Հարավային Կովկասը` եռացող կաթսա


Եկող տարի` 2009 թ., Թուրքիան տեղ կզբաղեցնի Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում: ՄԱԿ-ում դրա օգտին քվեարկել է 151 երկիր: Իսկ դրանում թերևս քիչ դեր չունեցավ Կովկասում անվտանգության պլատֆորմ ստեղծելու Անկարայի առաջարկությունը, ինչպես նաև` նախագահ Գյուլի այցելությունը Երևան: Եվ չնայած` ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայ դիվանագիտությանը հորդորում էր թույլ չտալ, որ միջազգային հանրության մեջ կարծիք ձևավորվի, թե Թուրքիան օժանդակում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն, Թուրքիային կարծես հաջողվեց ընդհանրապես հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու ջատագովի իմիջ ստեղծել: Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանն ասել է, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ընդգրկվելը կարևոր քայլ է` Եվրամիություն տանող ճանապարհին: Վերը նշվածը հաստատում է, որ Հայաստանի հետ սկսած ֆուտբոլային դիվանագիտությունն առավել օգտակար է եղել Թուրքիայի համար, համենայնդեպս` առայժմ: Այս ամենի մեջ, թերևս, նաև նկատելի է ամերիկյան ինչ-ինչ ծրագրերի ձախողումը: Քաղաքական որոշ վերլուծաբաններ իրավացիորեն նկատել են, որ ռուս-վրացական պատերազմ հրահրելով, Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդել հակասություն առաջացնել ուժային երեք կենտրոնների` Եվրոպայի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև` միմյանցից հեռացնելով նրանց: Սակայն, Եվրոպան պատժամիջոցներ չկիրառեց Ռուսաստանի հանդեպ, իսկ Թուրքիան Կրեմլին առաջարկեց միասին Կովկասում անվտանգության պլատֆորմ ստեղծել: Նաև նշենք, որ մինչև վերջերս Սարկոզի-Մեդվեդև համաձայնագրի կետերի իրականացման ընթացքն էին Վրաստանում ստուգում Եվրամիության դիտորդները: Այսինքն, այս ամենը կարծես խոսում է Հարավային Կովկասի տարածաշրջա նից ԱՄՆ-ը դուրս մղելու մասին: Եվ այդ հարցում համագործակցում են Մոսկվան ու Անկարան: Իսկ թե այդ համագործակցությունն ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, առայժմ դժվար է կռահել: Բոլոր դեպքերում կա մի հանգամանք, որը մտորելու տեղիք է տալիս: Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր է: Մյուս համանախագահների հետ ՌԴ-ն միշտ համակարծիք է եղել և իր քաղաքականությամբ նպատել է ղարաբաղյան հակամարտության սառեցմանը: Բայց այժմ ըստ էության Կովկասում նոր իրավիճակ է ստեղծվում, և ԱՄՆ-ի ներկայության ու ազդեցության թուլացման միտումը բացահայտ է: Բազմիցս փաստվել է, որ Մինսկի խմբի ձևաչափը թույլ չի տալիս, որպեսզի Ղարաբաղի խնդիրը աշխարհի հզորներից որևէ մեկի շահարկման առարկան դառնա: Իսկ տարածաշրջանում Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի դիրքերի թուլացումը չի՞ վտանգի Մինսկի խմբի ձևաչափը, չի՞ խաթարի Ղարաբաղի հարցում համանախագահ երկրների շահերի հավասարակշռությունը: Այս խնդիրը սրվում է հատկապես Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Կովկասի համար թեժացող պայքարի ֆոնին: Ստանալով Անկարայի աջակցությունը, Կրեմլը չի՞ փորձի օգտվել տարածաշրջանում Սպիտակ տան դիրքերի թուլացումից, և արդյո՞ք աշխարհի հզորների ատամների կրճտոցից հերթական անգամ չի տուժի Հայաստանը: Իսկ Կովկասում ուժերի վերադասավորումը օր-օրի կարծես իրեն զգացնել է տալիս: Այսպես, ըստ պաշտոնական Թեհրանի` հոկտեմբերի 13-ին իրանական գազն արդեն պետք է հոսեր Հայաստան: Սակայն ՀՀ արտգործնախարարությունում ասում են, թե Հայաստանը Իրանից գազ կստանա, երբ դրա կարիքը լինի: Ստացվում է, որ իրանական գազն այլընտրանքային էներգակիր է Հայաստանի համար` ռուսական գազի համեմատությամբ: Իրանի գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի և Հունաստանի միջոցով: Իսկ Ռուսաստանը Եվրոպայի օգտագործած գազի հաշվեկշռում բավական մեծ բաժին ունի` մոտ 40 տոկոսի մատակարարն է: Այսինքն, իրանական գազը կարող է եվրոպական շուկաներում մրցակցել ռուսականի հետ: Վերջերս Երևանում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը, ի թիվս այլ հարցերի, կարևորեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորանմ հարցում Մինսկի խմբի ձևաչափի պահպանումը: Սակայն Երևանում մինչ օրս կարծես ոչ ոք թերահավատորեն չի արտահայտվել Մինսկի խմբի ձևաչափի մասին: Ուրեմն, կարելի է եզրակացնել, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ինչ-ինչ մտավախություններ ունի այդ ձևաչափի պահպանման հարցում և գուցե ակնարկում էր մեր դեմ նշմարվող նոր մարտահրավերների՞ մասին: Համենայնդեպս, քանի գնում, իրադարձություններն ու զարգացումները ապացուցում են, որ Կովկասն այսօր եռացող կաթսա է, և աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է այս անհանգիստ տարածաշրջանի վրա: Տարածաշրջան, որտեղ բազում մարտահրավերներ են թաքնված:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ