ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՇՈՒՆԸ


Այնպես ստացվեց, որ Համաժողովրդական շարժման ակտիվ պայքարի մասին հետայսու երևի թե գերազանցապես անցյալ ժամանակով ենք խոսելու: Համենայն դեպս, Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հոկտեմբերյան ուրբաթահավաքն իսկապես վերջինն էր… Ժամանակին իր քաղաքական վերադարձը միմիայն ժողովրդի խնդրանք-աղաչանքով պայմանավորող գործիչը, այսպիսով, շուրջ մեկ տարի առաջ, ինքնակամ ակտիվ քաղաքականություն վերադարձավ, իսկ նախորդ ուրբաթ արդեն ինքը խնդրել-թախանձելով մի քանի հազար մարդու հավաքեց Մատենադարանի մոտ ու անսպասելիորեն պայքարի ավարտն ազդարարեց: Եվ չնայած խոստմանը, թե ինչ-որ ժամանակ հետո` ավելի բարենպաստ իրավիճակ ստեղծվելու դեպքում, միտինգաշարերը վերսկսվելու են, այնուամենայնիվ ակնհայտ է, որ այս կիսախոստումը ընտրազանգվածին կատարելապես չհիասթափեցնելու կամ, ինչպես ժողովուրդն է ասում, վատ լուրը կամաց-կամաց ներկայացնելու նպատակին էր ուղղված: Այլ հարց է, որ հեռանկարների մատուցման տեխնիկական դժվարություններով հանդերձ` Լ. Տեր-Պետրոսյանի ծրագրերում դարձյալ իրատեսությունն է հաղթել: Ու այստեղ էլ այլևս երկրորդական է ակտիվ քաղաքական պայքարը շարժման գործունեության սառեցմամբ փոխարինելու իրողությունը: Ի վերջո, նախորդող հանրահավաքին հաջորդած միջանկյալ ժամանակահատվածը առաջին Նախագահը լավագույնս օգտագործեց` ստեղծված իրավիճակը «քննել-զննելու»: Համենայն դեպս, կայացված որոշումը ստեղծված փակուղային իրավիճակում լավագույնն էր: Իսկ այն, որ ինչ-որ ժամանակ անց ինչ-որ նոր բան մտածելու ակնարկն էլ արվեց, արդեն իսկ ցանկալի երաշխիքներ է ստեղծում առաջին Նախագահի համար` մինչև վերջ պայքարելու խոստումը դրժելու առիթով իրեն ուղղվելիք մեղադրանքներից խուսափելու հարցում: Ոչ Լ. Տեր-Պետրոսյանից, ոչ էլ թիմից առանձնակի քաղաքական հոտառություն չէր պահանջվում` կռահելու Նախագահի նախորդ ընտրություններին հաջորդած սցենարի կրկնության հավանականությունը: Ասել է թե` ևս մի քանի հանրահավաք, և Համաժողովրդական շարժում կոչվածի համակիրների թիվն արդեն երևի տասնյակներով էր հաշվվելու: Իսկ այս պարագայում լիովին օրինաչափ է, որ հիասթափության ու հուսահատության մեծագույն չափաբաժինը ոչ այնքան առաջին Նախագահինն ու թիմինն են, ովքեր դեռևս չէին հասցրել ձանձրանալ Լ. Տեր-Պետրոսյանի ուրբաթահավաքների դասախոսությունների ունկնդիրը լինելուց: Հասունացող փակուղու համար, որը ինչ-որ պահից թիմին անխուսափելիորեն պայքարը սառեցնելու խնդրի առաջ էլ կանգնեցնելու, փոքր դերակատարություն չունի նաև ինքը` Լ. Տեր-Պետրոսյանը: Ի վերջո, ժամանակին նա ամենայն ինքնավստահությամբ շատ կոնկրետ խոստումներ էր տալիս, սակայն իրերի ընթացքը ամենալավատեսներին անգամ աստիճանաբար բոլորովին այլ իրականության ականատեսը, վկան և կամ մասնակիցը դարձրեց: Իսկ վերջին հանրահավաքում պայքարը դադարեցնելու մասին արմատականների ոչ վաղ անցյալի քաղաքական կուռքի հայտարարութ յունը թնդացող սուլուցներով չուղեկցվեց միայն այն բանի համար, որ գլխավոր բանախոսը խոստացավ գոնե հայտնի իրադարձություններից հետո ձերբակալվածների ազատ արձակման հարցում շարունակել հետևողականություն ցուցաբերել: Իսկ ինչ-որ ժամանակ ինչ-որ բան նոր էջից սկսելու համար տևական դադարը այդպես էլ չկայացած փետրվարյան հեղափոխության հետևանքները սրբագրելու նպատակին գոնե արժե ծառայեցնել: Հ. Գ. Իր ծավալուն ելույթն ամփոփելիս, այս անգամ Լ. Տեր-Պետրոսյանը հորդորեց չշտապել եզրակացություններ անել: Անսալով այդ կոչին` բուն ելույթին այդպես էլ չենք անդրադառնում: Սակայն մի շատ կարևոր նկատառում, այնուամենայնիվ, չարժե շրջանցել. եթե նշվում է, թե պետականությանը սպառնացող ինչ-ինչ աշխարհաքաղաքական մարտահրավերներ են արմատականներին ստիպում շարժման սառեցման որոշմանը հանգել, ուրեմն երբեմնի մարող-մարած պայքարը հետայսու թերևս միայն հետևանքների շտկման խնդիրը պետք է համարի առաջնահերթ: Հետևանքներ, որոնք մեծ վերքեր են թողել, և դրանց սպիացումը երկար ժամանակ է պահանջելու: