Ժողովրդավարություն` ադրբեջանական ձևով


Անցյալ շաբաթ հայտնի դարձան Ադրբեջանի նախագահի ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ դրանց, ընտրություններին, իբր, մասնակցել է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 75 տոկոսից ավելին: Գործող նախագահ Իլհամ Ալիևի օգտին, իբր, քվեարկել է մասնակիցների շուրջ 90 տոկոսը: Այս թվերն այնքան ահռելի են, որ կամա-ակամա ուզում ես բացականչել` ա¯յ թե «նկարել» են: Մանավանդ, Ադրբեջանի 4 խոշոր ընդդիմադիր կուսակցությունների համակարգող խորհուրդը քաղաքական որոշում էր կայացրել` նախագահի ընտրությունները բոյկոտելու մասին և կոչ էր արել բնակչությանը` հետևել իրենց օրինակին: Այդ նույն համակարգող խորհրդի տվյալներով` ժողովրդի բացարձակ մեծամասնությունը, որն անասելի դժգոհ է ալիևյան կլանի կառավարումից, այդպես էլ վարվել է` ընտրությունների մասնակիցների թիվը չի գերազանցել ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 20 տոկոսը: Այսինքն, ընտրություններն իրականում չեն կայացել, դրանց մասնակիցների թիվը չի գերազանցել քվեարկության իրավունք ունեցողների 50 տոկոսը: Հետևաբար, իրենց իսկ ընտրական օրենքի համաձայն, նախագահի ընտրությունը պետք է համարվեր չկայացած և պիտի հայտարարվեր նոր ընտրափուլի սկիզբը: Հնարավո՞ր էր այդպիսի սցենար: Եթե Ադրբեջանը իսկապես ժողովրդավարական երկիր լիներ, անշուշտ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հենց այդպիսի որոշում կընդուներ` նախագահի ընտրությունը կհայտարարեր չկայացած: Սակայն ԿԸՀ-ն, ինչպես ցանկացած այլ բռնատիրական երկրում, կատարում է գործող բռնակալի ցանկացած քմահաճույք, ստրկահաճորեն «օրինականացնում» է գործող իշխանությունների ցանկացած խարդախություն: Ահա նույնն է արել նաև Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` աչք է փակել ընտրությունների ոչ լեգիտիմության վրա: Չի «տեսել» և չի արձանագրել նաև բազմաթիվ ընտրախախտումներ` քվեատուփերի անամոթ ու գրեթե բացահայտ լցոնումները, ընտրատեղամասերի «կարուսելները», քաղաքացիներին, իրենց կամքին հակառակ, ընտրատեղամասեր քարշ տալը, բուն ընտրությունների օրն իսկ քաղաքացիներին ճնշումների ենթարկելը և հօգուտ Իլհամ Ալիևի քվեարկելու պարտադրանքները… Այս և շատ այլ խայտառակ երևույթների թվարկումները կան ադրբեջանական ընդդիմադիր մամուլի էջերում, ինտերնետային կայքերում, քաղաքական լիդերների ու գործիչների հետընտրական հայտարարություններում: Որ դրանք անտեսանելի և անհասանելի են եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աչքերին ու ականջներին` ամենևին զարմանալի չէ: Զարմանալին այն է, որ նման հավկուրություն են ցուցաբերում նաև հարյուրավոր միջազգային դիտորդները, միջազգային կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչները: Նրանք, բա չե¯ք ասի, ուղղակի «հիացած» են ադրբեջանական ժողովրդավարության այդ «փայլուն» դրսևորմամբ: Այդ առթիվ արտասահմանյան դիտորդների առաջին, համարյա թե հիացական արձագանքները ուղղակի սրտխառնուք են առաջացնում: Լավ, ասենք թե նրանք իրոք օրինախախտումներ «չեն տեսել», բողոքներ «չեն լսել», կամ պարզապես չեն ուզեցել արձանագրել: Ընդունենք, որ Ադրբեջանի հողի վրա ոտք դնելուն պես բոլորը, կամ համարյա բոլորը, միաժամանակ կուրացել են ու խլացել: Միգուցե համաշխարհային բժշկագիտությանն առայժմ անհայտ այդպիսի համաճարակ նույնպե՞ս գոյություն ունի. ո՞վ իմանա: Բայց որ միաժամանակ բոլորն իրենց վերլուծական ընդունակությունը կորցնեին` քիչ հավանական է: Այդ դեպքում ինչո՞վ բացատրել, որ ոչ մեկն ինքն իրեն նեղություն չի տվել պատասխանելու մեն-մի հարցի` ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանի գործող նախագահին իբրև թե «մրցակից» մյուս վեց թեկնածուները միասին հավաքեցին 10 տոկոսից պակաս ձայն: Այդ ի՞նչ զարմանալի և մանավանդ` «օրինակելի» ժողովրդավարություն է, երբ ընտրություններում երկրորդ տեղը գրաված թեկնածուն 25-30 անգամ պակաս ձայն է հավաքում, քան հաղթողը: Շեշտում ենք` ոչ թե 25-30 տոկոսով, ինչը նույնպես չափազանց անհավատալի տարբերություն կլիներ, այլ` 25-30 անգամ պակաս ձայն: Մի՞թե պարզ չէ, որ այդպիսի ահռելի տարբերությունների դեմ չբողոքող մյուս 6 թեկնածուները իրականում ոչ թե գործող նախագահի մրցակիցները, այլ` խամաճիկները, դրածոներն են եղել: Նրանք «խաղի մեջ են մտել» հենց գործող նախագահի հորդորով` ընտրություններին «այլընտրանքայնության» պատրանք հաղորդելու և այդ ընտրաֆարսին կեղծ ժողովրդավարության շուք տալու համար: Առավել նողկալի է, երբ այս աշխարհի հզորները ձևացնում են, թե իրենք նույնպես բանական մտածելու ընդունակությունը կորցրել են և հավատո¯ւմ են Ալիև կրտսերի` «ազատ և ժողովրդավարական ընտրություններում հաղթելու» հեքիաթին: Այդ փարիսեցիությունը աներկբայորեն ապացուցում է, որ նույն հզորները, ովքեր համանման պարագաներում չեն հապաղում «համաշխարհային ազատության ու ժողովրդավարության առաջամարտիկի» քղամիդ հագնել ու աշխարհով մեկ աղմուկ-աղաղակ բարձրացնել, թե տվյալ նախագահի լեգիտիմությունն իրենց համար առնվազն հարցական է կամ անհամոզիչ, իրականում «թքած ունեն»` Ադրբեջանի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները պահպանվու՞մ են, թե՞ ոչ: Նրանց համար գլխավորն այն է, որ Իլհամ Ալիևը մինչև այժմ հլու-հնազանդ կատարել է իրենց հրահանգները: Այս աշխարհում քաղաքական եղանակ ստեղծողները միանգամայն վստահ կարող են լինել նաև, որ Ադրբեջանի նախագահը, մարդու ձեռնասուն բարեկամի պես, այսուհետ ևս որևէ կերպ չի ընդդիմանա իրենց աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերին: Այդ հլու-հնազանդության դիմաց նրանք ինդուլգենցիա են տվել Իլհամ Ալիևին` ամեն տեսակ ընտրական խեղկատակությունների գնով պահելու սեփական աթոռը, չվախենալով դրսի աջակցությամբ հրահրված «գունավոր հեղափոխություններից»: Իսկ դրսի երաշխավորությունն ստացած Ալիև կրտսերին ամենևին հարկ չկա սովորեցնել, թե ինչպե՞ս հնազանդության մեջ պահի սեփական հպատակներին: Հոր տղան չէ՞` արևելաասիական ճնշումների, կեղծիքների ու շողոքորթությունների հրաշալի «դպրոց» անցած: Ահա, հոկտեմբերի 18-ի երեկոյան նախագահի նստավայրում կազմակերպվել էր Ադրբեջանի «վերընտրված նախագահ» Իլհամ Ալիևի և ոմն «չոբան Շովքեթի» հանդիպումը: Այդ հովիվն, իբր, նրա հանգուցյալ հոր` Հեյդար «Բաբայի» ընկերն է եղել: Կարակուլե ավանդական փափախով այդ «ընկերը», որպես ժողովրդի ներկայացուցիչ, իբրև թե «իր սրտի անկեղծ մղումով եկել էր թանկագին նախագահին շնորհավորելու»: Նախագահի աշխատասենյակի շքեղության մեջ փափախավոր այդ չոբանի ներկայությունն ուղղակի գրոտեսկային էր… Վա՜յ այն նախագահին, ով այդ կարգի էժանագին ներկայացումներով է փորձում լեգիտիմություն հաղորդել սեփական իշխանությանը: Եվ երիցս վա¯յ այն ժողովրդին, որի ներկայացուցիչները…նման ներկայացումներում խաղացող չոբան Շովքեթներն են…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ