ՀՀ ԱԺ Կրկնակի աճապարարությո՞ւն


Ինչ խոսք, ողջունելի է, որ Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը սկսել է մտահոգվել ազգընտիրներիս «սոցիալական խնդիրներով» և, ի պաշտպանություն նրանց գրպանների պարունակության, հրահանգել է խորհրդարանի բուֆետում սննդամթերքի գների 30 %-ով իջեցում կատարել: Մի կողմից, եթե խոսքը արհեստականորեն ուռճացրած գների մասին է, և այդ քայլով ընդամենը վերացվել է եղած խաբեությունը, ապա զարմանալի է, որ ժողովրդի ընտրյալներն են թույլ տվել` իրենց խաբել: Էլ ի՞նչ խոսք կարող է լինել ընտրողներին խաբեություններից պաշտպանելու մասին. չէ՞ որ նրանց քվեով Ազգային ժողովում հայտնվելով, նրանք նաև խաբվածների շահերը պետք է պաշտպանեն: Մյուս կողմից էլ, ինչո՞ւ նույն սկզբունքով գների նվազեցման, այսպես ասած, բարիքից օգտվելու հնարավորություն չեն ընձեռում քվեատուներին, ովքեր, ի դեպ սոցիալական պաշտպանվածության ավելի մեծ կարիք ունեն: Առակս զի՞նչ ցուցանե. եթե Ազգային ժողովի նախագահը փորձում է սիրաշահել իր գործընկերներին, ապա նույն հաջողությամբ չարժե՞ նրանցից շատերին` խոշոր ներկրողներին ու արտադրողներին, հրահանգել` իրենց գերշահույթի հաշվին իջեցնել գոնե լայն սպառման առաջին անհրաժեշտության ապրանքների գները` այդ կերպ ոչ թե սոսկ սիրաշահելով, այլ իսկապես օգտակար լինելով հարազատ ժողովրդին: Հ. Գ. Ի դեպ, խորհրդարանականներն էլ երկար չվայելեցին զեղչային արտոնությունից օգտվելու պատեհությունը. շատ շուտով պարզ դարձավ, որ հայրենի խորհրդարանի բուֆետում էլ սեփական գրպանը պաշտպանելու ձևեր գիտեն: Ի մասնավորի` փոքրացվել է մատուցող ճաշատեսակների չափաբաժինը: Կարծես թե աճպարարությունը համակողմանիորեն հաջողվել է:

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ