ՀԱ՞ ՈՐ...


Հայրենի խորհրդարանականներն այնքան են շտապում օրենսդիր մարմնի խաթարված հեղինակությունը բարձրացնելու, որ, ըստ երևույթին, չեն էլ մտածում նույնիսկ այդ նպատակին հասնելու միջոցների ընտրություն կատարել: Քիչ ժամանակ է անցել այն օրից, երբ առաջարկվեց Ազգային ժողովի բակում եկեղեցի կառուցել: Հետո հավանաբար խորհրդարանականները հասկացան, որ եկեղեցում Աստծուց մեղքերի թողություն խնդրելուց ավելի քրիստոնեավայել է պարզապես նման մեղքեր չգործել: Եվ քանի որ հասուն տարիքում դժվար է միանգամից վերափոխվելը (առավել ևս մանդատավորների դեպքում), թերևս կարելի է մեղքերի չափաբաժինը փոքրացնել, իսկ հների համար սկզբնական շրջանում կարելի է նաև արդեն գործող եկեղեցիներ հաճախել: Ու քանի որ ավելի ու ավելի քիչ մեղքեր գործելու կամ դրանք Աստծուց էլ անտես անելու պայմանն Ազգային ժողովում (թեկուզև առանց քվեարկության) արդեն հավանութ յան է արժանացել, մեր սիրելի երեսփոխանները վերափոխումները սկսել են հենց խորհրդարանի շենքում, հենց առաջին հարկից: Այսպես, հավանաբար հարկային բարեշրջում ների նոր պահանջներով առաջնորդվելով` խորհրդարանի բուֆետում վերջերս ՀԴՄ է տեղադրվել: Փաստն ինքնին ուրախացնող է, քանի որ մի կողմից հարկային տեսչությունը գիշեր ու զօր արդեն գործող և տեղադրվելիք ՀԴՄ-ների քանակների մասին թվեր է հրապարակում, մյուս կողմից էլ, ստացվում է, որ հայրենի խորհրդարանում (տվյալ դեպքում` այնտեղից, որտեղից պետք է սկսվեր այդ գործը) մինչև հիմա անօրինական առևտուր էր կազմակերպվում: Ճիշտ է, հիմա էլ չար լեզուներն ասում են, թե այդ արկղիկները դեռևս լիարժեքորեն չեն գործածվում, այսինքն գնված խաչապուրու համար կտրոն տրամադրվում է, բայց լիմոնադի դեպքում ոչ միշտ է այդպես, սակայն մեծ հաշվով լավ է հարկային պարտավորությունները գոնե մասնակիորեն կատարել, քան առհասարակ հրաժարվել այդ կարևոր անելիքից: Պակաս ուշագրավ չէ նաև, երբ «երկու երանի»-ն տվյալ դեպքում խորհրդարանում են մեկտեղվում: Այսպես, մինչ աշխարհը տնքում է պարենային ճգնաժամի ու դրա գնաճի հոգսից, Ազգային ժողովում վաճառվող եղած-չեղածն անսպասելիորեն էժանացվել է: Հավանաբար ժամանակին մտածել են, թե պատգամավորները այսպես թե այնպես հարուստ մարդիկ են ու այնպիսի կարևոր գործի համար, ինչպիսին սնվելու կենսական պահանջն է, չեն զլանա մի քանի հարյուր դրամ ավել վճարել: Սակայն, ինչպես հայտնի է, խորհրդարանը նաև հսկայական աշխատակազմ, իսկ որ մեզ համար ավելի կարևոր է` օրենսդիր հաճախող լրագրողական հսկայական բանակ ունի, ովքեր, բնականաբար, պատգամավորների նման շռայլ լինելու հնարավորությունը չունեն: Սրանով հանդերձ` հետարքիր է նաև այն իրողությունը, որ փաստորեն, ՀԴՄ-ն կիրառել սկսած ու վաճառվող ապրանքների գներն իջեցրած խորհրդարանական բուֆետը, այսպիսով, եթե հետայսու էլ է շահույթով աշխատելու, ապա մինչև հիմա գերշահույթներ է ստացել: Ա¯յ քեզ «օրենսդրային» բիզնես… Իսկ ընդհանրապես գերշահույթ կոչվածը մեր պատգամավորների մեծամասնության գործունեության ավանդական բաղադրիչներից է: Ակնկալիքները եթե մեծ չլինեն, այս մարդիկ կարող է նաև ընդհանրապես հրաժարվեն տնտեսական գործունեություն ծավալելուց: Հանրությունը այստեղ ոչնչով էլ չի տուժի, բայց մինչ այդ խիստ ուշագրավ բացահայտումներ է արել Պետեկամուտների կոմիտեն: Սե°ղմ ներկայացնենք. շրջելով սուպերմարկետներում, որոնց մի մասն էլ պատգամավորների է պատկանում, հարկայինի աշխատակիցները մի քանի ժամ հերթապահելուց հետո առևտրի գրանցված ծավալները համեմատել են նախորդ օրերի համանման տվյալների հետ: Եղել են դեպքեր, երբ տնտեսվարողը 100 անգամ ավելի քիչ շրջանառություն է արձանագրել: Մեկնաբանություններ պե՞տք են… Իհարկե° ոչ: Պարզապես նշենք, որ հենց այսպես էլ շարունակում ենք ապրել: