվել իրենց երիտասարդության տարիների ավանդական թատրոնի ստանդարտներից. «Փափազյանը չկա, Ներսիսյանը չկա, գնանք` ո՞ւմ տեսնենք»: Այս կաստայացած մտածողությունը խանգարում է և° իրենց, և° մեզ: Նրանցից ոմանք, երբ, այնուամենայնիվ, գալիս են, խոստովանում են. «Ի¯նչ լավ է, որ տեսանք... Շնորհավորում ենք, առաջին հերթին, մեզ...»: Անտարբերության սառույցը կարծես կոտրվում է: Հուսով եմ` «ձնհալն» էլ կսկսվի: Հատկապես ինձ շատ էր անհանգստացնում վերաբերմունքը Շիրվանզադեի «Պատվի համար» ներկայացման նկատմամբ: Գիտեի, որ բեմի վրա պետք է փնտրեն հանրածանոթ դրվագներ ու կերպավորումներ` Ավետ Ավետիսյանի թզբեհը քաշելը, Վարդուհի Վարդերեսյանի «հայրիկ» կանչելը աստիճանների վրա, Հրաչյայի աչքերը` թղթերը գողանալիս... Հանդիսատեսի հիշողությունը պիտի որ խանգարեր նորովի մատուցման ընկալմանը: Փառք Աստծո, շատերը մի վերաբերմունքով եկան, միանգամայն այլ տրամադրությամբ հեռացան: Երբ վերջերս ռադիոհարցազրույց էի տալիս, զրուցակիցս այնպես նրբորեն վերլուծեց «Պատվի համար»-ը, կարծես ներկա էր եղել փորձերին: Եթե դեռ գտնվում է գոնե մեկը, ով ինձ այսպես հասկանում է, ուրեմն արժե այսպես ստեղծագործել: «Պատվի համար»-ը հասկանալու համար պետք է իմանալ իմ անցած ճանապարհը 1977-ից` «Քաոս»-ից, որտեղ ինձ համար առաջնայինը երկու եղբայրների պրոբլեմն էր, նավթը` այնքանով-որքանով... Հիմա, երբ նավթը ողջ աշխարհում հզոր ուժ է դարձել, «Պատվի համար»-ը հենց դրանով պետք էր բացել: Ես բոլորովին էլ չեմ հավակնում, որ ինչ-որ անում եմ, երևույթ է: Ժամանակը կճշտի: Բայց կա ձգտումը, որպեսզի լինի ինքնուրույն մտածողություն: - Ի՞նչ է տեղի ունեցել այս 10 տարիների ընթացքում: Ամենակարևորը` թատրոնը դուրս է եկել փաստացի լուծարված վիճակից: Սա, կարծում եմ, որևէ մեկը չի կարող ժխտել... - Միշտ ասել եմ ու նորից կրկնում եմ` թատրոն ստեղծելը չափազանց դժվարին պրոցես է: Քանդելն է հեշտ: Այսօր կարելի է ասել, որ, այնուամենայնիվ, ձևավորվեց մի ուրիշ գեղագիտություն, մի նոր մտածողություն: Ես սա համարում եմ ձեռքբերում: Ակադեմիական թատրոնը չի կարող քարացած վիճակում մնալ թանգարանի նման: Հենց որ այդպիսին դարձավ, վերջացած է նրա պատմությունը: Ակադեմիական թատրոնում որևէ դասական գործի բեմադրության ձեռնարկելիս չպետք է մտածես ճշգրիտ վերարտադրել հին դարերի պատմական-կենցաղագրական վավերականությունը: Այնպես պետք է անես, որ այսօրվա հանդիսատեսը տեսնի ի°ր ապրած կյանքը: Այս առումով, կարծում եմ, որոշակի գեղարվեստական արդյունքների հասել ենք: Երբեք որևէ թատրոնում ամեն ինչ կատարյալ չի եղել, նույնիսկ իր աստեղային ժամանակահատվածում: Հետադարձ հայացք ձգենք հենց մեր թատրոնի պատմությանը: Անցյալ դարի 70-ականներին ի՜նչ քննադատական ելույթներ էին լինում, ջախջախող հոդվածներ: Նույն Աճեմյանի հասցեին, Ղափլանյանի, այսօր անգերազանցելի համարվող շատ ու շատ արտիստների... Այսինքն` անբավարարվածության զգացումը միշտ էլ եղել է: - Ասում են` թատրոն չկա: Եվ այդ կարծիքը վաղուց է արմատացել արվեստագետների որոշակի խավի մոտ, 10-12 տարի առաջ: Ըստ նրանց, այս թատրոնը դադարել է գոյություն ունենալ: - Չեմ էլ փորձի խորանալ այդ նեգատիվ մտածողության բուն պատճառների մեջ: Դա, պարզապես, ազգային դավաճանության պես մի բան է, որովհետև երբ ասում են` թատրոն չկա, նշանակում է` ազգ չկա: Չէ՞ որ մեր ազգը հայտնի է, ապրում ու հարատևում է իր թատրոնով, մշակույթով... Ես չեմ ընկճվում, աշխատում եմ ավելի կենտրոնացնել ուժերս: Իմ նկատմամբ, չգիտես ինչու, այդ նետերն ավելի սուր են: Դեռևս ինստիտուտից: Ներկայացվող պահանջները իրականում շատ հետադիմական են: Ժխտելով այս թատրոնը` չեն ընդունում որևէ ուրիշ թատրոն և հայտարարում են, թե հայ թատրոն ընդհանրապես չկա: Մարդիկ, որ 10 տարի չէին գալիս այս թատրոն, ի վերջո, դառնում են մեր լավագույն հանդիսատեսը: - Թատրոն չգալը պայմանավորված չէ՞, արդյոք, սոցիալական պայմաններով, անվճարունակությամբ, թե՞ այսօր արդեն դա որոշիչ դեր չի խաղում: - Մտավորականության առումով` խաղում է: Իսկ մասսայական հանդիսատեսը, եթե նկատի առնենք նրանց, ովքեր գնում են տարբեր շոուների` ճաշակով թե անճաշակ, կարևոր չէ... - Ով հիանում է «Խաթաբալադա»-ով, «Իմ մեղք»-ով, «Բարի գալուստ»-ով, «Պատվի համար»-ով չի կարող հիանալ: - Այդ հանդիսատեսը ֆինանսական պրոբլեմ չունի, որովհետև միանգամայն ի վիճակի է վճարել հինգից տասը հազար դրամ ու դահլիճները լցնել: Պրոբլեմ ունի միջին խավը, առավելապես մտավորականությու նը: Հավատում եմ, որ նրանց վիճակը կբարեփոխվի: Ինձ մտահոգում է մի ուրիշ բան: «Կուլտուրա» հեռուստաալիքով ցուցադրում էին «Պարոնայք Գոլովլյովները»: Ի¯նչ լավ է, որ հեռուստատեսությամբ դեռ կարելի է այսպիսի հաղորդումներ նայել: Մոսկվայի հանրահայտ Գեղարվեստական թատրոնը Օստրովսկուն մեկնաբանում էր այսօրվա տեսակետից: Ոչ արհեստականորեն` փոխելով հագուստները, ներկայիս ուրիշ ատրիբուտներ հավելելով: Նրանք երկարաձգում են Օստրովսկու կյանքը 2 դարով` հիմնական ասելիքը այսօրվա համար հասկանալի ու հրատապ դարձնելով: Եթե մենք մեր դասականներին չենք կարողանալու իրենց ապրած ժամանակաշրջանից տեղափոխել մեր օրերը, ավելի լավ է չձեռնարկենք նրանց գործերին: Բայց այդպիսով կսպանենք թե° մեր դրամատուրգիան, թե° ազգային թատրոնը: Սա° է կործանումը: Ներկա թատերագիտական միտքը դա չի կարողանում ըմբռնել: Ասպարեզում շատ քիչ թատերագետներ ունենք, թատրոնով հիմնականում զբաղվում են լրագրողները, որոնց մեծամասնությանը չի հետաքրքրում ներկայացման խորքը... - Ես պաշտպանեմ իրենց: Նրանցից պահանջում են թեթև թատերական տեղեկատվություն, առաջնախաղի անմիջական, թռուցիկ տպավորություն: Իմ դառը փորձից ասեմ: Հազվադեպ խմբագիրներ են հարգում լուրջ վերլուծական թատերախոսությունները: Թատրոնի մարդկանց կոլեկտիվ աշխատանքի պտուղը գնահատվում է սոսկ չոր ու ցամաք անդրադարձով, երբեմն` սոսկ ներկայացման որևէ տեսարանի լուսանկարով. «մետրաժային» ոչ պրոֆեսիոնալ դիրքորոշում... - Հենց դա պետք է ստիպի ներկայիս թատրոններին մտահոգվել սեփական մամուլի ստեղծմամբ` հավասարապես մատչելի անխտիր բոլոր թատերական գործիչներին, զերծ թիմային, նեղ-անձնական նկրտում ներից: Կարելի է և պետք է քննադատել, բայց այնպես, որ վերջում գրողի ստորագրությունը կարդալով` չասես. «Ա՜, պարզ է....»: Արտերկրում ներկայացումներ նայելիս մի ներքին խռովք եմ ապրում. «Երանի այս բեմադրիչներին` լիովին ազատ են իրենց ստեղծագործական տարերքում, ամենևին չեն մտահոգվում, թե իրենց կջարդեն արտասովոր մտածողության համար»: Այսօր Մոսկվայում ի հայտ են եկել նոր անուններ` Սերեբրեննիկով, Ժենովաչ, Միրզոև... Բեմադրիչներ, ովքեր նոր, հետաքրքիր մտածողություն ունեն: Այլ բան է, որ ես, էլի ուրիշներ վստահ ենք, որ կարելի էր կամ պետք էր այլ կերպ: Սա միանգամայն ուրիշ հարց է: Բայց որ դրանք արվեստի գործեր են, կասկածից վեր է: (Շարունակելի)